Ժողովրդական խոսքն իզուր չի ասված

Ժողովրդական խոսքն իզուր չի ասված

Իմ հոդվածներին հետեւողները նկատած կլինեն, որ առանձնակի ջերմ վերաբերմունք չունեմ մեր, այսպես կոչված, «գլխավոր դաշնակից եւ եղբայրական պետություն» հորջորջվող Ռուսաստանի Դաշնության հանդեպ, մանավանդ՝ նրա ղեկավար Վ. Պուտինի: Եվ առիթը բաց չեմ թողնում՝ քննադատական բնույթի հոդվածներ գրելու այդ երկրի մասին: Խնդրում եմ ուշադրություն դարձրեք՝ ես ասացի, որ առիթը բաց չեմ թողնում, ինչն ինքնին նշանակում է , որ չեմ տառապում կույր ռուսաֆոբիայով: Կա առիթ` կգրեմ, չկա՝ «դա, ի չյորտ ս նիմի»՝ ըստ իրենց լեքսիկոնում ընդունված թեւավոր խոսքի:

Իսկ հիմա անդրադառնամ առիթին: Ռուսաստանյան մեդիան արդեն մի շաբաթ է, ինչ նախանձելի ջանասիրությամբ հիշեցնում է, որ ՌԴ կառավարության որոշմամբ օգնություն է տրամադրվել, եւ վարակի վտանգի նվազեցմանն ուղղված մի շարք աշխատանքներ են կատարել այլ երկրներում: Աջակցությունից օգտվել են, օրինակ, Սերբիան, Չինաստանը, Իտալիան, անգամ քաղաքական հակառակորդ հանդիսացող ԱՄՆ-ն: Ներգրավվել են ԶՈՒ եւ ԱԻՆ օդային տրանսպորտը եւ տեխնիկան:

Նման փիառ քայլերը մի պետության կողմից, որտեղ կա պանդեմիայով պայմանավորված բավականին լուրջ իրավիճակ, մեղմ ասած՝ կարելի է ընդունել երախտագիտության արցունքներով, բայց շարժառիթները հո հասկանալի են: Նրանց խելացի գլուխները մտածել եւ որոշել են, որ գոնե ինչ-որ չափով կարելի է օգուտ քաղել համատարած վնասաբեր ֆոնին, որոշակի դիվիդենտներ շահել, նոր դաշնակիցներ գտնել կամ հների հետ հարաբերությունները բարելավել:
Համաշխարհային հանրության աչքին նոր՝ ավելի մարդասեր երկրի կերպարին ձգտող Ռուսաստանին հիմա օդի ու ջրի պես անհրաժեշտ է, որ իրեն ընկալեն այլ կերպ՝ դրական լույսի ներքո, որը զգալի խամրել էր Ղրիմի բռնակցումից հետո: Գիտակցելով, որ կորոնավիրուսի պանդեմիան անխուսափելիորեն դաժան հարված է հասցնելու տնտեսությանը, որը չէր հասցրել ուշքի գալ տնտեսական պատժամիջոցներից, անհրաժեշտ է պետությունների ղեկավարների մակարդակով դրական տրամադրել իր հանդեպ, այդ ձայները կարող են նպաստել միջազգային հարթակներում ի նպաստ ՌԴ-ի կայացվելիք որոշումներում: Մանավանդ որ Կրեմլն արդեն իսկ առաջարկությամբ դիմել է՝ իր վրայից միակողմանի հանել տնտեսական պատժամիջոցները:
Եվ այսպես․ մի կողմից ունենք «բարի եւ սրտացավ» (սեփական քաղաքացիներին օտար պետությունում անտեսող, բայց ոչ սահմանակից Իտալիայի փողոցներն ախտահանող) Ռուսաստան եւ մյուս կողմից՝ անպատասխանատու, շահամոլ, պատեհապաշտ ԱՊՀ եւ ԵԱՏՄ գործընկեր ու «դաշնակից»:

Գործընկեր, որն այս ծանր տնտեսական ժամանակահատվածում չի խորշում տարածաշրջանում «միակ եւ հուսալի դաշնակցին» մատակարարվող գազի գինը բարձրացնելու հայտ ներկայացնելուց: Անձամբ ես, մեծ հաշվով, թքած ունեմ Կրեմլի օգնության վրա, քանի որ առավել քան համոզված եմ, որ նման օգնությունները հետո մեր քթից տասնապատիկով են հանելու, բայցեւայնպես, առաջանում են հարցեր։ Զորօրինակ.

• ի վերջո, մեր ինչի՞ն էր պետք ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի կամ ԵԱՏՄ-ի նման կառույցին անդամակցելը, երբ նման տնտեսական ծանր կացության մեջ հայտնվելով՝ մենք մեր գլխի ճարը միմիայն ինքներս պետք է տեսնենք: Լավ, իսկ ո՞ւր մնացին տնտեսական համագործակցության եւ փոխօգնության տարատեսակ պայմանագրերը, ո՞ւր մնաց ճգնաժամային իրավիճակներում միմյանց սատարելու գործիքակազմը (այլ ոչ թե թիկունքից գազային հարված հասցնելը):
• Ես չեմ ասում՝ մեզ տոննաներով օգնություն տան, բայց հո կարող էին 102-րդ ռազմաբազայի ՌՔԿՊ ստորաբաժանումների ուժերով Գյումրու փողոցներն ախտահանել, թե՞ այդ ռազմաբազան ի վիճակի է միայն քաղաքացիական անձանց գնդակահարել եւ անպաշտպան գյուղի փողոցներում կրակահերթեր տալով՝ անցնել: 
• Ի վերջո, ԵԱՏՄ կառույցի առաքելությունը ո՞րն է, կառույցը ծառայեցնել բացառապես ՌԴ շահերի՞ն:
• Ո՞ւր մնաց տնտեսական համագործակցությունը, որտե՞ղ են ճգնաժամային լուծումները, ցամաքային փակ ճանապարհներին այլընտրանքները:
Մի խոսքով, ունենք այն, ինչ ունենք, եւ դրա միակ մեղավորը մենք ենք: Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ պանդեմիան, այլ մենք՝ մեր նախորդ ու ներկա կառավարությամբ, մեր օտարապաշտությամբ, մեր քաղաքական եւ տնտեսական կարճատեսությամբ, քաղաքական պատեհապաշտությամբ, հանդուրժողականությամբ եւ անբացատրելի հարմարվողականությամբ:
Ժողովրդական խոսք կա, որ իզուր չէ ասված․ «Բաց քամակիդ սկի ախպերդ ա ուզում եղինջով լաշի»: Էլ ուր մնաց Ռուսաստանի նման «բարեկամը»:

Կարեն ՄԵԼՅԱՆ