Էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների պատճառը հայտնի է

Էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների պատճառը հայտնի է

Հայաստանում էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների հիմնական պատճառը գործող համակարգի մաշվածությունն է։ Այս մասին սեպտեմբերի 20-ին Ազգային ժողովում «Էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտի ժամանակակից հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով լսումների ժամանակ ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

Նրա խոսքով՝ ռեսուրսները, որոնք պետք է հատկացվեին սպասարկման ոլորտում աշխատելու համար, օգտագործվել են այլ նպատակներով։ 2016-2023 թվականներին նախատեսված են եղել 233 մլրդ դրամի ներդրումներ։ «Ի՞նչ է տեղի ունեցել փաստացի։ Գրեթե պահպանվել են 7 տարվա ներդրումների ծավալները՝ մոտ 230 մլրդ դրամի ներդրումներ իրականացվել են։ Սպասարկման որակի ցուցանիշների բարելավման ուղղությամբ 50 տոկոսով ավելի քիչ ներդրում է իրականացվել։ Այսինքն՝ սպասարկման որակի բարելավմանը 65 մլրդ դրամով ավելի քիչ ներդրում է ուղղվել։ Կան օբյեկտիվ պատճառներ, դա նոր սպառողների միացումն է։ Ընդ որում` նոր սպառողների միացման համար նախատեսված է եղել մոտ 28 մլրդ դրամ, բայց տնտեսության ավելի արագ զարգացման, կառուցապատման ավելի արագ տեմպերը հաշվի առնելով՝ այս թիվը գերազանցվել է մոտ 39 մլրդ դրամով»,- ասաց Բաղրամյանը։

Նա հավելեց․ «Մեր կարծիքով՝ ամենամեծ խնդիրը, որն այսօր ունենք հոսանքի հաճախակի անջատումների ոլորտում, համակարգի մաշվածությունն է։ Փաստորեն ռեսուրսները, որոնք ուղղվում են այդ ուղղությանը, որոշակի նվազել են, քանի որ կանխատեսվող նոր սպառողների միացումներն են շատացել»։ Իրավիճակը մեղմելու ուղղությամբ, քայլեր, արվել են, բայց վերջերս։ Նախ, վերանայվել են միացման վճարները, ինչն այդքան էլ ողջունված որոշում չէր, բայց ուշացած էր։ Նոր միացման վճարները էականորեն թանկացվեցին եւ բերվեցին շուկայական այսօրվա գներին։ «Մյուս միջոցառումն այն է, որ երկարաձգվել են նոր սպառողների միացման ժամկետները, որը համապատասխան ռեսուրս պետք է առաջացներ ընկերության մոտ՝ սպասարկման որակի աշխատանքներին ուղղելու համար»