Վիրտուալ ինքնիշխանություն
ԱԺԲ-ական մեկը կա՝ մասնագիտությամբ բժիշկ: Չգիտեմ, թե որպես բժիշկ ինչ մակարդակ ուներ ժամանակին, սակայն կարող եմ ասել, որ քաղաքականությունն իր բնագավառը չէ: Եվ ինչպես կարող է լինել իր բնագավառը, եթե ռուսական հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր եռամսյակը մեկ գուժում էր Ռուսաստանի տրոհումն ու նույնիսկ կործանումը, բայց այդ երկիրը ոնց որ թե նման ցանկություն չուներ ու չէր նպաստում, որպեսզի ԱԺԲ-ականի կանխատեսումը կյանքի կոչվի: Ենթադրում եմ, որ ՀՀ վարչապետի աթոռից կառչած Փաշինյան Նիկոլն արտաքին հարաբերությունների բնագավառում առաջնորդվում էր ոչ թե սթափ վերլուծություններով, այլ նման «բժիշկ-քաղաքագետի» ու մյուս նմանների կանխատեսումներով: Հատկապես Ուկրաինայի «ժամկետանց» նախագահ Զելենսկու կողմից ՌԴ-ի Կուրսկի մարզ ներխուժելու հանգամանքով ոգևորված: Սակայն տեսնելով, որ ռազմական այդ արկածախնդրությունը սկսում է տապալվել՝ հետն էլ մեծ տարածքներ կորստի մատնելով արևմտյան Դոնբասում, թեքվում է դեպի ՌԴ-ի կողմը: Ինչը տեսնելուն օգնում են նաեւ այն արևմտյան լրատվամիջոցները, որ քչից-շատից պահպանել են իրականությունն ադեկվատ ներկայացնելու ունակությունը:
Կարծում եմ, որ իրականությունն ադեկվատորեն չընկալելու, կամ որ նույնն է՝ գունավոր ապակիների միջոցով դիտելու ընդունակությունը ձեռքբերովի է: Այն գեներացվում է «գունավոր» հեղափոխության հաջողության շնորհիվ, ինչը սովորաբար և բավական արագ ավարտվում է գույնի կորստով, այն է՝ սևացմամբ: Բայց այդ վերափոխումը տեղի է ունենում ողջ հանրության մակարդակով, քանի որ դրա ակտիվ անդամների շնորհիվ է հաղթանակում հեղափոխությունը: Դրա նման երևույթ տեղի ունեցավ թե՛ Վրաստանում, թե՛ Ուկրաինայում և թե՛ Հայաստանում: Երկարատև դեգերումներից հետո Վրաստանում խելքի եկան ու փորձում են վերականգնել երկրի ինքնիշխանությունն արևմտյան երաշխավորությունից: Ուկրաինան բռնել է անդունդ գլորվելու ճանապարհը և փորձում է իր հետ տանել ողջ երկրագույնդը: Իսկ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը ճոճանակի նման թեքվում է մե՛կ դեպի հյուսիս և մե՛կ դեպի արևմուտք՝ որքան էլ ճոճանակի համար անհնար լինի միաժամանակ այդ ուղղություններով շարժվելը:
Բայց ի տարբերություն Ուկրաինայի՝ 44-օրյա պատերազմում Նիկոլի հրամանատարությամբ խայտառակ պարտություն կրած և թուլացած Հայաստանը նույն անձի ջանքերով մնացել է միայնակ: Ուկրաինային, հիշենք, սպառազինությամբ ու ֆինանսներով աջակցում է ողջ արևմտյան աշխարհը՝ ավելի քան 50 երկիր: Իսկ ո՞ր երկիրն է աջակցում Հայաստանին: Միայն մեր հարևան Իրաննն իր հայտարարություններով: Որի հետ էլ հարաբերություններն ածանցված են վերը նշված անձի արևմտյան դիրքորոշումից: Ու որպեսզի արդարացնի դիվանագիտական տապալումները՝ այդ անձը խոսում է մեր երկրի անվտանգության երաշխավորի կողմից մեզ որպես «աշխարհաքաղաքական մանրադրամ» դարձնելու մասին: Ու այդ երևույթից խուսափելու անհրաժեշտության մասին: Իհարկե, նրանք, ում ուղղված է իր քարոզչությունը, պատկերացում չունեն, որ ավելի քան երկու տասնամյակ Ռուսաստանի հետ վերպետական միություն կազմած Բելառուսն ավելի անկախ ու ինքնիշխան է, քան Հայաստանը: Ինչի մակարդակի վիրտուալ բարձրացումից չեն հոգնում խոսել ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձն ու նրա ասուն ուսապարկերը:
Կարծիքներ