Վայր դնել քաղաքական ամբիցիաներն ու չսպասել դրսի «դաբրոներին»

Վայր դնել քաղաքական ամբիցիաներն ու չսպասել դրսի «դաբրոներին»

«Հրապարակն» այսօր գրել է, որ մոտ օրերս, գուցե հենց այսօր, կայանալու է ՀՀ երեք նախագահների` Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հանդիպումը, որին մասնակցելու է նաեւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Թեման հայտնի է` Հայաստանի ծանր իրավիճակը եւ այդ իրավիճակից դուրս գալու ելքերի փնտրտուքը: 

Այս լուրը որոշակի հույս է արթնացնում հուսահատության մեջ հայտնված հասարակության մեջ, քանի որ այս օրհասական իրավիճակից դուրս գալու ելք գտնելը փաշինյանական իշխանության ո՛չ խելքի բանն է, ոչ էլ, հավանաբար, նման մեծ ցանկություն կա: Այո, ՀՀ նախկին երեք նախագահերը պետք է միաբանվեն, խելք-խելքի տան եւ իրավիճակից դուս գալու ուղիներ գտնեն: Նրանք շատ փորձությունների միջով են անցել, շատ անելանելի իրավիճակներից են գլուխ հանել, նրանց փորձառությունն այս անգամ էլ կօգնի մեզ եւ մեր երկրին…Մնում է միայն, որ այդ միաբանությունը ստացվի, չձախողվի: 

Վերջին տարիներին նման փորձեր էլի են եղել, եղել է նաեւ 44-օրյա պատերազմի օրերին: Ինչը, սակայն, ձախողվել է տարբեր պատճառներով: Այս անգամ պետք է բացառվեն նման խոչընդոտները: Գաղտնիք չէ, որ նախկին երեք նախագահներն այնքան էլ «չեն սիրում» իրար. յուրաքանչյուրը կարծում է, որ ինքը եղել է անթերի, իդեալական ղեկավար: Իսկ Հայաստանի այսօրվա իրավիճակի համար նրանք մեղադրում են մեկը մյուսին: Մեր նախկին երեք նախագահներն էլ, իրենց բոլոր թերություններով հանդերձ, եղել են պետականամետ, բանիմաց եւ ազգային գործիչներ: Նրանցից յուրաքանչյուրն իր մեծ դերակատարումն է ունեցել ՀՀ անկախության կայացման եւ երկրի զարգացման գործում:

Իսկ այսօր ստեղծված իրավիճակի համար իրենց մեղքի բաժինն ունեն երեքն էլ. Փաշինյանը նրանց սխալների եւ հենց նրանց «ծնունդն» է, եւ հասարակությանը նրանք են հասցրել այնպիսի հիասթափության, որ մարդիկ գնացին արկածախնդիր պոպուլիստի ետեւից: Սակայն այսօր փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելու ու իրար վրա ցեխ շպրտելու ժամանակը չէ: Այսօր բոլոր նախագահները պարտավոր են վայր դնել իրենց քաղաքական ամբիցիաները եւ համախմբվել մեկ գաղափարի շուրջ. երկիրը դուրս բերել այս իրավիճակից: Ու դրա համար պետք չէ ժամանակ ձգել: Առավել եւս, պետք չէ սպասել դրսից «դաբրոների»: