Ու՞մ հետ ապագա կա Արթիկում

Ու՞մ հետ ապագա կա Արթիկում

Շուրջ 3 ամիս Հանրապետության մի շարք համայնքներում ընտրական եռուզեռ է։ Հոկտեմբերի 16-ին Շիրակի, Սյունիքի, Արմավիրի, Արագածոտնի, Տավուշի, Լոռիի մարզերում անցկացվեցին ՏԻՄ ընտրություններ։ Առավել մեծ թվով համայնքներում էլ նոյեմբերին և դեկտեմբերին են անցկացվելու ավագանու և համայնքի ղեկավարի ընտրություններ։

Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքում եւս իրականցվելու են ընտրություններ, այստեղ բնակչության քանակը գերազանցում է 4000-ը, ինչը նշանակում է, որ ընտրությունները կայանալու են համամասնական ընտրակարգով` կուսակցությունների միջեւ ընտրապայքարի ձեւով։

Սակայն իշխող ՔՊ կուսակցությունը չի կողմնորոշվում թեկնածուի հարցում։ Մեկ թեկնածուն գործող քաղաքապետ Մխիթար Վարագյանն է, հաջորդ օրը սլաքը թեքվում է դեպի նախկին քաղաքապետ Արսեն Աբրահամյան, բայց երեկ տեղեկացանք, որ ընտրությունը կանգնել է առել Անան Ոսկանյանի վրա։ Մենք զրուցեցինք հավանական թեկնածուների հետ: Գործող քաղաքապետ Մխիթար Վարագյանը որոշել է սեփական դաշինքով մասնակցել ընտրություններին։

-Պարոն Վարագյան, մասնակցելու՞ եք ընտրություններին։

- Ընտրությունների հետ կապված մենք գնալու ենք դաշինքով, ոնց մեր ժողովուրդը պահանջել է, մենք ժողովրդի հետ էլ գնալու ենք։ Որևիցե մեկի հետ չենք համագործակցելու, մենք թիմ ունենք, մեր ժողովուրդը պահանջում է, որ մենք մեր դաշինքով գնանք:

-Իսկ Ձեր դաշինքը, ո՞րն է։

-Երբ որ դաշինքը գրանցեցինք, ես Ձեզ անձամբ կզանգեմ անունը կհայտնեմ։

- Մամուլում գրվեց, որ Նիկոլ Փաշինյանը Ձեզ առաջարկ է արել, որ ՔՊ-ով մասնակցեք, Դուք մերժել եք։

-Ինձ ոչ ոք առաջարկ չի արել, ես ոչ մեկի առաջարկության կարիքը չունեմ։ ՏԻՄ ընտրությունները համապետական ընտրություններ չեն, ժողովուրդը ընտրում է իրենց համայնքի ղեկավարին, ժողովորդը ինձ բերել նստեցրել է էստեղ, հիմա էլ նորից ընտրություն պիտի կատարի, եթե լավ եմ աշխատել՝ էլի կբերի, եթե լավ չեմ աշխատել՝ ուրիշին կընտրի։

-Գրել էին, թե Դուք մերժել եք առաջարկը` պատճառաբանելով` քանի դեռ արթիկցիները գերեվարված են Ադրբեջանում, չեք համագործակցելու Նիկոլ Փաշինյանի հետ

-Չգիտեմ  էդ ով է գրել, դրա համար եմ ասում` ով ինչ ուզում է գրում է, նման բան չի եղել։

 

Մենք տեղեկացանք, որ Քաղպայմանագրի Արթիկի շտաբի անդամների և  կուսակցության ղեկավարության միջև հակասություններ են ծագել։ Արթիկցիները դեմ են կենտրոնից առաջարկվող թեկնածուին եւ բողոքում են, որ իրենց կարծիքը ոչ ոք չի հարցրել։Արթիկի ՔՊ-ականներից Նորայր Երիցյանի հետ զրուցեցինք:

Ո՞վ է լինելու Արթիկի ՔՊ կուսակցության թեկնածուն։

-Դեռ պարզ չէ, մեզ էլ ոչ մի բան չեն տեղեկացրել։ Մոտավոր տվյալներով Պեմզաշենի գյուղապետ Անանիկ Ոսկանյանն է լինելու, բայց ինչ կկատարվի մենք ոչ էլ տեղյակ ենք։

-Փաստորեն, Ձեր սրտով չէ առաջադրված թեկնածուն։

-Թիմի դիրքորոշումը քաղաքապետի թեկնածուի հարցում Արսեն Աբրահամյանն է։ Ըստ երևույթի մենք հիմա ակտիվ ենք համարվում, ընդհանրապես մեզ պաշտոնապես չեն էլ գրանցել, որ մենք որևէ խոսք ունենայինք, հաշվի առնեին։ Մեր գրասենյակը այդպես էլ չձևավորվեց, որպես կառույց տարածքայինը չկա, ըստ երևույթին, եթե մեր կարծիքը հաշվի չեն առնում, ուրեմն  որպես ակտիվ էլ գրանցել են։

-Իսկ Արսեն Աբրահամյանի թեկնածությունն ինչու՞ չեն դիտարկել, տեղեկություն ունե՞ք։

-Չէ, ոչ մի տեղեկություն չունենք։ Բուն կորիզը թիմի, ակտիվը ամբողջությամբ քվեարկել է Աբրահամյան Արսենի օգտին։

-Իսկ եթե Ոսկանյանի թեկնածությունը առաջադրվի՞։

-Թիմը ընդհանրապես իր թեկնածությունը չի պաշտպանելու։

-Իսկ կարո՞ղ է բողոքի ակցիա անեք` Ոսկանյանի առաջադրման դեպքում:

-Ոչ մի ակցիա էլ չենք նախատեսում, ամեն դեպքում էդ թիմի անդամ ենք, ու ոնց որ մենք մեր դեմ ենք դուրս գալու։

Լուրեր կային, որ ՔՊ ցուցակում է լինելու նաեւ Փանիկի գործող գյուղապետ Վարդան Մակեյանի` Պետրոս Մակեյանի եղբոր անունը։ Մենք կապվեցինք Վարդան Մակեյանի հետ:

-Պարոն Մակեյան մասնակցելո՞ւ եք ընտրություններին։

-Առայժմ չեմ որոշել մասնակցության ձևը, բայց եթե համայնքի ղեկավարներով մասնակցեն, իհարկե, որպես կոլեգաներ կմասնակցեմ, այժմ չունեմ որոշում։ Մենք միայն քննարկում ենք համայնքի ղեկավարներով։ Կուսակցական մյուս հարցերը քննարկման հարց դեռ չի դարձել:

-Մենք տեղեկություն ունենք, որ դուք առաջադրվելու եք ՔՊ ցուցակով և լինելու եք 2-րդ համարը, ի՞նչ կասեք։

-Էդ մասին, երբ, որ հրապարակվեց նոր կասեմ, եթե հիմա չկա ո՞նց ասեմ։

-Այսինքն նման հարց չի քննարկվե՞լ

 -Հնարավոր չէ նման բան, չի քննարկվել։

Արթիկի փոխքաղաքապետ Արտակ Հարությունյանը նույնպես դեռ չի կողմնորոշվել:

-Մասնակցելու՞ եք ընտրություններին, պարոն Հարությունյան:

-Մինչև ամսի 30-ը կերևա;

-Չե՞ք որոշել` մասնակցելու եք, թե ոչ։

-Որոշելը թիմը կորոշի էլի

-Իսկ, կուսակցության առումով գոնե կողմնորոշվե՞լ եք։

-Այ էդ չեմ որոշել, դրա համար չեմ կարող ձեզ պատասխանել, ընթացքում, երբ առաջադրվանք, խնդրեմ՝ զանգե՛ք, կզրուցենք։

-Ի՞նչը կարող է պատճառ հանդիսանալ, որ ընտրեք որևէ կուսակցություն կամ չընտրեք:

-Դե, պիտի ուսումնասիրեմ, չէ՞, ես անկուսակցական եմ մի հատ չուսումնասիրե՞մ  ի՞նչ ուժեր են, ի՞նչ կուսակցություններ են, ըստ դրա կկողմնորոշվեմ։

Պեմզաշեն համայնքի գյուղապետ  նույն ինքը Մանվել Գրիգորյանի սանիկ՝ Անանիկ Ոսկանյանը, որի թեկնածությունը երեկ հաստատվեց` որպես Արթիկի համայնքապետի ՔՊ կուսակցության թեկնածու, նախօրեին պատասխանելով մեր զանգին հայտնել էր, որ «Այո,՛ մասնակցելու եմ ընտրություններին», բայց շատ զբաղված է, հորդորեց` զանգահարենք մի փոքր ուշ։

Այսօր մեր զանգերը մնացին անպատասխան, ապա օգնականը պատասխանելով զանգին, նշեց, որ նա շատ զբաղված է։

Մերի Մանուկյան