Ի՞նչ աներ խեղճը
Համառությունն այս իշխանությունների ամենաբնորոշ հատկությունն է։ Բայց եթե որոշ դեպքերում համառությունը դրական հատկություն է, օրինակ՝ համառությամբ ինչ-որ նպատակի հասնելու, ինչ-որ դժվարություններ հաղթահարելու դեպքերում, ապա սեփական սխալներն ու վտանգավոր մտքերը համառորեն կրկնելու եւ առաջ մղելու իմաստով բացառապես բացասական է։ Մի ամբողջ հասարակություն, նրա փորձագիտական եւ տեղեկացված հատվածը, նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ շարունակ պնդում են, որ Արցախի ինքնորոշման հարցը մշտապես դրված է եղել սեղանին, եւ անգամ ամենավատթար, օրինակ՝ 1997 թվի առաջարկում դա միանգամայն ռեալ էր եւ իրագործելի, Նիկոլ Փաշինյանը համառորեն հակառակն է պնդում՝ հայտարարելով, որ ոչ մի շանս չկար, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։
Մարդիկ 3 տարի շարունակ ասում են, որ պատերազմը մեր տուն բերել է իշխանությունը՝ իր սխալներով ու արկածախնդրությամբ․ վատացրել է մեր հարաբերությունները դաշնակիցների հետ, սադրիչ հայտարարություններ է արել, զենքի ու սպառազինման հարցերում է սխալներ թույլ տվել, ապա պատերազմը վարելիս է ճակատագրական վրիպումներ թույլ տվել եւ ժամանակին չի կարողացել կանգնեցնել այդ արհավիրքը, Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել, որ բոլորը մեղավոր են՝ բացի իրենից։
Մեղավոր են զինվորականները, մեղավոր են դաշնակիցները՝ հատկապես Ռուսաստանը, մեղավոր են շարքային զինծառայողները, որոնք լավ չեն կռվել, պատերազմ չգնացած տղամարդիկ եւ անգամ կանայք են մեղավոր, որ չեն գնացել ու չեն զոհվել մարտի դաշտում։ Ինչ-որ միֆական մեղավորներ էլ կան՝ նրանք, ովքեր սխալ են զեկուցել իրեն եւ նրանք, ովքեր զինվորներին ասել են՝ կռիվը «ծախած ա՝ հետ գնացեք»։ Այս դավաճան, վախկոտ, չկռվող ազգի հետ ի՞նչ աներ խեղճ Նիկոլ Փաշինյանը։
Կարծիքներ