Խելահեղությու՞ն, թե՞ հին, բարի ժամանակների վերադարձի շանս

Միշտ մտածել եմ, որ կոռեկտ չէ ապրել մի երկրում և տեսակետ հայտնել, վերլուծություններ անել մեկ ուրիշ երկրի մասին, կամ քննադատել այլ երկրի իշխանություններին, խորհուրդներ տալ այդ երկրի քաղաքացիներին: Ասեմ ավելին` երբ բացակայում եմ մեր երկրից, ինձ թվում է այդ 10-15 օրվա մեջ այնքան եմ կտրվում հայկական իրականությունից, որ իրավունք չունեմ հեռվից ճամարտակել Հայաստանում կատարվող իրադարձությունների մասին: Այս տեսանկյունից, անգամ եթե կարծիք, համակրանք ու հակակրանք եմ ունեցել օտար պետության ղեկավարի մասին, խուսափել եմ հրապարակելուց: Բայց այնպես է ստացվել, որ մեր երկրի ճակատագիրն այսօր ոչ այնքան ՀՀ իշխանությունների, որքան օտար ղեկավարների ձեռքում է:
Ցավոք սրտի, գուցե Վլադիմիր Պուտինից ու Դոնալդ Թրամփից այժմ ավելի շատ բան է կախված, քան Նիկոլ Փաշինյանից, ուստի ստիպված ենք ուշադիր հետևել, թե ինչ են ասում ՌԴ և ԱՄՆ նախագահները: Եվ եթե ՌԴ նախագահը կենտրոնացած է ուկրաինական հակամարտության վրա ու այս փուլում առանձնապես քայլեր չի ձեռնարկում, ապա նորընտիր Դոնալդ Թրամփը անակնկալ անակնկալի ետևից աշխարհին է մատուցում: Արտաքին ֆինանսավորումը 90 օրով դադարեցնելու, ԿՀՎ- ն գրեթե ցրելու, USAID-ին ապամոնտաժելու որոշումներին զուգահեռ, Թրամփը նաև ներգաղթյալների, գենդերային խնդիրների հետ կապված է քայլեր ձեռնարկում: Այն պահին երբ նա հայտարարում էր, որ ինքը երկու սեռ է ճանաչում` արական և իգական, ես եվրոպական մի քաղաքում էի գտնվում և զարմանքով հետևում էի, թե ինչ ոգևորությամբ են Եվրոպայում ողջունում նրա այդ հայտարարությունը:
Աշխարհը հոգնել է միասեռականության, սեռափոխության, խտրականությունը իբրև թե մերժելու չափազանցված ու կեղծ օրակարգերից, դրա փիառից, մանուկ հասակից երեխաների միտքը պղտորելու, ազատության անվան տակ այլասերում քարոզելու փորձերից: Առաջադեմ, հանդուրժող, միասեռականների առատությունից խեղդվող Եվրոպան նույնպես հույսեր է կապում Թրամփի հետ: Նրա խելահեղության, անսպասելի որոշումներ կայացնելու և ավանդապաշտության մեջ տեսնում են հին, բարի ժամանակներին վերադառնալու շանս:
Կարծիքներ