ԼՂ-ում ռազմական գործողությունների վերսկսման լուրը սրտի ցավով ընդունեցի. Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք

ԼՂ-ում ռազմական գործողությունների վերսկսման լուրը սրտի ցավով ընդունեցի. Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք

Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվող ագրեսիայի առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ։ Մոսկվայի պատրիարքարանի Արտաքին եկեղեցական հարաբերությունների բաժնի տարածած հայտարարության համաձայն, Ռուս Եկեղեցու հովվապետը սրտի ցավով է տեղեկացել Արցախում ռազմական գործողությունների վերսկսման մասին եւ աղոթում է, որպեսզի Ղարաբաղում վերահաստատվի խաղաղությունը եւ վերջինիս բոլոր բնակիչները՝ անկախ ազգությունից եւ կրոնից, կարողանան ազատ ապրել ու դավանել իրենց հավատքն անվտանգության մեջ։

Պատրիարքարանից հայտնել են, որ Ռուս Ուղղափառ եկեղեցին տասնամյակներ շարունակ բոլոր հնարավոր քայլերը ձեռնարկել է, որպեսզի նպաստի արցախյան օրհնյալ հողում խաղաղության վերականգնմանը՝ գործակցելով հանուն դրա Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր պետերի հետ, նպաստելով, որպեսզի կայանա երկխոսություն երկու կրոնական համայնքների եւ հարեւան ժողովուրդների ու երկրների միջեւ։ Կիրիլ պատրիարքը կոչ է արել անել ամեն բան, որպեսզի հակամարտությունը կրոնականի չվերածվի։