Բնության հետ այնպես էին վարվում, ոնց որ իրենց նոր ծնված երեխայի հետ վարվեն

Բնության հետ այնպես էին վարվում, ոնց որ իրենց նոր ծնված երեխայի հետ վարվեն
Ամուլսար

Ամուլսարի շուրջ կրքերը շարունակում են թեժ մնալ․ մի կողմից, վարչապետը հոդորում է ապաշրջափակել հանքը՝ ասելով, որ իրեն հավաստիացումներ են տվել հանքի շահագործման անվտանգության վերաբերյալ, մյուս կողմից էլ նրա հորդորները հակառակ էֆեկտն են տալիս՝ Ամուլսարի «պոստերն» ուժեղացվում են, երեկ էլ հերթական երթն անցկացրին Երեւանում։ Հանքի շահագործման դեմ պայքարողները, կարծես թե, կոմպրոմիսների միտված չեն․ «Ամուլսարը սար պետք է մնա ու վերջ»։ Սակայն կան մարդիկ, որոնք այլ տեսակետ ունեն։ Մենք զրուցեցինք նաեւ հանքում աշխատող կամ հանքի շահագործմանը կողմնակից ջերմուկցիների հետ, որոնց տեսակետն այսօր ոչ մի տեղ չի հնչում։

Ջերմուկի բնակիչ, հանքի աշխատակից Արտակ Նիկողոսյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց իրավիճակը․ «Ես հանքում երկու տարի աշխատել եմ, մեկ տարի էլ կապալառուների մոտ եմ աշխատել եւ ես այդ երկու տարիների ընթացքում ինձ մարդ եմ զգացել։ 47 տարեկան տղա եմ արդեն, ես ինձ այդ երկու տարվա մեջ եմ մարդ զգացել։ Վարձատրությունն էր լավ, մարդկային վերաբերմունքն էր լավ, իրենց ուժեղ հսկողությունը, մարդու մասին մտածող կար, հասկանո՞ւմ եք։ Էկոլոգիան էր, որ մարդիկ պաշտպանում էին։ Էնտեղ մեզ մարդու տեղ էին դնում։ Ես իմ ապրած կյանքում որտեղ աշխատել եմ, էդպիսի բան չեմ տեսել, ի՞նչ ասեմ։ Չգիտեմ, թե հիմա մարդիկ ինչի համար են իրար խառնվել»։

Հիմնական մտահոգությունը հենց բնապահպանության հետ է կապված, Դուք չունե՞ք նման մտահոգություններ՝ հարցրինք Նիկողոսյանին։ «Այդ հանքում հենց առաջինը բնապահպանությունն էր, առաջինը դրա մասին էին մտածում։ Ես իմ ապրած կյանքում ծխախոտը, ասենք, նետել եմ դուրս, բայց հանքում աշխատելուց հետո ես նույնիսկ իմ տան մեջ չեմ ծխում։ Այ, էդ ձեւի կրթում ու դաստիարակում էին»,- պատասխանեց նա։ Նիկողոսյանին հարցրինք նաեւ, թե ինչ է կարծում՝ կառավարությունն ի՞նչ որոշում պիտի կայացնի՝ հաշվի առնելով, որ հանքի շահագործման դեմ պայքարողների թիվը, կարծես թե, չի նվազում, վերջիններս երթ արեցին՝ եւս մեկ անգամ ճնշում գործադրելով կառավարության վրա։

«Ես չգիտեմ, թե կառավարությունն ինչ որոշում պիտի կայացնի, եթե ես լինեմ կառավարության տեղը, ապա որոշում կայացնելու ոչ մի մտավախություն չունեմ՝ հանքը պետք է աշխատի, մարդիկ պետք է աշխատեն, ուղղակի խնդիրն այստեղ այն է, որ տեղացիներին չեն ներգրավել աշխատանքի մեջ, որի համար ես շատ եմ ցավում, եւ հենց այդ խնդրից էլ առաջացան մնացած խնդիրները, ինչ-որ ուժեր էլ հրահրեցին, որոշեցին իրենց գործն այդ մարդկանց ձեռքով անել։ Ես այդպես եմ մտածում, ես այդ հանքում աշխատել եմ, շինարարական աշխատանքներ եմ կատարել, ոչ մի թերացում, ոչ մի բնապահպանական խնդիրներ չեմ նկատել։ Սրանք ոնց որ լուսնից իջած մարդիկ լինեն, էնպես են բնության հետ վարվում, ոնց որ իրենց նոր ծնված երեխայի հետ վարվեն։ Թե հիմա այդ մարդիկ օֆշորից են, թե օֆշորից չեն, ինձ հետ վարվել են որպես մարդ էակի։ Ես այդ մարդկանց հետ ոչ մի հարց ու պատասխան չունեմ»,- ասաց Նիկողոսյանը։

Ջերմուկի մեկ այլ բնակիչ էլ՝ Քրիստինե Հարությունյանն ասաց, որ Փաշինյանին վստահում է, բայց եթե բնակչության մեծ մասը դեմ է, պետք է նրանց կարծիքն էլ հաշվի առնվի․ «Ես՝ ինքս, մասնագետ չեմ, եթե մասնագետների կողմից ոսումնասիրություններ են կատարվել, ու գտնում են, որ անվտանգ է, ջրերին ու բնությանը վտանգ չի հասցնում, ուրեմն թող մարդիկ աշխատեն։ Ամեն մարդու համար իր առողջությունը կարեւոր է, ամենաթանկ բանն է, եթե իմանան, որ հանքը շահագործվելու է, ու դրան զուգահեռ բնակչությունն առողջական խնդիրներ ունենա, կյանքի տեւողությունը կրճատվի, այդ ո՞ր մի հիմար մարդը կողմնակից կլինի շահագործմանը։ Իսկ եթե կան համապատասխան մասնագետներ, որոնք գտնում են, որ այդ շահագործումը լրիվ անվտանգ է, թող շահագործվի, մարդիկ էլ աշխատանք ունենան»։

Վարչապետի ու «Լիդիանի» հավաստիացումները, որ շրջակա միջավայրի վրա ազեցությունը զրոյի է հասցվելու, բավարար չե՞ն։ «Ես չեմ կարող ասել, որ «Լիդիանը» 100 տոկոսով ճիշտ տվյալներ է ցույց տալիս կառավարությանը, բայց եթե վարչապետին ապացուցել ու հավաստիացրել են, որ անվտանգ է շահագործումը, ես վստահում եմ։ Ես աշխատում եմ «Նաիրի» հյուրանոցում եւ «Լիդիանի» հետ ընդհանրապես կապ չունեմ։ Իմ կարծիքով՝ եթե բնակչության 50 տոկոսից ավելին դեմ է, եւ այդ դեմ լինելն ինչ-որ ձեւով հիմնավորում են, ապա ինձ թվում է՝ պետք է հաշվի առնել բնակչության կարծիքը»,- ասաց Հարությունյանը։ Սիրանուշ Խաչատրյանը, ով նույնպես Ջերմուկի բնակիչ է, նշեց, որ Ամուլսարի հետ կապված որեւէ պրոցեսի չի հետեւում, իրեն հետաքրքիր չէ, սակայն ուզում է, որ հանքն աշխատի։