Այս գործը չպետք է հարուցվեր առհասարակ

Այս գործը չպետք է հարուցվեր առհասարակ

Երեկ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոց կալանքը փոխարինեց տնային կալանքով, նրա նկատմամբ կիրառվեց նաև 25 մլն դրամի չափով գրավ, որը վճարելուց հետո նա այսօր ազատ արձակվեց Նուբարաշեն ՔԿՀ-ից։ Նրան արգելվեց կապ ունենալ որևէ մեկի հետ՝ բացառությամբ մերձավոր ազգականների: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին՝ ժամը 15:00-ին: Նշենք, որ Աշոտյանը կալանքի տակ է շուրջ 1,5 տարի: Հիշեցնենք` Արմեն Աշոտյանը կալանավորվել է 2023թ. հունիսի 16–ին։ Նա և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող շուրջ 100 հազար դոլարի գույք վատնման մեջ, իսկ իրականում` սա պարզ քաղաքական հաշվեհարդար է` Նիկոլ Փաշինյանին սուր քննադատության արժանացնելու համար:

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Աշոտյանի խափանման միջոցի փոփոխմանը, նշում է. «Արմեն Աշոտյանը շարունակում է մնալ քաղաքական բանտարկյալ, փոխվել է ընդամենը կալանքի ձևը: Նուբարաշենում կալանքը կրելուն եկել է փոխարինելու ընտանիքի անդամների շրջանում կալանք կրելու կարգավիճակը: Փոփոխությունն ընդամենը սա է: Աշոտյանը չունի ազատություն` լայվեր անելու, Աշոտյանը չունի ազատություն «Հրապարակ»-ի տաղավարում հարցազրույց տալու, Աշոտյանը ինձ հետ, Ձեզ հետ և մյուսների հետ հեռախոսով խոսելու իրավունք չունի, ՀՀԿ-ի գրասենյակ այցելելու և աշխատելու հնարավորություն չունի, հանրահավաքներին մասնակցելու և ելույթներ ունենալու հնարավորություն չունի:

Հնարավորություն ունի բացառապես տանը նստել` իր ընտանիքի անդամների հետ: Իհարկե, Նուբարաշեն ՔԿՀ-ում կալանքը կրելու համեմատ սա դրական փոքրիկ առաջընթաց է, թեկուզ այն, որ իր ընտանիքի, երեխաների հետ կլինի, բայց տնային կալանքն էլ կալանքի տեսակ է և Արմեն Աշոտյանը, իմ խորին համոզմամբ, թե երեկ, թե այսօր` քաղաքական բանտարկյալ է: Եթե Հայաստանում արդարադատություն կա, Արմեն Աշոտյանը պետք է արդարացվի, անգամ այս գործը չպետք է հարուցվեր առհասարակ: Այս իշխանությունը շատ լավ գիտի, որ Աշոտյանին լռեցնելը անհնար է: Ուղղակի Աշոտյանի նման մարդկանց վրա քրեական գործեր կարելով փորձում են վախեցնել, հիասթափեցնել, ակտիվ պայքարից հետ մղել ազգային գաղափարախոսություն ունեցող մեր քաղաքացիներին: Նրանք շատ լավ գիտեն, որ թե Արմենը և թե մենք` բոլորս մեր գաղափարներից հետ կանգնողը չենք: Ռոբերտ Քոչարյանը հրաժարվե՞լ է պայքարից` ոչ, Արմեն Աշոտյանը հրաժարվե՞լ է` ոչ, Նարեկ Սամսոնյանը հրաժարվե՞լ է` ոչ, ես հրաժարվե՞լ եմ` ոչ, Դաշնակցական տղերքը հրաժարվե՞լ են` ոչ: Մենք ոչ մեկս մեր պայքարից չենք հրաժարվում և այս իշխանությունը դա շատ լավ հասկանում է: Գործեր են հարուցվում, մեղադրվում են բացառապես այն մարդիկ, ովքեր պայքարում են գաղափարների համար: Նիկոլը շատ լավ Աշոտյանին ճանաչում է ու գիտի, որ նա պայքարից հրաժարվողը չէ: Նա պարզապես քաղաքական կշիռ ունեցող մարդկանց նկատմամբ գործեր հարուցելով, փորձում է հանրության ազգային հատվածի մոտ հիասթափություն, վախ, պասիվություն առաջացնել», - եզրափակեց Շարմազանովը: