Հանուն «մերօրյա փրկչի»…

Հանուն «մերօրյա փրկչի»…

ՀՀ ՊՆ հաղորդագրությունը. «Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված իրականացնող շինարարական տեխնիկայի ուղղությամբ, ինչի հետևանքով այն վնասվել է»: Սա կարծեմ նման առաջին (գուցե երկրորդ) հաղորդագրությունն է՝ եթե, իհարկե, չեմ սխալվում: Վերջապես, մեկ տարի անց ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը սկսել է իրականացնել հայկական մարտական դիրքերում ամրաշինական աշխատանքներ: Ինչը և նկատել է թշնամին և փորձել է խոչընդոտել այդ աշխատանքներն անելուն:

Իսկ անցյալ տարի Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ այդ աշխատանքներն իրականացնելու վերաբերյալ հարցինՆիկոլը պատասխանել էր, որ այնպես է իրականացնում, որպեսզի չտեսնեն թե՛ թշնամին և թե՛ Թագուհին ու նրա նմանները: Փաստորեն, պահանջվեց ևս մեկ-երկու ագրեսիվ սադրանք, որպեսզի Նիկոլն ընկալեր, որ սահմանին պետք է կատարվեն ոչ թե վիրտուալ, այլ իրական աշխատանքներ: Այսինքն, այնպիսի աշխատանք, որ չնկատվեր չէր կարող՝ հատկապես, որ Նիկոլի թողտվությամբ թշնամին զբաղեցրել է բոլոր կարևոր բարձունքները:

Բայց քանի որ մեր թշնամին Նիկոլի «կիրթ և կառուցողական գործընկերն» է՝ նա էլ անմիջապես իր ենթականներին հրահանգել է խափանել այն: Կամ էլ դրանով կոդավորված հաղորդագրություն է ուղարկել Նիկոլին, որպեսզի վերջինս դադարեցնի իր (այսինքն՝ Իլհամի) արգելած գործունեությունը: Իսկ տնտեսված գումարն էլ ուղղի ոստիկանության և մնացած իրավապահների աշխատավարձերի և պարգևավճարների բարձրացմանը:

Որպեսզի վերջիներս ավելի ջանասիրաբար ապահովեն Նիկոլի և նրա ընտանիքի անդամների անհատական պաշտպանությունը: Հա, վայ, մոռացել էի՝ այսուհետ պարգևավճարները ներառվելու են աշխատավարձերի մեջ, որպեսզի Նիկոլի անձնական թշնամիներն այլևս չարձանագրեն պետական միջոցների փոշիացումը պարգևավճարների տեսքով: Իսկ որ աշխատավարձերն են դառնալու հայաստանյան մասշտաբով աստղաբաշխական՝ դա հանուն Նիկոլի է: Հանուն «մերօրյա փրկչի»… Ով դրսերում հանդիպում է թուրքերի հետ՝ որպեսզի մենք այլևս թշնամի չունենանք: