Խանումյանը գաղտնի՞ք է բացում

Խանումյանը գաղտնի՞ք է բացում

ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարել է, որ ներկայում քննարկում է Արցախի նախագահի երեք թեկնածուի առաջարկությունները: ,,Ազատ հայրենիք,, կուսակցությունն արձագանքել է շատ արագ եւ վստահեցրել, որ Սամվել Բաբայանի հետ որեւէ նախընտրական պայմանավորվածության մասին խոսք լինել չի կարող, համաձայնությունների հարցը կդիտարկվի ընտրություններից հետո՝ ըստ ժողովրդից ստացած քվեի: Այլ ուժեր եւ նախագահի հավանական թեկնածուներ ՊԲ նախկին հրամանատարի գրասենյակի հայտարարությանը դեռեւս չեն արձագանքել:

Ուշագրավ է, սակայն, որ «Ազգային վերածնունդ» կուսակցության առաջնորդ Հայկ Խանումյանը լրատվամիջոցներից մեկին վստահաբար ասել է, որ նախագահական ընտրությունները մի փուլով չեն ավարտվի, եւ իրենք կանցնեն երկրորդ փուլ: Խանումյանի գլխավորած քաղաքական ուժը 2015թ. խորհրդարանական ընտրություններում հազիվ հաղթահարել է հինգ տոկոսի շեմը: Ընդ որում, ինչպես Խանումյանն է խոստովանել՝ Սամվել Բաբայանի եռանդուն աջակցությամբ: Ներկայում Սամվել Բաբայանը «Միասնական հայրենիք» կուսակցություն է ստեղծել, պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների: Անցած ամռանը սահմանադրական փոփոխությունների պահանջով նա ստորագրահավաք էր նախաձեռնել: Շուրջ 20 000 քաղաքացի միացել էր նախաձեռնությանը:

Ճիշտ է, մարդիկ ամենատարբեր դրդապատճառներով են գնացել այդ քայլին, բայց ՊԲ հրամանատարի քաղաքական թիմում այն տպավորությունն ունեն, որ խորհրդարանական ընտրություններում առնվազն նույնքան քվե իրենց համար ապահովված է: Ինքը՝ ՊԲ նախկին հրամանատարն ավելի բարձր նշաձող է սահմանում՝ ձեւավորել խորհրդարանական մեծամասնություն եւ այդ ձեւով կյանքի կոչել իր քաղաքական ծրագրերը: Ամեն ոք ազատ է  հաշվարկներ անելիս: Այդուհանդերձ, եթե համադրում ենք նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցնելու մասին Խանումյանի ինքնավստահ պնդումը եւ խորհրդարանական մեծամասնություն ձեւավորելու Սամվել Բաբայանի ծրագիրը եւ նկատի ենք ունենում Բաբայան-Խանումյան նախկին համագործակցությունը, ապա տրամաբանական է պատկերվում, որ կողմերը կարող են գալ սկզբունքային համաձայնության: Այն է՝ նախագահական ընտրություններում Սամվել Բաբայանը սատարում է Հայկ Խանումյանին, իսկ վերջինս իր համակիրներին հորդորում է խորհրդարանական ընտրություններում քվեարկել «Միասնական հայրենիք» կուսակցության օգտին: Նման եզրահանգման է բերում Սամվել Բաբայանի եւ Հայկ Խանումյանի քաղաքական հայտարարությունների միջեւ առկա նույնականությունը: Երկուսն էլ կոշտ քննադատում են գործող իշխանություններին, չեն ընդունում վերջին տասնամյակի տնտեսական քաղաքականությունը, շեշտը դնում են համակարգային փոփոխությունների անհրաժեշտության վրա եւ հնչեցնում հիմնականում ամբոխահաճո թեզեր:

Դա կարող է լինել համաձայնեցված մարտավարություն՝ մինչ ընտրությունների նախապատրաստական փուլի ավարտը հասնել որոշակի համախմբման, իսկ այնուհետեւ հանդես գալ միասնական պլատֆորմով: Այդ կերպ, բացառված չէ, նրանք փորձում են ձեւավորել այսպես կոչված «հեղափոխական օրակարգ»: Քաղաքական դաշտի մյուս սուբյեկտներն ինչպե՞ս կվերաբերվեն դրան: «Ազատ հայրենքի» մամուլի խոսնակը հայտարարել է, որ առաջիկայում նախագահի իրենց թեկնածուին՝ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանին, սատարելու մասին կհայտարարեն քաղաքական մի քանի ուժեր: Մյուս ուժերը դեռեւս լռում են: