Էթնիկական զտում՝ պրոլետարական ինտերնացիոնալիզմի քողի տակ

Էթնիկական զտում՝ պրոլետարական ինտերնացիոնալիզմի քողի տակ

Լուսանկարում՝ Գյոյգյոլ վերանվանված Ալհարակ լիճը եւ համանուն լեռը

Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել գործադիր իշխանության Գյոյգյոլի շրջանային ղեկավար Արիֆ Սեիդովին աշխատանքից ազատելու մասին: Առիթ է, որպեսզի անդրադառնանք այդ տեղաշրջանի պատմական անցյալին: Խոսքը նախկին Խանլարի շրջանի մասին է, որի կենտրոնը մինչեւ 1939թ. կոչվում էր Հելենդորֆ կամ Ելենդորֆ: Այն հիմանդրել են գերմանացի վերաբնակիչները 1818թ.-ին: Ժամանակակիցների, այդ թվում՝ հայ վիպասան Րաֆֆու, վկայությամբ՝ Ելենդորֆը եւ մերձակա մի քանի գերմանական բնակավայրերն աչքի էին ընկնում կառուցիկությամբ, մաքրությամբ եւ կանոնավորությամբ: Այդ վայրերում գերմանացիները խաղողայգիներ են հիմնադրել եւ հիմնականում զբաղվել գինեգործությամբ: Տեղաշրջանի լեռնային հատվածը բնակեցված էր բացառապես հայերով:

Ըստ խորհրդային 1939թ. մարդահամարի տվյալների՝ Խանլարի բնակչության ազգային կազմն այսպիսին էր՝ հայեր՝ 27 613, ադրբեջանցիներ՝ 6 191, ռուներ՝ 2 112 , գերմանացիներ՝  2 706: Կապված Երկրորդ համաշխարհային պատերազմն սկսվելու հետ՝ գերմանացի բնակչությունը, որ համահավաք ապրում էր հիմնականում արդեն Խանլար վերանված շրջկենտրոնում,  գլխովին աքսորվել է: Հետպատերազմյան տարիներին սկսվել է նաեւ հայ բնակչության հետեւողական տեղահանումը: 1979թ. մարդահամարի տվյալներով հայերն արդեն փոքրամասնություն էին՝  13 975 շունչ, իսկ ադրբեջանական բնակչությունը քառասուն տարում 9 191 –ից հասել էր 60 158 –ի: Խանրալի շրջանը լիովին հայաթափվել է 1989-91թվականներին: Վերջին մոհիկանները՝ Գետաշեն, Ազատ եւ Մարտունի գյուղերի բնակիչները, բռնատեղահանվել են «Կոլցո» ռազմագործողության ժամանակ՝ 1991թ. մայիսի առաջին օրերին: Ահա էթնիկական զտման ցայտուն օրինակ, որ իրականացվել է խորհրդային Ադրբեջանում՝ պրոլետարական ինտերնացիոնալիզմի քողի տակ: Ներկայումս Գյոգյոլի բնակչությունը 63 000 է, բոլորն՝ ադրբեջանցի: Ժամանակ առաջ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ տեղաշրջանի նախկին հայկական գյուղերում իրականացվում է քրդերի վերաբնակեցում: