Քաղաքական դաշտի առավոտը-5

Քաղաքական դաշտի առավոտը-5


Սկիզբը՝ նախորդ 
համարներում

Մանրուքների փիլիսոփայությունը
Երբեմն մանրուքները ստանում են բացառիկ նշանակություն: Դրանք մահացու չեն, բայց կարող են թուլացնել իշխանության դիմադրողականությունը: Այդպիսիք են իշխանավորի հագուկապը, ասել-խոսելու, վիճաբանելու ձեւը, հրապարակային հանդիպումներում զգացմունքայնությունը, հարցեր լուծելու մեթոդներն ու ոճը, որեւէ ժեստ կամ արտահայտություն, անգամ ձայնի երանգը եւ այլն: Երբեմն ճշմարտությանն ու արդարությանը հասնելու ձեւն ու ընտրված ժամանակը կարող են հակառակ ազդեցությունն ունենալ: Դրանցով են երբեմն մարդիկ կարծիք կազմում գործչի մտավոր կարողությունների կամ լրջության մասին: Հայտնիներն իրենց կողքին պահում են վարքագծի դրսեւորման խորհրդատու-մասնագետներ: Դժվար է ասել՝ Հայաստանի երեկվա ու այսօրվա իշխանավորներն ունե՞ն արդյոք նման խորհրդականներ: Եթե՝ այո, ապա տպավորությունն այնպիսին է, որ նրանց ձայնը ոչ միշտ է տեղ հասնում: Երբ նախորդ նախագահը հայտարարեց, որ ձեռնարկվող քայլերի շնորհիվ երկրի բնակչությունը 2040 թվին կհասնի 4 միլիոնի, շատերը ներողամտորեն ժպտացին՝ այն համարելով երկարատեւ կառավարումից հոգսաշատ դարձած մարդու բարի ցանկություն: Զարմացան, որ մարդն ուրիշ սերնդի գործերից է խոսում: Հաջորդիվ նրա հրաժարականը հաստատեց այն իրողությունը, որ անգամ երազանքների առումով խոցելի է ուրիշի ժամանակի մեջ մտնելը: Այս վրիպումը կարող էր այլեւս չհիշվել, եթե երկրի նոր առաջնորդը չփորձեր թարմացնել նախորդի ռեկորդը: Նրա հայտարարությունը՝ 2050 թվին Հայաստանի բնակչությունը 5 միլիոնի հասցնելու մասին, դեպքերի չարագուշակ կրկնության միտում պարունակելով հանդերձ, հաստատումն է այն բանի, որ երկրի ղեկավարը դասեր չքաղելով այլոց սխալներից՝ հավանաբար, որոշել է սովորել իր իսկ սխալներից:
Մանրուքներում տանուլ տալն ունի վտանգավոր մի բնույթ. նրա շարունակականությունը երկարաժամկետ հատվածում կարող է ի չիք դարձնել գլխավորում ձեռք բերված հաջողությունը: Հեղափոխության օրերի նկատմամբ իշխանության վերաբերմունքն ավելի շատ կարոտախտի է սկսել նմանվել: Պարբերաբար հնչող գովքը տպավորություն է թողնում, որ ավարտվել է նրա առաքելությունը, որ հեղափոխությունն արդեն արել է այն, ինչ կարող էր: Մինչդեռ բազմաթիվ հարցեր մնացել են անպատասխան: Թվում է, թե անցյալում են օլիգարխիայի անօրինությունները: Իրականում նրանք անցել են ընդհատակ: Յուրաքանչյուր տարածաշրջանում նախկին «հարց լուծողները» գրեթե չեն կորցրել իրենց լծակները: Ասես մի ներքին պայմանավորվածությամբ որդեգրել են խաղի նոր, առավել աննկատ կանոններ: Իշխանության բռնազավթումների նախկին մասնակիցները, երկու տարիների անպատժելիությունից ոգեւորված, բացահայտ խոսում են իրենց ետ վերադարձի հնարավորության մասին: Դա շատերի մեջ ծնել է երկվություն: Հեղափոխության ապագան վտանգված է ոչ այնքան ընդդիմության ակտիվացման, որքան ինքնահանգստության վիճակում հայտնված իշխանության պատճառով: Իշխանությունն ասես կորցրել է զգոնություն, խառնել գլխավորի ու երկրորդականի տեղերը: Իրավիճակը կարող են փրկել սթափ որոշումները: Բայց դա կարող է լինել այն դեպքում, եթե հեղափոխական ճամբարը հասկանա, որ իրեն տրված ժամանակը հավերժական չէ: Իշխանության հենարանը ծորուն ավազի պես հոսում է ոտքերի տակից: Անցել է խոսելու ժամանակը: Պետք են կոնկրետ գործեր եւ սխալների սրբագրում: Հապաղումը հավասարազոր է ինքնաոչնչացման: Իսկ հեղափոխության հայտնի տեսաբաններից մեկն ասել է, որ յուրաքանչյուր հեղափոխություն ինչ-որ բան արժե, եթե կարողանում է պաշտպանել ինքն իրեն:

Պայմանավորվածություն ետնաբեմո՞ւմ
Այո, իշխանությունը հապաղել է: Ժամանակ առ ժամանակ նա անցնում է գրոհի: Բայց դրանք կրում են ընդհատ-ընդհատ, տարերային բնույթ: Մինչդեռ հանրությունն ակնկալում է հետեւողական ու մշակված գործողություններ: Եթե անգամ իշխանությունը գործում է ճիշտ ուղղությամբ, չի կարող աչքի չզարնել այն փաստը, որ հաճախ գրոհների թիրախ են դառնում քաղաքական հայտարարություն անողները: Դա՛ է հիմք տալիս շատերին՝ այն համարելու վրեժխնդրության դրսեւորում: Ողջունելով արդարության հաստատմանն ուղղված իշխանության ցանկացած քայլ՝ հանրության համար միաժամանակ անհասկանալի է մնում, թե ինչու նույն կարգավիճակն ունեցող գործիչներն ու երբեմնի կարգազանց օլիգարխները չեն արժանանում նույն վերաբերմունքին: Երբեմնի կոռուպցիայի խորհրդանիշ համարվողներից շատերի անուններն այնպես են մոռացվել, ասես նրանք այս երկրում չեն էլ ապրել: Որոշ մականունավորներ էլ հիշատակվում են ծիծաղելի հանցանքների, ավելի ճիշտ՝ զանցանքների հետ ունեցած կապով: Իրական պատասխանատվության են ենթարկվել մի քանիսը միայն, մնացյալը փախուստի մեջ են կամ մնում են անպատիժ: Այս երեւույթն այնքան ակնհայտ է, որ դժվար է զերծ մնալ գայթակղությունից՝ չմտածելու, որ թավշյա հեղափոխության ակունքներում գուցե եղել են ինչ-ինչ պայմանավորվածություններ կամ գործում են ստվերային շահագրգռություններ: Հեղափոխական ճամբարը պետք է իր վրայից թոթափի այս կասկածը ոչ թե բառերով, այլ՝ նպատակաուղղված գործողություններով: Այլապես նրան սպասվում է նույն ճակատագիրը, ինչ նախորդ իշխանությանը: Մարդիկ չեն ների կիսատ-պռատությունը: Հենց այսօրվա իշխանությո՛ւնն է արդարությանը հետամուտ լինելու ջինը դուրս բերել խոր նիրհից, եւ նրան տեր չկանգնելն արդեն իսկ դավաճանություն է սկսած գործի նկատմամբ: Հայ հանրությունը մոտեցել է մի նոր ջրբաժանի: Կա՛մ հեղափոխական ուժերը, իրենց խոստման համաձայն, սկզբունքային եւ նույնական մոտեցում կդրսեւորեն ընդհատակ անցած ուժերի նկատմամբ, կա՛մ իրենց իսկ անվճռականությամբ հնարավորություն կընձեռեն քաղաքականապես մեռած ուժերին վերստին դառնալու գործոն, թեկուզեւ՝ ոչ հաղթական:

Բա մի քանի տարի առաջ…
Իշխանության այլեւայլ վրիպումների մասին մեկ անգամ չէ, որ գրել ու ահազանգել են երկրի սրտացավ մտավորականներն ու հեղափոխության շարքային համակիրները: Թե որքանով է իշխանությունն այսօրվա աղմուկի մեջ զանազանում ու ականջալուր լինում նրանց, դժվար է ասել: Բայց բոլոր օղակներում էլ կան մարդիկ, որոնք ահազանգողներին փորձում են սաստել հայտնի դարձվածքով՝ բա մի քանի տարի առաջ ինչո՞ւ չէիք խոսում: Այդպիսի հարցադրումները, որքան էլ պարունակեն արդարացի երանգ, հանրությանը մղում են նայելու ոչ թե առաջ, այլ՝ ետ: Մինչդեռ հեղափոխությունն արվել է նոր իրողություն ձեւավորելու համար, որտեղ ավելի արագ լուծվեն հասունացած խնդիրները: Հեղափոխության արժեքը հենց անտարբերության թմբիրից դուրս եկած մարդկանց վերափոխելու, նրանց իրավունքի ու պատասխանատվության ինքնագիտակցությունը վերադարձնելու, դրանով իսկ ակտիվ քաղաքացի դաստիարակելու եւ յուրաքանչյուրին ինքնադրսեւորման հնարավորություն ընձեռելու մեջ է: Միայն այդպե՛ս է սովորական մարդը վերածվում քաղաքացու, քաղաքացին՝ երկրի տիրոջ: Միայն այդպե՛ս է երկիրը ներքնապես հզորանում, դառնում ավելի դիմակայուն անակնկալ մարտահրավերներին: Միայն այդպե՛ս կարող է ձեւավորվել այն հանրույթը, որը կապահովի հեղափոխության վերջնական հաղթանակը:
Հայաստանի նման փոքր երկրում հեղափոխությունը ճոխություն է: Սակայն մարդիկ, որոնք ժամանակին ասում էին՝ ով լինի, միայն ո՛չ հները, այսօր սկսել են նույն պաթոսով ավելի հաճախ ասել՝ով լինի, միայն ոչ «սրանք»: Այս զգացմունքային ժխտողականությունը հղի է լուրջ վտանգներով: Ասպարեզում դեռեւս չի հասունացել այլընտրանքային կազմակերպված ուժ: Իշխանությունն ի՛նքը պետք է նպաստի քաղաքական դաշտի ձեւավորմանը: Ընտրական օրենսգրքի ընդունումից հետո հանրությունը պետք է ժամանակ ու հնարավորություն ունենա ծանոթանալու առկա եւ ստեղծվելիք ուժերի ծրագրերին: Հակառակ դեպքում կա՛մ կգա հնի ձեւափոխված տարբերակը, կա՛մ անծրագիր որեւէ խումբ, որը երկիրը կենթարկի փորձությունների: Իսկ նրանք, ովքեր ցույցերով ու փողոցային ակտիվ պայքարով հույս ունեն հասնել իշխանափոխության՝ չբացառելով երբեւէ զարգացումների նման տարբերակը, այսօր դրան չեն կարող հասնել մի շատ պարզ պատճառով: Ի տարբերություն Իջեւանում ծնված ու իջեւանցի ծնողներ ունեցող երբեմնի ընդդիմադիր Նիկոլի, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծնվել է Հանրապետության հրապարակում, եւ ծնողները հարյուր հազարավոր մարդիկ են: Երբ որդին չի արդարացնում ծնողի հույսերը, վերջիններս փշրվում են, խռովում: Չնայած ակնհայտորեն խորացած հիասթափություններին, այդուհանդերձ, ինչպես ամեն մի սրտացավ ծնող, ժողովուրդը՝ եւս, չի պատրաստվում լքել իր իշխանություն-որդուն՝ հեղափոխության զավակին, հույս տածելով, որ նա, վրիպումներով ու սխալներով հանդերձ, կհաջողի ծավալված մարտում:
Հույսը վերջինն է մեռնում:

շարունակելի 

Ֆիրդուս ԶԱՔԱՐՅԱՆ