Ինչո՞ւ է պետք ընտրություններից առաջ չեզոքացնել Գեղամասարի համայնքապետին

Ինչո՞ւ է պետք ընտրություններից առաջ չեզոքացնել Գեղամասարի համայնքապետին

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի մամուլի խոսնակը հերքում է, որ նախարարը Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանին ասել է՝ ձեր համայնքը ցրելու եմ, դու էլ դատվելու ես: Եվ ասել է հենց բնակիչների կազմակերպած ակցիայի ժամանակ: 

Հիշեցնենք․ օգոստոսի 16-ին Գեղամասարի բնակիչները փակել էին Վարդենիս-Սոթք ճանապարհը՝ բողոքելով Գեղամասար եւ Վարդենիս համայնքները միավորելու կառավարության ծրագրի դեմ, իսկ ԶԼՄ-ները տիրաժավորեցին Գեղամասարի համայնքապետին ուղղված սպառնալիքները: «Համայնքապետի ու Գնել Սանոսյանի միջեւ զրույց եղել է 2019 թվականին, երբ Սանոսյանը զբաղեցնում էր Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը։ Նշված ժամանակահատվածում համայնքապետի կողմից հարկերի հավաքագրումը շատ ցածր է եղել։

Սանոսյանն Ավետյանին պարզապես բարեկամական խորհուրդ է տվել՝ զբաղվել իր պարտականություններով՝ կա՛մ հարկերը հավաքագրել, կա՛մ պայմանագրերը խզել, կա՛մ դիմել ԴԱՀԿ, ինչպես օրենքն է պահանջում»,- շեֆին սրբագրում է խոսնակը: 

Ստացվում է՝ չվճարումների վերաբերյալ խոսակցությունը տեղի է ունեցել 2019 թվականի՞ն: Սակայն  2018-ի աշնանը Փաշինյանը կառավարությունում համայնքապետերի հետ հանդիպում էր կազմակերպել, որի ժամանակ նույնիսկ գովաբանել է Հակոբ Ավետյանին` որպես օրինակելի ղեկավարի: Անգամ պատմել է, թե ինչպես է Հակոբ Ավետյանը զրոյից ձեռք բերել իր ունեցվածքը: Փաստորեն, Ավետյանը լավ աշխատող է: Հակառակ դեպքում, 2019 թվականից հետո նրա կազմած բյուջեն այն ժամանակվա մարզպետ Գնել Սանոսյանը չէր հաստատի եւ ուղարկի տարածքային կառավարման նախարարություն, Գեղամասարին էլ պետական դոտացիաներ չէին տա: Բացի դա, Գեղամասարը վճարումների առումով միշտ էլ բարենպաստ վիճակում է: Սոթքի հանքն աշխատեցնող «Գեոպրոմայնինգ» ընկերությունը տարեկան մոտ 75 մլն դրամից ավելի արտադրական հողի հարկ է մուծում համայնքին, որը բաժանվում է դրա մեջ մտնող 18 գյուղերի միջեւ, ինչը մշտապես Սոթքի բնակիչների դժգոհությունն էր առաջացնում, քանի որ հանքը Սոթքի տարածքում է, բայց դրա վճարած գումարներից օգտվում են նաեւ մյուս 17 գյուղերը: 

Իրականում, Հակոբ Ավետյանը դադարեց Փաշինյանի աչքի լույսը լինելուց, երբ Գեղամասար խոշորացված համայնքն ընդդիմության բաստիոն դարձավ Գեղարքունիքում: Գեղամասարի ղեկավարը, փաստորեն, միակն էր գյուղապետերից, որ հրապարակավ քննադատեց Փաշինյանի իշխանությանը ու միացավ Ռոբերտ Քոչարյանին: Հունիսի 20-ի ԱԺ ընտրություններից առաջ նա տեսաուղերձով աջակցություն հայտնեց Քոչարյանին, խոսեց Հայաստանին եւ իր համայնքին պատուհասած վտանգների մասին, որոնցից դուրս գալու համար պետք է ընտրել Ռոբերտ Քոչարյանին: 

Ընտրությունների հաջորդ իսկ օրվանից Գեղամասարի համայնքապետարանում ԱԱԾ-ն ստուգումներ սկսեց:  «Ավետյանին էլ մի քանի անգամ տարել են ԱԱԾ, հարցեր են տվել, էս կողմ, էն կողմ»,-  տեղեկացրեց Գեղամասարի համայնքապետարանին մոտ աղբյուրը՝ նաեւ հայտնելով, որ Ավետյանը խոշոր պարտք է կուտակել բանկերին, կարտոֆիլ է աճեցրել եւ չի կարողացել փակել: «Այնպես որ, չի բացառվում, որ շուտով ինչ-որ չարաշահումներ գտնեն ու «Սյունիք-դվա» անեն»: 
Օգոստոսի 16-ի երեկոյան Գեղամասարի բնակիչները դադարեցրին բողոքի ակցիան, բացեցին Սոթք-Վարդենիս ճանապարհը, պայմանով, որ մարզպետը գա եւ տեղում հարցերը քննարկի իրենց հետ: «Եթե մի տեղ մի ամբողջ 8 հազար բնակիչ ունեցող համայնք է կանգնած, այդտեղ «նեղել» հասկացությունը դժվարանում է: Մենք էլ ունենք այդ ձիգ պահվածքը, եւ մեր պահանջն արդարացի է: Մենք խուլիգանություն չենք անում»,- ասում է համայնքապետ Հակոբ Ավետյանը: 

- Ինչպե՞ս կմեկնաբանեք նախարարի պատասխանը Ձեզ: 

- Իրենց ոնց պետք է, այդպես գրել են: Գնել Սանոսյանը սուտ է խոսում, ուղղակի արդարացման, տակից դուրս գալու հիմնավորում են գտել: 

- Հնարավո՞ր է, որ ձեզ մոտ «Սյունիք-դվա» անեն, քրեական գործ հարուցեն եւ այլն: 

- Ոչ մի հիմնավոր բան չկա, ինչքան ուզում է փորփրեն, անտեղի բաներ ճարեն: Ամեն ձեւով աշխատում են օդից մի բան բռնեն, բայց եթե հիմնավոր բան ունենային, հիմա մեզ շուտվանից փակել էին: Իրենց պետք է ինձնից ազատվել, էդ համայնքը ցրել: Մոտ 6 հազար ընտրող ունենք, ո՞նց կարող են մեր վրա չաշխատել: 

ՀԳ. Գեղամասարի 18 գյուղերում մոտ 5 հազար 700 ընտրող կա: 18 գյուղերից 16-ը խորհրդային շրջանում բնակեցված են եղել թուրքերով: Օդում կախված վարկած կա, որ եթե փախստականները վերադառնան, ապա առաջին հերթին նրանց բնակեցնելու են հենց Գեղարքունիքի մարզի այդ հատվածում: Հասկանալի է, որ այստեղ Փաշինյանին յուրային է պետք, որը չի խոչընդոտի Գեղամասարի վերաբնակեցման ծրագրին, իսկ Հակոբ Ավետյանի նման ղեկավարը կարող է խանգարել գործին: Ահա թե ինչու է անհրաժեշտ խոշորացված Գեղամասար համայնքի էլ ավելի խոշորացումը` միավորելով Վարդենիսի հետ, որի քաղաքապետի աթոռին ՔՊ-ն ամեն ինչ կանի իր թեկնածուին անցկացնելու համար: