Ուղղակի զզվելի է. Արշակ Սադոյան

Ուղղակի զզվելի է. Արշակ Սադոյան

Իհարկե, նողկալի է, երբ պետության առաջին դեմքը հրապարակավ բացահայտ սուտ է ասում: Բայց շատ ավելի ցավալի է, երբ նա ստիպում է այլ պաշտոնյաների կոծկել այդ սուտը, քողարկել կեղծիքը: 

Կարծում եմ՝ շատերն են տեղյակ, որ Գենշտաբի պետ Օնիկ Գասպարյանը, իր նշանակումից հետո, հունիսի 12-ին վարչապետին, այնուհետև՝ հունիսի 19-ին Անվտանգության խորհրդում, ներկայացրել էր պաշտպանական մեր համակարգի առկա վիճակը և զգուշացրել, որ պատերազմի դեպքում մենք պահանջվող հնարավորությունները չունենք, տանուլ ենք տալու, և բոլոր միջոցներով այն պետք է կանխել: Բայց քանի որ պատերազմը այդպես էլ չկանխվեց, այն սկսվելուց անմիջապես հետո և ընթացքում Օնիկ Գասպարյանը Անվտանգության խորհրդում մի քանի անգամ ներկայացնելով ստեղծված ծանր, անելանելի վիճակը, անիմաստ զոհերից խուսափելու համար պահանջել էր բոլոր հնարավոր միջոցներով դադարեցնել բախումը: Սակայն այդ ուղղությամբ նույնպես քայլեր չէին ձեռնարկվել, և ինչը, ի վերջո, հանգեցրել էր այդ իրոք ողբերգական, խիստ ծանր կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագրմանը: 

Ինչպես հայտնի է, այդ մասին վաղուց էր հայտնվել և մինչ այժմ հերքում չէր եղել: Տեսնելով, թե դրա հետ կապված իր հասցեին ինչ մեղադրանքներ են հնչում, Փաշինյանը այս անգամ էլ որոշեց դիմել բացահայտ կեղծիքի: Ազգային ժողովի վերջին նիստի ժամանակ նա հայտարարեց, որ Օնիկ Գասպարյանը երբեք նման զգուշացում չի արել, նման պահանջ չի դրել, և խոստացավ դա հաստատող արձանագրություններ հրապարակել:

Ստի ոտքերը միշտ էլ կարճ են լինում: Այն, ինչ դրանից հետո կատարվեց, իրոք զավեշտական էր:
Նախ հրապարակվեց հունիսի 19-ի Անվտանգության խորհրդի նիստի օրակարգը (բայց ոչ մասնակիցների ցուցակը), որտեղ նշած էր միայն 2 զեկույց (որոնցից մեկը առնչվում էր Արցախի հարցին): Եվ հայտարարվեց՝ քանի որ Գասպարյանի անունը զեկուցողների մեջ չկա, ուրեմն նա այդ նիստին չի մասնակցել, նիստի ժամանակ նա ոչ մի բան չի ասել, նա խաբում է: Լավ, ինչքա՞ն կարելի է այդքան էժանագին ձևով փորձել մոլորության մեջ գցել մարդկանց: Չէ որ նիստերի ժամանակ, զեկուցումներից հետո, մտքերի փոխանակում է լինում: Եվ բնական է` Արցախի հարցի քննարկման ժամանակ խոսել է նաև Գասպարյանը և ասել է այն, ինչի մասին հայտարարել էր: 

Ավելի զավեշտական է պատերազմի ընթացքում գումարված Անվտանգության խորհրդի նիստերի արձանագրություններից իբրև թե վերցված քաղվածքները: 

30.09.2020թ. արձանագրության քաղվածքում Օնիկ Գասպարյանի զեկույցից իբրև թե գաղտնազերծման նպատակով տարբեր տեղերից ջնջվել է (թաքցվել է) 36 տող և թողնվել է ընդամենը խնդրին ոչ մի կերպ չառնչվող 6 տող: Նույն պատկերն է 21.10.2021թ. նիստի արձանագրությունից քաղվածքում: Այդտեղ էլ, իբրև թե գաղտնազերծման նպատակով թաքցվել է 49 տող և հրապարակվել է ընդամենը նորից ոչ մի հստակ բան չասող 5 տող: 

Ակնհայտ է, որ ահազանգը, իրավիճակի գնահատականները Գասպարյանի կողմից տրվել են հենց այդ ջնջված տողերում: Իսկ այն, ինչ տարբեր տեղերից, մի քանի հրապարակված տողերով տրված է՝ ակնհայտ է, որ Գենշտաբի պետի կողմից խուճապ չստեղծելու նպատակով է միայն ասվել, և ոչ մի ձևով էլ կապ չունեն այն հարցի հետ, թե ինչ է մյուս ջնջված տողերում ասել Գասպարյանը:

Ինչ արած՝ զզվելի է, բայց դեռ սա է մեր երկիրը ,«արժանապատիվ, հպարտ», բայց շարունակաբար խաբվող քաղաքացիներ:

Արշակ Սադոյան