Նախարարներ, որոնք չեն սիրում, և նախարարներ, որոնց չեն սիրում

Նախարարներ, որոնք չեն սիրում, և նախարարներ, որոնց չեն սիրում

Նոր կառավարիչների անգամ ամենամոլի պաշտպաններն ընդունում են, որ նրանք ունեն փորձի ու գիտելիքի պակաս, չեն կարողանում ինքնուրույն որոշումներ ընդունել կամ խուսափում են որոշումներ ընդունելու պատասխանատվությունից: Զրուցելով կառավարության տարբեր օղակների աշխատակիցների հետ, նկատել ենք Փաշինյանի նախարարներին բնորոշ եւս մի գիծ՝ նրանց զգալի մասը չի ցանկանում շփվել իր ղեկավարած կառույցի կոլեկտիվի հետ եւ իր աշխատասենյակում ընդունում է միայն մի քանի ընտրյալների՝ մեկուսանալով իրեն ենթակա աշխատակազմերից: Հիմնական աշխատող անձնակազմը նախարարին ամիսներով մոտիկից չի տեսնում կամ տեսնում է միայն էկրանին: 

Այս առումով, թերեւս, ռեկորդակիր է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: «Նախարար դառնալու օրվանից մինչեւ այսօր Արայիկ Հարությունյանին մի անգամ եմ տեսել»,- ասաց միջին չինովնիկական անձնակազմի կադրերից մեկը, ով կրթության նախարարության փորձառու մասնագետներից է: Իհարկե, այսօր կան ժամանակակից միջոցներ, որոնք հնարավորություն են տալիս մարդկանց, առանց իրար երես տեսնելու, շփվել, հարցեր լուծել: Դրանցից մեկը փաստաթղթաշրջանառության «Մալբըրի» համակարգն է, բայց ասում են, նախարար Հարությունյանը դրան էլ առանձնապես չի տիրապետում՝ հիմնական աշխատանքը թողել է տեղակալների եւ աշխատակազմի ղեկավարի վրա: Այս խոսակցությունները նախարարն «օդում կախված» է համարում ու խորհուրդ է տալիս. «Օդում կախված լուրերին մի հավատացեք»: Իսկ նրա աշխատողները հիշում են այն ժամանակները, երբ կրթության նախարարները կարեւորագույն հարցեր քննարկելու համար հաճախակի ժողովներ էին գումարում, որոնց ներկա էր գտնվում ողջ կոլեկտիվը, եւ յուրաքանչյուրի կարծիքը լսում էին: Հիմա՝ անգամ ամանորյա շնորհավորանքի սեղանի մոտ լինելու արտոնություն ունեն նվազագույնը վարչությունների պետերը, մյուսները նախարարի շնորհավորանքին «չեն արժանացել»։

Թեեւ կարեւորը, իհարկե, նախարարի դեմքը տեսնելը, ձեռքը սեղմելը, նրա բաժակին խփելը չէ, այլ՝ աշխատանքը: Օրինակ, ԿԳՄՍ նախարարության կրթության հատվածում հիմա ամենակարեւոր գործը համարվում է հանրակրթության չափորոշիչների մշակումը։ Հին չափորոշիչները փոխում են նորերով, եւ այդ հարցն այսօր համարվում է առաջնային: Համարվում է, որ 2004-2006 թվականներին են դրանք գրվել՝ արդեն հնացել են: Ի՞նչ ուղղությամբ է լինելու վերանայումը: Այս հարցին ԿԳՄՍ փոխնախարար Արեւիկ Անափիոսյանը, որը համակարգում է փոփոխությունները, դեռ անցյալ տարի պատասխանում էր. «Պետք է ավելի թեմաները պակասեցնել ու խորությունը շատացնել: Այսինքն, երեխաները պետք է քիչ բաների մասին սովորեն, բայց՝ ավելի խորը»: Եվ ահա, Կրթության ազգային ինստիտուտի, որն այլեւս լուծարված է, փորձագետների մի խումբ, որոնք ընտրվել են մրցույթով, անցյալ տարվա հուլիսից, առանձնապես չշտապելով, գրում են այդ չափորոշիչները: Դրանք աստիճանաբար են կիրառվելու՝ 2021-2023 թվականներին, եւ շտապելու կարիք չկա, իհարկե: Ցավն այն է, որ նոր չափորոշիչները, ըստ նախարարության վստահելի աղբյուրի, ոչնչով չեն տարբերվում հներից: Մասնագետներն ուղղակի արտագրում են հները, փոքր-ինչ ձեւափոխելով եւ այդ աշխատանքի դիմաց մեծ գումարներ ստանալով։ Մեզ ասացին, որ աննախադեպ մեծ վարկային գումար են ստացել այդ աշխատանքի համար, մինչդեռ նախարարությունում կարծում են, որ դա բացարձակապես ոչ անհրաժեշտ գործ է, եւ այստեղ պարզապես փող են լվանում: 

Ֆինանսավորումն իրականացվում է ԵՄ եւ ՀԲ աջակցությամբ: Ըստ նախարարության ինֆորմացիայի, ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում ԵՄ-ն՝ նորարարության համար» ծրագրի շրջանակում փոփոխվում են 1-12-րդ դասարաններում դասավանդվող բնագիտական, ճարտարագիտական առարկաները, համակարգչային գիտությունները, մաթեմատիկան, աշխարհագրությունը, 5-12-րդ դասարանների դասավանդման եւ ուսումնառության նյութերը, գնահատման համակարգը: Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում նախատեսվում է հումանիտար առարկաների չափորոշիչների, վերապատրաստման մոդուլների մշակում, մշակված չափորոշիչների եւ ծրագրերի փորձարկում դպրոցում, վերապատրաստումներ ուսուցիչների համար: Սակայն թե որքան գումար է նախարարությունը ստացել այս ողջ աշխատանքի համար, նախարարությունը չի հայտնում: Նախարարի մամուլի քարտուղարը, ինչպես միշտ, երբ ուզում են մեր հոդվածի տպագրությունը ձգձգել եւ շաբլոն մի պատասխան տալ, գրավոր հարցում ուզեց՝ ֆինանսական տվյալներ հրապարակելու համար, ինչն ինքնին կասկածների տեղիք է տալիս: Կարծես, այդ տվյալներն ամենամեծ գաղտնիքն են հանրությունից: 

Իր աշխատակիցների հետ առանձնապես չի սիրում շփվել նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նրան եւս նախարարությունում, որպես կանոն, չեն տեսնում։ Նա ժամանակին լրագրողների ցանկացած հարցի պատասխանում էր մանրամասն ու միշտ հասանելի էր, իսկ հիմա հանել է իր ֆեյսբուքյան ընկերների ցանկից: Վերջերս, երբ նախարարին հարց էինք ուղարկել Ֆեյսբուքով, ու նա հրաժարվեց մեր հարցին պատասխանելուց, հորդորելով դիմել իր մամուլի քարտուղարին, մեկ տողանոց նամակ ուղարկեցինք Բաթոյանին. «Ափոսոս, որ նախարարներն այլեւս չեն սիրում ուղիղ շփվել լրագրողների հետ, ինչպես հեղափոխությանն անմիջապես հետեւած օրերին»: Նա պատասխանեց. «Իսկ սա ո՞վ է ձեզ գրում»։ 
Աշխատանքային հարցերում մանկապատանեկան զգացմունքայնություն է ցուցաբերում նաեւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա էլ մի յուրօրինակ սկզբունք ունի՝ ատում է բժիշկներին ու առանցքային պաշտոնների նշանակում է «ոչ բժիշկների», այսպես ասած՝ մենեջերների ու ընկերների դասից: Արսեն Թորոսյանի երեք տեղակալներից ոչ մեկը բժիշկ չէ: Շավարշ Գրիգորյանը նախկինում Սեւանի հոգեբուժական հիվանդանոցի տնօրենն է եղել, բժշկական կրթություն չունի, մասնագիտությամբ տնտեսագետ է: Վերջերս նախարարի տեղակալ նշանակված Արտյոմ Սմբատյանը նույնպես չունի բժշկական կրթություն՝ նախկինում օպերատիվ հետախուզական մարմինների աշխատակից է եղել, ըստ մամուլում շրջանառվող տվյալների: Նախարարությունը, երբ Արտյոմ Սմբատյանը դեռ նախարարության գլխավոր քարտուղարն էր, հրաժարվել էր նրա կենսագրական տվյալները հաղորդել «Փաստինֆո»-ին, պատճառաբանելով, թե դրանք կառավարությունում են, քանի որ վարչապետն է նշանակում գլխավոր քարտուղարին: Անահիտ Ավանեսյանը նույնպես որեւէ առնչություն չունի բժշկության հետ: Նա պետական համալսարանի շրջանավարտ է, իրավաբան, փաստաբան է աշխատել երկար ժամանակ, ՀԿ սեկտորից է:

Լենա Նանուշյանը պետական բժշկական համալսարանը ավարտած կանխարգելման մասնագետ է: Նա միակն է, ով բժշկական կրթություն ունի, սակայն բժիշկ չի աշխատել, այլ համակարգել է սպիդի դեմ պայքարը: Իսկ երբ փոխնախարարներից ոչ մեկը պատկերացում չունի հիվանդանոցներից, բուժումից, բժիշկներից, արդյունքը դրական չի լինում։ Առնվազն ծննդատների ֆինանսավորումն են կրճատում՝ առողջապահության համակարգին նայելով որպես բիզնես ոլորտ։ Պետք է ընդունել, որ Արսեն Թորոսյանի «ատելությունը» բժիշկների նկատմամբ փոխադարձ է: Նրանք էլ նախարարին առանձնապես չեն «սիրում» եւ մասնավոր զրույցներում սովորաբար ընդգծում են, որ խորությամբ ընկալել առողջապահության կարիքներն ու համակարգի հոգսը կարող է միայն բժիշկը, այլ ոչ թե բժշկի դիպլոմով բիզնեսմենը կամ քաղաքական գործիչը: