Դա ոչ թե վարկաբեկող, այլ իմ հեղինակությունը բարձրացնող ձայնագրություն էր

Դա ոչ թե վարկաբեկող, այլ իմ հեղինակությունը բարձրացնող ձայնագրություն էր

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի պաշտպանները բողոք են ներկայացրել դատարան՝ վիճարկելով Վարդազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, եւ պահանջել են դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը։ Երկու բողոքները քննվում են տարբեր դատավորների վարույթում։ Առաջինը քննում է Երեւանի Կենտրոն դատարանի դատավոր՝ նախկինում Նոր Նորքի դատարանի նախագահ Դավիթ Հարությունյանը, իսկ երկրորդը՝ Արմինե Մելիքսեթյանը։

Երեկ պետք է դատական նիստ կայանար, սակայն հետաձգվել է։ Վարդազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դատախազությունն ուզում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավոր Դավիթ Հարությունյանին։ Պարզ է՝ չեն ուզում, որ անկախ եւ ինքնուրույն դատավորի համարում ունեցող Հարությունյանը քննի այս բողոքը։ Ակնհայտ է, որ հերթական փուչիկ քրեական գործը կարող է դատարանում փլվել եւ հերթական անգամ խայտառակել դատախազությանը։

Ռ․ Վարդազարյանն անդրադարձավ նաեւ օրերս համացանցում հրապարակված սկանդալային ձայնագրությանը, որտեղ դատավոր Արմեն Բեկթաշյանն ինչ-որ անձանց հետ զրույցում պատմում է, թե ինչպես է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը զանգահարել իրեն եւ խնդրել կալանքից ազատել Ալավերդցի Վահագն անունով քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանին։ Հարցրինք նրան՝ հնարավո՞ր է այս ձայնագրությունը քննության առարկա դառնա նախաքննական մարմնի կողմից։ 
«Չեմ կարծում, որ կարող է ապօրինի ձայնագրությունը քննության առարկա դառնալ»,- ասաց նա։

- Բայց Դուք պարզե՞լ եք՝ որքանով է այդ ձայնագրությունն ապօրինի, ով է դա կատարել, ինչ նպատակով։

- Չէ, տեղյակ չեմ։ Եթե օրինական լիներ, նախաքննական մարմինը կամ օպերատիվ մարմինը կհրապարակեր։ Եթե հայտնվել է իշխանական կայքերից մեկում, ենթադրում եմ, որ ապօրինի է եղել։

- Իսկ պա՞րզ է, թե ովքեր են խոսում դատավոր Բեկթաշյանի հետ այդ ձայնագրության մեջ։

- Չէ, պարզ չէ, թող նախաքննությունը պարզի։

- Դուք այս հարցով դիմելո՞ւ եք դատարան, որ պարզեք, թե ինչու են գաղտնալսել։

- Իսկ ո՞ւմ են գաղտնալսել։ Դուք ասում եք՝ Վարդազարյանի սկանդալային ձայնագրություն, Վարդազարյանը մի հատ ձեն հանե՞լ ա էդ ձայնագրության մեջ։ Բեկթաշյանն ինքն իրեն խոսում ա, մենախոսություն է՝ ըստ ձայնագրության։ Ի՞նչ կապ ունի Վարդազարյանը դրա հետ։

- Ձեր թեմայով է, Ձեր մասին է խոսում, դրա համար են այդպես ասում, ձայնագրության հրապարակման վրա էլ Ձեր նկարն էր դրված։

- Եթե իմ նկարն են դրել, ուրեմն ի՞մ մասին է։ Իսկ ինչո՞ւ գլխավոր դատախազի նկարը չեն դրել, նրա մասին էլ է խոսվում։

- Ամեն դեպքում, այս ձայնագրությանն ինչ-որ իրավական գործընթաց պե՞տք է հետեւի, ի՞նչ եք կարծում։

- Վստահ եմ, որ իրավական հետեւանք լինելու է։

- Ո՞ւմ կողմից է դա նախաձեռնվելու, փաստացի սա Ձեր հեղինակության վրա է ազդում։

- Իմ հեղինակության վրա՞ է ազդում։ Դա միայն դրական առումով է ազդում իմ հեղինակության վրա։

- Ինչո՞վ։ Մարդիկ ասում են՝ տեսա՞ք, Վարդազարյանը, ամեն դեպքում, փորձել է միջամտել արդարադատությանը՝ զանգել, ասել է դատավորին, որ ազատ արձակի։ 

- Ասել է՝ ուշադիր եղիր, սա պետության խնդիր է, սա դատական համակարգի խնդիրն է։ Դրանով իմ հեղինակությունը միայն բարձրանում է եւ ոչ թե հակառակը։ Եթե դատավորին զանգում ասում ես՝ ուշադիր եղիր, կարեւոր հարց ա, դրանով, ընդհակառակը, իմ ուշադրությունն է կարեւորվում եւ կարեւորվում է այն, որ ես աչալուրջ եմ եւ հետեւում եմ, որպեսզի աղմկահարույց գործերի նկատմամբ դատավորներն ուշադիր լինեն։

- Ամեն դեպքում չեք հերքում, որ այդ ձայնագրության մեջ Բեկթաշյանը հենց Ձեր մասին է խոսում, եւ Դուք իսկապես զանգել եք նրան այդ հարցով։

- Այ, դա պետք է պարզել Բեկթաշյանից։ Քանի որ Բեկթաշյանի մենախոսությունն է, ես չեմ կարող ասել՝ Բեկթաշյանն ինչ նկատի ունի։ Ես կարող է տասն անգամ Բեկթաշյանի հետ խոսացած լինել այս ընթացքում, ես ի՞նչ իմանամ՝ ինքն ինչը նկատի ունի, ո՞ր զրույցը նկատի ունի։

- Հենց այն զրույցը, որի մասին քիչ առաջ ասում էիք, որ զանգել եւ ասել եք՝ սա պետության, դատական համակարգի խնդիրն է։

- Ես չգիտեմ՝ դա երբ է եղել, որ օրն է եղել, ինչ հարցով է եղել, այդ ձայնագրությունը, որ կատարվել է, դա հենց նո՞ւյն օրն է եղել, մյուս օրն է եղել, մի ամիս հետո է եղել։ Էնքան կիքսեր կան էդ ձայնագրության հետ կապված, որ մինչեւ դրանք չպարզվեն, ինձ ոչ ոք չի կարող հարց տալ։

- Իսկ Դուք գործընթաց սկսելո՞ւ եք այդ ձայնագրության հետ կապված, թե՞ Ձեր հեղինակությանն առնչվող որեւէ խնդիր չեք տեսնում։

- Չէ, ինչի՞ համար, դա ոչ թե վարկաբեկող, այլ իմ հեղինակությունը բարձրացնող ձայնագրություն էր։ Ես էդպես եմ գնահատում։