Ճշմարտությունը՝ քիչ, իսկ PR-ը շատ
Կառավարությունն այսօր որոշեց ստեղծել մի ՓԲԸ, որը զբաղվելու է Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի կառավարման, տեխնոլոգիաների ընտրության, դրանք կառավարությանը ներկայացնելու, իսկ հետագայում էներգաբլոկի կառուցման ու շահագործման հարցերով։
Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նիստին հայտարարեց, թե սրանով Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու ծրագիրն ավելի ինստիտուցիոնալ և համակարգային կիրականացվի։ Նորաստեղծ «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն մեծ բյուջե կունենա՝ տարեկան շուրջ 800 միլիոն դրամ եւ 50-60 տարբեր ոլորտներ ներկայացնող անձնակազմ: Նախագծի հիմնավորման մեջ ուշագրավ ձեւակերպում կա։ «Հաշվի առնելով աշխարհում միջուկային տեխնոլոգիաների զարգացման փուլը և աշխարհաքաղաքական զարգացումները, կարծում ենք, որ տվյալ կազմակերպության ստեղծումից և համապատասխան անձնակազմի համալրումից հետո 1,5-2 տարվա ընթացքում կկարողանա կառավարությանը տալ հիմնավորված առաջարկ տեխնոլոգիայի ընտրության վերաբերյալ»,-նշվում է հիմնավորման մեջ:
Այսինքն, նորստեղծ կազմակերպությունը երկու տարի շարունակ պետբյուջեի հսկայական միջոցներով իբրեւ թե տեխնոլոգիաների ընտրության ուսումնասիրություն պետք է իրականացնի, բայց որոշումը կախված է լինելու աշխարհաքաղաքական զարգացումներից։
Էներգետիկ եւ անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում այս մոտեցումը «կանաչի ծախողի մակարդակի խորամանկություն» անվանեց։ «Ասել է թե, եթե իրավիճակը փոխվի, մենք էլ, ըստ դրա, կփոխվենք՝ կնգանք դեպի Ռուսաստան կամ Արեւմուտք։ Իրականության մեջ մեծ ընտրություն չկա։ Հայաստանի համար ռուսական կայաններն ավելի ընդունելի են, նախ այն պատճառով, որ մենք ունենք հայ մասնագետներ, մեր ինժեներները այդ տեխնոլոգիաներով են սովոր աշխատել եւ բացի այդ, դրանք ավելի մատչելի են», մեկնաբանեց մասնագետը։ Մանվելյանը տպավորույթուն ունի, որ նորաստեղծ ՓԲԸ-ն ստեղծվում է փող լվանալու կամ մերձիշխանական շրջանակների համար մեծ աշխատավարձեր ապահովելու համար։ Ասում է՝ պարզ չէ, թե այդ ահռելի բյուջեով ինչով է զբաղվելու այդ ընկերությունը երկու տարի շարունակ, այն դեպքում, երբ միջուկային շուկան շատ մեծ տեխնոլոգիաներ չի առաջարկում։
«Մի քանի տեխնոլոգիա կա, որոնցից գերակշռում է ռուսական VVER (водо-водяной энергетический реактор) կոչվող տեխնոլոգիան։ Հիմա Չինաստանն է տեխնոլոգիաներ առաջարկում եւ գնային մեծ տարբերություններ կան։ Ռուսականը 5-6 միլիարդ արժե, արեւմտյան տեխնոլոգիաները սկսում են 8 միլիարդից ավելիից։ Այսինքն, տնտեսատեխնոլոգիական մեծ աշխատանքի անհրաժեշտություն չկա։ Ուստի, ես համոզված եմ, որ այս ընկերությունը զբաղված է լինելու փող մաքրելով»,-նշում է փորձագետը՝ հորդորելով սկեպտիցիզմով վերաբերվել այս կառավարության հայտարարությանը եւ, ընդհանրապես, գործող իշխանության հայտարարություններին, որոնք վերաբերում են միջուկային էներգետիկայի ոլորտին։ Այնտեղ, Մանվելյանի բնորոշմամաբ, ճշմարտությունը քիչ է, իսկ փիարը՝ շատ։
«Վերջին 6 տարիները ցույց են տվել, որ նրանք ոչինչ չեն անում, իսկ մեր էներգետիկ համակարգը, դրա արդյունքում, աղետալի վիճակում է»։
Հայտարարություններին, թե ներկայումս ամերիկյան հայտնի ընկերությունն այս ուղղությամբ Հայաստանում աշխատանքներ է իրականացնում, Մանվելյանը թերահավատորեն է մոտենույմ ու շեշտում է՝ եթե ինչ-որ ամերիկյան ընկերություն գործ է անում Հայաստանում, ապա դա գաղտնիք չէ, պետք է անունը հնչեցնեն։
«Այնպես որ, չի բացառվում, դա էլ լինի հերթական կեղծիքը՝ իրականությունից լրագրողներին շեղելու համար, թե ինչ-որ մեկը եկել ու գործ է անում Հայաստանում։ Կրկնում եմ, այստեղ գործ անելու տեղ էլ չկա, որովհետեւ ամերիկյան տեխնոլոգիաներն ունեն իրենց պահանջները։ Շատ խնդիրներ կան նաեւ ՄԱԳԱՏԷ-ի հետ, եթե դու նոր ռեակտոր ես կառուցում, կարեւոր չէ, մեծ, թե փոքր, դա առանձին հարց է, մեկ այլ հարց է վառելիքը Հայաստան բերելու, ապա հետ տանելու եւ վերամշակելու հարցը։ Բազմաթիվ խնդիրներ կան, որոնց պատասխանները այս իշխանությունը չունի, որովհետեւ չի հասկանում այդ պրոբլեմատիկայից, իրենց դա հետաքրքիր չէ, սա ավելի շատ փիարի ու փող աշխատելու բնագավառից է»,-համոզված է էներգետիկ եւ անվտանգության հարցերով փորձագետը։
Կարծիքներ