Երեկ՝ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ խաղաղության պայմանագրի մասով «իշխանությունների դիրքորոշումը նույնական է ընդդիմության եւ Արցախից հնչող դիրքորոշման հետ, եւ որ Հայաստանը շատ ավելի վաղ է համաձայնություն տվել այդ առաջարկին»։ Խոսքը ռուսական առաջարկների մասին է։ Իսկ առաջարկը Փաշինյանը ձեւակերպեց այսպես՝ անորոշ ժամանակով հետաձգել Արցախի հարցը։
«Կառավարությունը հենց շատ վաղուց՝ դեռեւս 2021 թվականի հունվարից, էդ պայմանավորվածությունն ընդունել է։ Դրա մասին չի խոսել՝ զուտ կոռեկտությունից ելնելով, բայց քանի որ, եւ ես շնորհակալ եմ Ռուսաստանի Դաշնության նախագահին, որ թեման, այնուամենայնիվ, պարզաբանելու հնարավորությունը մեզ համար ընձեռեց, եւ եթե մեր կառավարության դիրքորոշումը խուսափողական է, մենք, ըստ էության, էսօրվա մեր դիրքորոշումն այն է, ինչ մեզնից պահանջում էր ընդդիմությունը՝ չիմանալով, որ մենք այդ դիրքորոշումը վաղուց ենք որդեգրել»,- ասաց Փաշինյանը՝ սադրելով ընդդիմությանը, թե համաձայն չեն՝ թող խոսեն այդ մասին։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Քրիստինե Վարդանյանը, մինչդեռ, հիշեցնում է Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները եւ պնդում, որ փողոցային պայքարի արդյունքում է Փաշինյանն ընդունել այն տարբերակը, որն Արցախը դուրս չի թողնում օրակարգից․ «Փաշինյանի այդ հայտարարությունը պետք է գնահատել որպես փողոց դուրս եկած տասնյակ հազարավոր մարդկանց աշխատանքի արդյունք, իսկ ովքեր համաձայն չեն, թող հիշեն մինչեւ փողոց դուրս գալը Փաշինյանի այն հայտարարությունը, թե միջազգային հանրությունն Արցախի հարցով ստիպում է իջեցնել նշաձողը։ Արցախում եւ Հայաստանում տասնյակ հազարավոր քաղաքացիների փողոց դուրս գալն անգամ այս իշխանությանն այլընտրանք չի թողնում, քան փոխել դիրքորոշումը հերթական անգամ եւ գնալ ազգային ուժերի առաջ քաշած օրակարգով»։
Հիշեցնենք, որ փողոցային պայքարի նախաձեռնությունը Դիմադրության շարժմանն էր, որի կորիզը խորհրդարանական ընդդիմությունն է, նախեւառաջ՝ «Հայաստան» դաշինքը։ Փաշինյանի վերջին հայտարարությունը, սակայն, չի նշանակում, որ ընդդիմությունն այլեւս անելիք չունի եւ զենքերը պետք է վայր դնի, քանի որ հաջողել է ազգային օրակարգ պարտադրել իշխանություններին․ «Այս հայտարարությունն անում է մեկը, ով ժամանակին ասում էր՝ Արցախը Հայաստան է, եւ վերջ, իսկ արդյունքում ունեցանք Արցախի 75 տոկոսի կորուստ։ Ասում է մի մարդ, ով խոստանում էր, թե իր իշխանության օրոք աղքատությունը պետք է հաղթահարվի, բայց մենք հիմա ավելի շատ աղքատներ ունենք։ Մարդ, ով 2021-ին հայտարարեց Հադրութի դեօկուպացիայի մասին, իսկ այսօր չի էլ կարողանում արտասանել «Արցախի Հանրապետություն» բառակապակցությունը։ Կյանքը ցույց է տվել, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է մի բան, իսկ իրականությունն այլ է։ Նոյեմբերի 8-ին այդ մարդը գրում էր, թե Շուշիի համար մարտերը շարունակվում են, բայց մյուս ձեռքով էլ բանակցում կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրելու ուղղությամբ։ Հետեւաբար, իր որեւէ հայտարարություն չի կարող նշանակություն ունենալ մարդկանց համար, ովքեր այս իրավիճակից ելքեր են փնտրում»։
«Ո՞վ ասաց, որ Արցախի հարցի ձգձգումը բխում է Հայաստանի կամ Արցախի շահերից»․ Փաշինյանի հայտարարությունը տարակուսանք է առաջացրել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի մոտ։ Նա վստաhեցնում է՝ Հանրապետական կուսակցությունը երբեւէ չի հայտարարել, թե իր դիրքորոշումն այս կամ այն մայրաքաղաքի մոտեցման մեջ է։ «Մեզ համար կան կոնկրետ սկզբունքներ, որոնք նախորդ տասնամյակում՝ 2008-2018 թվականների ընթացքում, մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություն են եղել։ Կար բանակցային գործընթաց, եւ հասել էինք մի կետի, որտեղ ինքնորոշման իրավունքի սկզբունքն ամրագրված էր փաստաթղթով, այդ փաստաթուղթն ընդունվել էր Ադրբեջանի կողմից։ Իսկ այսօր չունենք բանակցային գործընթաց, ինքնորոշման իրավունքի մասին նույնիսկ Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն են վախենում խոսել, դեռ չեմ խոսում դրանք քննարկումների կամ բանակցությունների առարկա լինելու մասին։ Եվ այստեղ խոսել նրա մասին, որ ընդդիմության մոտեցումները համահունչ են գործող իշխանությունների մոտեցումների հետ, կապ չունի իրականության հետ»,- ասաց Աբրահամյանը։