Սթափ որոշումների հրամայականը

Սթափ որոշումների հրամայականը

COVID-19 համավարակը լուրջ տնտեսական ճգնաժամի առաջ է կանգնեցրել  
աշխարհին և առաջիկա մի քանի տարիների կտրվածքով  մտահոգիչ են  ինչպես  
համաշխարհային, այնպես էլ Հայաստանի տնտեսական կանխատեսումները:

Ճգնաժամը վերահաստատեց, որ երկրի համար դժվար պահին  
հանքարդյունաբերությունը փրկօղակ է, որն ապահովում է բյուջետային  
մուտքերի կայունությունը և հնարավորինս մեղմում տնտեսության կտրուկ  
անկումը։ Ակնհայտ է, որ առանց հանքարդյունաբերության  բերած  
արտարժութային ներհոսքերի, բազմապատիկ ծանր է լինելու ֆինանսական հատվածի  
  և գների կայունության խնդիրը։

Միաժամանակ, մասնավոր տրանսֆերներին և զբոսաշրջության ոլորտում սպասվող  
անորոշության պայմաններում մետաղական հանքարդյունաբերությունն առաջիկա  
տարիներին շարունակելու է անվտանգության բարձիկի դեր  կատարել՝ երկրի  
տնտեսության ու բյուջեում մուտքերի ապահովման համար։

Արդեն իսկ ստեղծված տնտեսական և սոցիալական խնդիրները հաղթահարելու համար  
անհրաժեշտ են երկարաժամկետ և իրական ծրագրեր, որոնց լուծման կարևորագույն  
բանալիներից մեկը կարող է լինել հենց հանքարդյունաբերությունը: Ուստի,  
այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտություն է առաջացել վերաիմաստավորել  
հանքարդյունաբերության ներուժը, վեր կանգնել ոլորտի հասցեին հնչող  
մակերեսային և դեկլարատիվ տարբեր հայտարարություններից, մշակել և  
իրականացնել գիտական հիմքով ոլորտի զարգացման երկարաժամկետ  
ռազմավարություն: Հանքարդյունաբերության դերն անփոխարինելի է լինելու նաև  
երկրի աճող պետական պարտքը սպասարկելու գործում` որպես ամենամեծ հարկային  
ծանրաբեռնվածությամբ, ամենամեծ տնտեսական կումուլյատիվ էֆեկտով և  
արտարժութային պոտենցիալով ճյուղ։

Լիահույս ենք, որ կառավարությունն ու գիտակից հասարակական շրջանակներն  
այսօր ամբողջությամբ և իրատեսորեն են ընկալում հանքարդյունաբերության  
անփոխարինելի դերը և պատրաստ են աջակցել՝ բնագավառը անպատասխանատու և  
ապագիտական թիրախավորումից պաշտպանելու, ոլորտն ի շահ պետության  
զարգացնելու հարցում՝ հատկապես այն դեպքում, երբ առկա է չօգտագործված  
ռեսուրս, իսկ, ի հեճուկս տարածված միֆերի, ոլորտում ներդրումներ բերելը  
պահանջում է ահռելի ջանքեր: Ժամանակն է գիտակցել, որ  
հանքարդյունաբերության դեմոնիզացիայի արշավին տուրք տալը հարվածում է   
հավասարակշռված և դիմացկուն տնտեսություն ունենալու մեր ընդհանուր  
նպատակին:

Հանքագործների և մետալուրգների միությունն իր պատրաստակամությունն է  
հայտնում աջակցելու ՀՀ կառավարությանը պատասխանատու  
հանքարդյունաբերության ներդրման ջանքերում՝ ի նպաստ ճգնաժամի   
հաղթահարման և երկրի տնտեսական կայունացման:


Հարգանքով՝
Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն