Ա՜խ, այս մամուլը

Ա՜խ, այս մամուլը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի հերոս Սամվել Բաբայանի թիմակիցներն անհամբեր սպասում են օգոստոսի 31-ին, քանի որ այդ օրը լրանում է այն մեկ ամիսը, որ պետք է ԼՂՀ ԿԸՀ-ն խորհրդարան ուղարկի բաբայանականների կողմից հավաքված ստորագրությունների արդյունքները: Արդեն ԼՂՀ ԱԺ-ն կորոշի՝ արդյոք Սամվել Բաբայանին հնարավորություն կտան մասնակցելու Արցախում սպասվելիք նախագահական ընտրություններին: Իսկ այդ ժամանակահատվածում Բաբայանի թիմը փորձում է Արցախում ժողովրդի տրամադրվածությունը պարզել, հասկանալ այն դիրքորոշումը, որ ունեն իրենց թիմի նկատմամբ: Իսկ ինչ վերաբերում է այդ ստորագրահավաքներին, ապա, ըստ Արցախում շրջանառվող տեղեկությունների, Արցախի խորհրդարանում այնքան էլ հակված չեն դրանց ընդունմանը»:

Ձեւակերպումների գրագիտությունը թողնենք հեղինակի խղճին եւ անդրադառնանք խնդրի էական կողմին: Սամվել Բաբայանի թիմը ստորագրահավաք է նախաձեռնել Արցախի սահմանադրության հոդված 48-ում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ: Առաջարկված է տարբերակ, որը թույլ է տալիս Արցախի նախագահի թեկնածու առաջադրվել նաեւ Հայաստանի քաղաքացի հանդիսացող անձին, որը Հայաստանում մշտապես բնակվել է վերջին երեք տարիներին: Սահմանադրության այդ հոդվածը կարող է փոփոխության ենթարկվել միայն հանրաքվեի միջոցով, ուստի սխալ է ասել, թե Արցախի ԱԺ-ն պետք է որոշի՝ «արդյոք Սամվել Բաբայանին հնարավորություն կտան մասնակցելու սպասվելիք նախագահական ընտրություններին»:

Օրենքով Ազգային ժողովն այդ հարցում մեկ իրավասություն ունի՝ համաձայնություն տալ, որ հարցը դրվի հանրաքվեի՞, թե՞ ոչ: Արցախի նախագահի ընտրություններին Սամվել Բաբայանի մասնակցել-չմասնակցելու հարցը կարող է լուծվել միայն հանրաքվեով: Իսկ կնշանակվի՞ հանրաքվե, թե՞ ոչ՝ կախված է նրանից, թե առաջարկվող փոփոխությունների սահմանադրականության հարցում ինչպիսին կլինի Արցախի Գերագույն դատարանի որոշումը: Ընթացակարգն  այնպիսին է, որ հարցն առաջին ընթերցմամբ քննարկելուց հետո Ազգային ժողովը դիմում է Գերագույն դատարանին՝ ստանալու փոփոխությունների սահմանադրականության վերաբերյալ եզրակացություն:

Եթե Գերագույն դատարանը որոշի, որ փոփոխությունները չեն հակասում սահմանադրությանը, ապա Ազգային ժողովին կմնա կայացնել քաղաքական վճիռ: Եթե Գերագույն դատարանի եզրակացությունը բացասական լինի, հարցը դուրս կգա ԱԺ օրակարգից: Այսինքն, խնդիրը զուտ իրավական է: Եւ այդ մասին բազմիցս արտահայտվել են Արցախի քաղաքական ուժերը, խորհրդարանականները, տեսակետ է արտահայտել Հայաստանի ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը: Թվում է՝ արված են սպառիչ մեկնաբանություններ, մնում է սպասել Արցախի Գերագույն դատարանի վճռին: Բայց, երեւում է, որոշակի շրջանակների ձեռնտու է անընդհատ թեժ պահել «Արցախում այնքան էլ հակված չեն ընդունելու Սամվել Բաբայանի թիմի կազմակերպած ստորագրահավաքի արդյունքները»: Ուստի հարկ է եւս մեկ անգամ պարզաբանել. Անցկացված ստորագրահավաքը հնարավորություն է տալիս փոփոխությունների նախագիծը ներկայացնել քննարկման: Ընդամենը: Մնացածը  գործընթաց է, որը կսկսվի օրենքով նախատեսված ժամկետում եւ խնդրին կտրվի բացառապես իրավական լուծում: