Եթե ես լինեի աջակից, կարծում եմ՝ հիմա կա՛մ դեպուտատ կլինեի, կա՛մ առնվազն քաղաքապետ

Եթե ես լինեի աջակից, կարծում եմ՝ հիմա կա՛մ դեպուտատ կլինեի, կա՛մ առնվազն քաղաքապետ

Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարին երեկ ներկա էր նաեւ երգիչ, երգահան Արամոն։ Նա մեզ հետ զրույցում ասաց, որ համագումարին որպես հրավիրյալ է մասնակցում, ու քանի որ կուսակցության հիմնադիրների մեծ մասը սյունեցիներ են, ինքն էլ կիսով չափ սյունեցի է՝ մայրական կողմը Գորիսից է, գենը խոսել է, ու եկել է ծանոթանալու կուսակցության ծրագրի դրույթներին։ 

Հարցրինք՝ հնարավո՞ր է կուսակցության ծրագրին ծանոթանալուց հետո նաեւ անդամակցի այս քաղաքական ուժին։ Արամոն ասաց․ «Չեմ կարծում, որովհետեւ ես արարող ու ստեղծագործող մարդ եմ։ Չգիտեմ՝ հետագայում ինչ կլինի, բայց ուզում եմ նախ ծանոթանալ, որովհետեւ էս իրավիճակից պետք է դուրս գալ, եւ վերածնվող Հայաստան է պետք մեզ»։

- Մշակութային գործիչները, սովորաբար, իրենց հեռու են պահում քաղաքականությունից, թեպետ նրանց հաճախ մեղադրում են իշխանությանն առընթեր լինելու, իշխանության սրտի գործիչներ լինելու եւ նրան ծափահարելու մեջ։

- Էսպես ասեմ, օրինակ նույն արտիստի, դերասանի կյանքում, շատ բարդ է։ Ես շատ հասարակ օրինակ բերեմ, եթե որեւէ անձ համերգ է տալիս կամ ներկայացում, տոմսավաճառը չի հարցնում՝ դու ո՞ր կուսակցությունից ես, դու իշխանությո՞ւն ես, թե՞ ընդդիմություն ես։ Մարդը գալիս է վայելելու արտիստին կամ ներկայացումը։ Բայց էդ արտիստների մասով, կարծում եմ, ամեն մեկն ունի իր բանականությունը, իր տեսակետը, եթե էնտեղ է, ուրեմն էնտեղ է, եթե էս կողմն է․․․ ամեն մարդ իր խոսքի իրավունքն ունի եւ ամեն մարդ իրավունք ունի լինել էնտեղ, որտեղ ցանկանում է։

- Եթե չեմ սխալվում, 2018-ի հեղափոխությանը Դուք էլ էիք աջակցում։

- Ես չեմ աջակցել, ես հայտնվեցի սխալ վայրում, սխալ տեղում, սա մի քիչ երկար թեմա է խոսելու, ես եղել եմ մի անգամ հարթակում, եթե ես լինեի աջակից, կարծում եմ՝ հիմա կա՛մ դեպուտատ կլինեի, կա՛մ առնվազն քաղաքապետ։

- Իսկ ի՞նչը Ձեզ մոտ հիասթափություն առաջացրեց։

- Ես սիրում եմ, որ մարդ երբ որ խոստում է տալիս, երբ որ ինչ-որ բան ասում է, պիտի ճշգրտություն եւ խոսքի կատարումը լինի։ Օրինակ՝ 2018 թվականին Փաշինյանն ասաց, որ երբ վարչապետը հրաժարական է տալիս, նա ԺՊ չի կարող լինել, բայց հիմա ինքը ԺՊ է։ Կամ՝ երբ 2018 թվականին Ռոբերտ Աբաջյանի ֆեյք պապիկին ներկայացրին․․․ մարդ առավոտյան ուրիշ բան է ասում, ցերեկը՝ ուրիշ, երեկոյան՝ ուրիշ։ Չի կարելի։

- Այսքանից հետո ժողովուրդը, ըստ Ձեզ, նորից ձայն կտա՞ այս իշխանություններին։

- Եթե մարդը մտածել գիտի եւ եթե էդ երեք տարվա կինոլենտը հետ տա եւ հասկանա՝ ինչ է խոստացվել, ինչ է արվել, ինչը չի արվել, ինչի ենք հասել, ես կարծում եմ՝ ամենախելոք մարդը պետք է ուղղակի հրաժարվի էս իշխանությունից։ Մենք պարտվել ենք, չէ՞, պատերազմում, Փաշինյանը պետք է պատերազմում պարտվելուց հետո հեռանար։ Ընդհանրապես, նման իրավիճակում Ճապոնիայում խարակիրի էին անում՝ փակում են, կրակում են։ Էստեղ, իրականում՝ կա՛մ հրաժարականն էր, կա՛մ հեռանալն էր, կա՛մ ինքնասպան լինելը։