Տարիների հեռվից․ թե ոնց ինձ ընդառաջեց

Այսօր Անդրանիկ Մարգարյանի մահվան օրն է։ Որոշեցի մոտ 25 տարվա հեռավորությունից հիշել ու վարչապետի մարդ տեսակը ներկայացնել։
Մտել էի շրջանայինի մոտ մի գրադարան, եթե չեմ սխալվում, «Ավասա» էր անունը։ Նոր էի Սյունիքից տեղափոխվել՝ երեխաներս ուսանող էին։ Վարձով էինք ապրում, ու երևի պարզ է, թե ինչպես էինք ապրում։ Մտա ներս ու․․․ Անդրանիկ Մարգարյանն էր այնտեղ։ Մի մեքենա բարձած գիրք էր գնում։ Քաշվելով վաճառողուհուն ասացի՝ «Ռանչպարների կանչն եմ» ուզում։ Նա էլ թե՝ էլ չկա։ Պարզվեց, որ ողջ խմբաքանակը վարչապետն է գնել։ Նրա ամենասիրած գիրքն էր դա։ Ինքը, ինչպես ասաց այն ժամանակվա տնօրենը, հաճախակի էր գրքեր գնում ու նվիրում մարդկանց։ Շատ մեծ քանակությամբ էր գնում։
Քոռ ու փոշման ուզում էի դուրս գալ, երբ վարչապետն ասաց՝ սպասիր։ Գնված գրքերը դրսում մեքենայի մեջ էին, ասաց, որ մեկը բերեն։ Երբ վերցրի գիրքը, աչքերս ուրախությունից այնպես փայլեցին, որ վարչապետը հարցրեց․
Քեզ նվերը շա՞տ ուրախացրեց։ Իմ ամենասիրած գիրքն է։
Պարտադիր չէր, որ բան ասեի, նա տեսնում էր ուրախությունը դեմքիս։ Ասացի, որ իմ սիրած գիրքն էլ է դա։ Հետո հարցրեց մասնագիտությունս ու երբ զրույցից իմացավ, որ նոր եմ տեղափոխվել Երևան ու չեմ աշխատում և երկու անվճար սովորող ուսանող ունեմ, ժպտաց՝ վաղը քեզ կզանգեն ու կաշխատես։ Հաջորդ օրը «Հարթակ»-ի գլխավոր խմբագիր Մերուժանը զանգեց՝ արի մեզ մոտ աշխատանքի։ Երբ գնացի, Մերուժանին թվաց, թե երևի ես վարչապետի բարեկամն եմ, բացվեց՝ միասին հինգ տարի բանտում ենք նստել, մոտիկ ենք շատ, խմբագիր կաշխատես։ Երբ աշխատավարձը ստանալուց իմացա, որ իմը մնացածից բարձր է ու փորձեցի հասկանալ, Մերուժանը ժպտաց՝ «դու կառավարության ֆոնդից ես ստանում»։ Ես չխորացա ու դա որպես կատակ ընդունեցի, հետագայում, երբ ինքս էլ քաղաքական թոհուբոհում թրծվեցի՝ հասկացա, որ դա կատակ չէր։
Նա տիեզերական բարության ու սուտ խոստումներ շռայլող տեսակ չէր։ Մեծ սրտով, համեստ մի մարդ էր, ում վրա կարելի էր հույս դնել։
Դրանից հետո Անդրանիկ Մարգարյանին էլ չտեսա։ Երբ թաղմանը պանթեոն էի գնացել ու հոնգուր-հոնգուր ետևի շարքում կանգնած լաց էի լինում, մի կին ասաց՝ բարեկամն է երևի, ճանապարհ բացեք թող մոտենա։
Կարծիքներ