Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար դիմել են գլխավոր դատախազին
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել է գրավոր բողոք Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը անհապաղ դադարեցնելու մասին՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
«Քննիչի կողմից, մեր կարծիքով, թույլ է տրվել կոպիտ իրավաբանական սխալ, կապված օրենքի 2011 թվականին գործող խմբագրության և ներկայիս խմբագրության հետ, որի արդյունքում ակնհայտ է, որ բացակայում է հանցակազմի սուբյեկտիվ կողմը, այսինքն՝ հանցակազմը:
Ակնկալում ենք դատախազության մեկ էջանոց «մոնումենտալ» իրավական մտքի հուշարձան-պատասխան՝ մեր բողոքը մերժելու մասին»,-նշում է Աթանեսյանը։
Նշենք, որ Վլադիմիր Գասպարյանին երեկ մեղադրանք է առաջադրվել։
Ըստ մեղադրանքի, Գասպարյանը 1997-2011-ը թվականները, երբ զբաղեցրել է ռազմական ոստիկանութան պետի, այնուհետև Պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, տեղյակ է եղել, որ Պաշտպանության նախարարության զորամասի 3 զինծառայողներ՝ Նելսոն Սարոյանը, Արմեն Մովսեսյանը և Խաչիկ Բադեյանը 2001, 2004, և 2009 թվականներից զորամասում հրամանագրված են եղել որպես ռազմական ոստիկան, բայց նշանակման օրվանից չեն ներկայացել զինծառայության: Դրա փոխարեն կատարել են այլ աշխատանք՝ նրանցից մեկն աշխատել է որպես Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր՝ Լյովա Սարգսյանի վարորդ, իսկ երկուսը՝ մյուս եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահներ։ Երեք զինծառայողներն այս գործով որպես վկա են անցնում։
Կարծիքներ