Կարևորը՝ Արայիկ Հարությունյանի ճեպազրույցից

Կարևորը՝ Արայիկ Հարությունյանի ճեպազրույցից

Դիրքային շատ փոփոխություններ տեղի չեն ունեցել առաջնագծում, ընթացել են շատ ինտենսիվ և լայնածավալ մարտեր։ 

Եվ մենք և հակառակորդը ունեցել ենք կորուստներ։ Իհարկե, ադրբեջանական կողմը մի քանի անգամ ավելի շատ կորուստներ է ունեցել, ինչպես որ 2016թ.։

Ես զարմանում եմ Ադրբեջանի ղեկավարության պահվածքով, մասնավորապես՝ անմարդկային պահվածքով։ Նրանք անտարբեր են իրենց կորուստների հանդեպ։ Սա փաստացի նրա բարբարոս կերպարի մասն է։

Մենք ունենք բազմաթիվ փաստեր, որ այս պատերազմը Ադրբեջանի կողմից նախապատրաստվել էր վաղօրոք։

Թուրքիայի մասնակցությունը այսօր պատահականություն չէ։ Դա չի ձևավորվել մի քանի ամիսների և նույնիսկ՝ մի քանի տարիների ընթացքում։ Թուրքիայի տարածաշրջանի, և նամանավանդ՝ Հայաստանի և Արցախի՝ Հայկական աշխարհի հանդեպ վերաբերմունքը ձևավորվել է մի քանի դարերի ընթացքում։ Մենք դեռ հնարավորություն կունենանք ներկայացնել պանթյուրքիզմի «ճանապարհային քարտեզը» մոտակա ժամանակներում։ 

Ուզում եմ արձանագրել. Թուրքիան հիասթափվել է, իրենց մոտ դա չի ստացվելու։ Որովհետև մենք ունենք հերոսական ժողովուրդ և հերոսական երիտասարդություն, որը պատրաստ է կռվել ու մեռնել հայրենիքի համար։ Որովհետև ունենք երիտասարդ, ով 18 տարեկան է և ով արդեն հասցրել է այդ տարիքում ոչնչացնել 9 զրահատեխնիկա։

Ուզում եմ հայտարարել. Արցախն իր պատմության մեջ երբեք չի գրավվել և երբեք չի գրավվելու։

Անցնող 4 օրում մեր կողմից խոցվել է թշնամու նույնքան զրահատեխնիկա, որքան ողջ Առաջին արցախյան պատերազմում։

Պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի պարտությամբ կամ ոչ հաղթանակով։

Պատերազմը դադարեցնելու հիմնական գործոնը խելքն ու սթափությունն են։ Ադրբեջանի իշխանությունների մոտ դա բացակայում է։

Մեր ապագայի վերաբերյալ բոլոր քաղաքական հարցերը քննարկման ընթացքում են։ Որոշումներն այնպիսին են լինելու, որ Արցախի միջազգային ճանաչման հարցում մենք խնդիրներ չունենք։

Մենք պետք է պատրաստ լինենք երկարատև պատերազմի։ Եթե պատրաստ չլինենք, մենք խնդիրներ կունենանք մեր երկրում մեր խաղաղ ապրելու իրավունքը իրացնելու հետ։ ՊԲ-ի խնդիրն է թշնամուն պարտադրել խաղաղության։ 

Ուզում եմ հայտարարել, որ այս պատերազմի հասցեատերերից մեկը Իրանն է, որովհետև այս պատերազմն ուղղված է նաև Իրանի դեմ։