Հայտնվել է նույն վիճակում, երբ Սերժ Սարգսյանին ասաց՝ իրավիճակին չեք տիրապետում

Հայտնվել է նույն վիճակում, երբ Սերժ Սարգսյանին ասաց՝ իրավիճակին չեք տիրապետում

Օձունի հոգեւոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը, անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին, կարծում է, որ անհրաժեշտ է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել եւ դրանով իրավիճակը լիցքաթափել․ 

«Ես կողմերին զսպվածության կոչ եմ անում՝ լինել սիրով եւ միաբան, ազգի շահը վեր դասել ներկուսակցական իրենց շահից։ Ազգը միաբան կերպով պետք է այս վիճակը հաղթահարի, եւ դրա ճանապարհը ներկա վարչապետի հրաժարականն է եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Քաղաքացիներն էլ ընտրության միջոցով պետք է իրենց կամարտահայտությունն անեն, որովհետեւ նոյեմբերի 9-ից հետո հանրապետությունում իրավիճակը փոխվել է, ներկա քաղաքական վերնախավը չունի մինչեւ նոյեմբերի 9-ը ունեցած վարկանիշը, եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունները միակ ճիշտ լուծումն են, հասարակությունը չպետք է գնա բախումների»։

Վարչապետի հրաժարականը պահանջող Գլխավոր շտաբի հայտարարությունը Փաշինյանը բնորոշեց որպես ռազմական հեղաշրջման փորձ եւ իր կողմնակիցներին հրավիրեց Հանրապետության հրապարակ, ինչի առիթով Տեր Վրթանեսը կարծում է, որ միայն մեկ դեպքում նա կարող էր բոլորին հրավիրել հրապարակ, եթե ասելիքի թեման իր հրաժարականը լիներ․ «Իսկ եթե իր ասելիքից հետո երկրի իրավիճակը պետք է ավելի սրվի, ինչպես որ իր՝ ընդդիմություն եղած ժամանակ հասարակությանը բախման տարավ, եւ վերջում պարզվեց, որ ինքը ո՛չ հրապարակում է, ո՛չ դեսպանատան մոտ, արդյունքում ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ բախում եղավ, որտեղ իր ակտիվ մասնակցությունը կար։ Ու եթե նորից նման իրավիճակի պետք է տանի հասարակությանը, ուրեմն հասարակությունն այնքան խելացի պետք է լինի, որ չտրվի սադրանքի։ Ցավոք սրտի, ինքը դժվարանում է երկիրը ղեկավարել՝ դա մեզ ցույց տվեց ե՛ւ պատերազմական, ե՛ւ մինչպատերազմական իրավիճակը, իսկ երկիրը ղեկավարելու իր ապաշնորհությունը պատերազմի ժամանակ ավելի ակնբախ երեւաց»։

Զինված ուժերը, ոստիկանության մի շարք բարձրաստիճան սպաներ, հոգեւոր դասը, գիտնականներ, մտավորականներ, բուհեր՝ պահանջում են վարչապետի հրաժարականը, մինչդեռ, վերջինիս կարծիքով, չկա համաժողովրդական պահանջ։ «Մեր հասարակության հիմնական մասը՝ գիտնականներ, բժիշկներ, մանկավարժներ, հոգեւորականներ, հասկանում է, որ այս մարդը, ցավոք, ի վիճակի չէ երկիր ղեկավարել։ Ես՝ ինքս, ուրախ կլինեի, եթե ինքը հաջողեր, բայց իր կառավարումն այս ողջ ընթացքում խոսում է այն մասին, որ նա ի վիճակի չէ երկիրը կառավարել, եւ իրենց կառավարության ապազգային գործունեության արդյունքի լավագույն վկայություններից է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցից հանելու ցանկությունը, իր թիմում՝ գրանտային ծրագրերով, կիսաաղանդավորական անձանց նշանակումը տարբեր պաշտոնների։ Էլ չասեմ, որ ինքն անկարող է իր կարողություններով երկիր ղեկավարել եւ չունի այն քաղաքական թիմը, որ օգնի իրեն երկիրը ղեկավարել։ Ինքը հրաշալի ընդդիմություն էր, թեպետ հետո պարզվեց, որ այդ «հրաշալի» լինելն այդքան էլ այդպես չէ, որովհետեւ իր ընդդիմադիր հրապարակումների մի մասը հիմնավոր փաստերից զուրկ է եղել։ Ցավում եմ այս իրավիճակի համար, բայց ինքը հնարավորություն ուներ նաեւ այսօրվան չհասնելու։ Այսօր Ալիեւի ելույթներն ես լսում ու ամոթից գետինն ես մտնում, բայց նույնիսկ այդ անպատասխանատու հայտարարություններին չի կարողանում պատասխան տալ։ Մեկը՝ Շուշիի մասին հայտարարությունը, որը մեր կողմից է հիմնադրվել, Շուշիի բնակչության 98 տոկոսը հայ է եղել՝ մինչեւ իր վարչապետ դառնալը, իսկ ինքը խոսում է խորհրդային շրջանում ադրբեջանցիներով բնակեցված Շուշիի մասին, ընդ որում՝ չի խոսում, թե ինչի արդյունքում մեծամասնություն կազմող հայ բնակչությունը ինչ եղավ, որ խորհրդային շրջանում ադրբեջանցիները մեծամասնություն կազմեցին»։

Տեր Վրթանես քահանա Բաղալյանը հիշեցնում է Փաշինյանի այն խոսքը, թե ոչինչ չի ստորագրի՝ առանց ժողովրդին տեղյակ պահելու, բայց հանկարծ պարզվեց, որ լավ էլ ստորագրել է․ «Քայլեր, որոնք ազնիվ չեն»։ Վարչապետի՝ «թիվ մեկ պատասխանատուն եմ, բայց ոչ թիվ մեկ մեղավորը» հայտարարության առնչությամբ Տեր Վրթանեսը կարծիք է հայտնում․ եթե նա չի գիտակցում պատասխանատվության իր չափը, ուրեմն առնվազն անմեղսունակ է․ «Նա գլխավոր պատասխանատուն եւ մեղավորն է եղել եւ՝ տարբեր պատճառներով, որը չեմ ուզում քննել, բայց նախ թող հրաժարական տա, նոր ընտրություն, նոր կառավարություն լինի, եւ չեզոք քննություն անեն»։

Հարցին՝ Փաշինյանի հայտարարություններն արդյոք տանո՞ւմ են քաղաքացիական բախումների, Տեր Վրթանեսը հիշեց վարչապետի կոչը, թե եկել է քաղաքացու վրեժի ժամանակը․ «Ինքը պարտվողական այդ համաձայնագիրը ստորագրելով՝ նույնիսկ առանց կոնկրետացնելու գերիների փոխանակման հարցը, բայց ժողովրդին կոչ արեց դիրքերից իջնել եւ գալ՝ հրապարակում հարցեր լուծել, ինչն արդեն իսկ հասարակությանը քաղաքացիական բախման էր տանում։ Ժամանակին իր պոպուլիստական ելույթներով ժողովրդի մի մասի սիրտը շահել է, բայց այսօր տեսնում ենք, որ երկիր չի կարողանում ղեկավարել։ Այսօր Արցախի Հանրապետությունը նրա 2․5 տարիների ղեկավարման արդյունքում տարան կործանման, եւ այսօր չունենք Արցախի մեծ մասը, որն իր կողմից զիջվեց, երբ տարիներ շարունակ հայտարարություններ են արվել, որ Արցախի հարցը ռազմական լուծում չունի, բայց ինքն իր քաղաքական հայտարարությամբ, իրավիճակը ոչ ճիշտ ընկալելով՝ մեր բարեկամ երկրների հետ հարաբերությունները փչացրեց»։ Տեր Վրթանեսն ընդգծում է, որ այս ընթացքում եկեղեցին տասնյակ քայլեր է ձեռնարկել հարաբերությունների նորմալացման համար, բայց՝ ապարդյուն։

«Այս վիճակը նորմալ չէ, այդ խայտառակ կապիտուլյացիոն պայմանագիրը նա չպետք է ստորագրեր, իսկ ստորագրելուց հետո պետք է հրաժարական տար եւ փորձեր իրավիճակը շտկել, ոչ թե հայտարարություններ աներ, մարդկանց փոխեր, իսկ ինքը մնար աթոռին։ Ինքն իշխանության եկավ նախորդներին հիրավի ու հանիրավի քննադատելով ու հիմա հասել է մի փուլի, որ տեղակալներին ու ենթականերին է մեղադրում, այսինքն՝ մեղքը գցում է իր տեղակալների վրա։ Նրա հրաժարականն այս պահին միակ բանն է, որ կարող է իրավիճակն առանց բախումների հանգուցալուծել, բանալին իր ձեռքում է։ Ոնց շատ սիրել է քայլեր անել, հիմա պետք է քայլ անի ու իր հրաժարականը տա։ Ինքը դեռ հնարավորություն ունի հրաժարական տալով՝ այս քաղաքական լարված վիճակը լիցքաթափել։ Օր-օրի իր կառավարմամբ այս երկիրը փակուղի է մտնում, ժողովրդի մեծամասնությունը հասկացել է, ինքն էլ պետք է հասկանա, որ չի կարողանում այս երկիրը ղեկավարել, որովհետեւ անգամ հեղափոխության ժամանակ ժողովուրդն իրեն չի ընտրել, ժողովուրդը մերժել է Սերժ Սարգսյանին, եւ ինքն ու իր թիմը ակամայից հայտնվել են իշխանության ղեկին։ Ժողովրդի մեծ մասը իրենց ձայն տալով՝ չէր պատկերացնում, որ քաջաբար փողոց փակող տղաների մեջ չկան քաջաբար առաջնագծում ադրբեջանցու դեմ կռվող քաջեր։ Այսինքն՝ քաջ էին ճանապարհը փակելու հարցում, բայց քաջ չէին մինչեւ վերջ պայքարելու»։ 

Ըստ նրա՝ կարեւոր է, որ հիմա մեր հասարակությունն իրավիճակը ճիշտ գիտակցի, եւ խաղաղ հանգուցալուծում լինի, բայց «քանի որ վարչապետն ինքն է այս վիճակը հրահրողներից, լարված իրավիճակը դեռեւս կշարունակվի, հատկապես եթե ինքը չի գիտակցում պատերազմում պարտության իր մեղավորությունը»։ 

Վարչապետը «Իսկանդերի» մասին նախօրեին արած հայտարարությամբ, ըստ մեր զրուցակցի, հերթական անգամ բացահայտել է իր անտեղյակությունը բանակից, բանակի ղեկավարումից, գերագույն հրամանատար լինելու իր անկարողությունը։ «Հեղափոխության ժամանակ ժողովուրդն ակնկալում էր տեսնել ժողովրդավար իշխանություն, ոչ թե՝ ամբոխավար։ Մենք նախկիններից դժգոհություն ունեինք, բայց ներկաներն իրենց ապաշնորհությամբ ցույց տվեցին, որ նախկիններն իրենց համեմատ ավելի լավն էին, քան իրենք։ Ու հիմա Նիկոլ Փաշինյանն իրականությունից կտրված վիճակում է, այն, ինչը ժամանակին ինքը Սերժ Սարգսյանին էր ասում, որ իրավիճակին չեք տիրապետում, նա հենց հիմա հայտնվել է այդ իրավիճակում եւ երկրի ներքաղաքական իրավիճակին չի տիրապետում»։