Հարցազրույց

«Հրապարակ». Եկեղեցին հայրական խրատ ու հորդոր է անում, եկեղեցին իշխանություն վերցնելու միտք չունի

«Հրապարակ». Եկեղեցին հայրական խրատ ու հորդոր է անում, եկեղեցին իշխանություն վերցնելու միտք չունի

«Հրապարակի» զրուցակիցը Տեր Զարեհ քահանա Աշուրյանն է:

- Երեկ՝ կեսգիշերին, հազարավոր մարդիկ հավաքվել էին օդանավակայանում, որպեսզի Փաշինյանի թիրախում հայտնված Վեհափառ հորը դիմավորեին՝ իշխանություններին ցույց տալով, որ կանգնած են Առաքելական եկեղեցու եւ Գարեգին Բ-ի կողքին: Ի՞նչ եք կարծում՝ երեկ օդանավակայանում տեղի ունեցած ակցիայից իշխանությունը դասեր կքաղի՞։ Մյուս առավոտյան նա այս թեմայով նորից գրառումներ էր արել:

- Վեհափառը միայն եկեղեցու առաջնորդը չէ, նա նաեւ մեր ազգային խորհրդանիշներից է, որն ամբողջ հայության մեջ մեկն է, դրա համար էլ կոչվում է Ամենայն հայոց վեհափառ: Ցանկացած անպարկեշտ մեկնաբանություն, բամբասանք, վատ խոսքեր՝ ուղղված նրան, ուղիղ հարված են մեր ազգային ինքնությանը, հավատքին: Նա այսօր ամենակարեւոր խորհրդանիշն է հայ ազգի: Եթե ուշադիր նայենք մեր շուրջը, ապա Հայ առաքելական եկեղեցին այսօր միակ կառույցն է, որն իր ամբողջական առաքելությամբ մնացել է հայ ժողովրդի կողքին, ուստի ժողովրդի արձագանքը մեզ համար անսպասելի չէր, այդպես էլ պետք է լիներ: Հայ ժողովուրդն իրեն հռչակել է որպես առաջին քրիստոնյա ժողովուրդ, ամեն տեղ այդ մասին դրոշակ ենք բարձրացնում, խոսում ենք, պատմում ենք, եւ հանկարծ թույլ տալ, որ առաջին քրիստոնյա ժողովրդի Վեհափառին՝ քաղաքական մղումներով, վատ բնորոշումներ տան, սխալ կլիներ: Հավատավոր ժողովրդի արձագանքը սպասելի էր: Վեհափառը մեր հոգեւոր ծնողն է, ցանկացած մեկն իր ծնողի հասցեին վատ, սխալ, անպարկեշտ ձեւակերպումներն արժանացնում է նման արձագանքի, հետեւաբար, մենք` բոլորս, մկրտված ու չմկրտված քրիստոնյաներս, հարգում ենք մեր Վեհափառին, անսպասելին այն կլիներ, որ մենք մեր զավակներից անջատված լինեինք եւ մեր զավակների կյանքով ու ապագայով հետաքրքրված չլինեինք: Մենք մեր զավակների կողքին ենք, մեր զավակներն ապացուցեցին, որ մեր կողքին են, իսկ մեր կոչը խաղաղության կոչ է, արժեքների նկատմամբ ոտնձգություններից հրաժարվելու կոչ է, առանց հավատքի ու առանց կրոնի հնարավոր չէ հայրենիք ունենալ: Խաչատուր Աբովյանը մի շատ կարեւոր ձեւակերպում ունի, ասում է․ «Լեզուս մոռանամ, կրոնս ուրանամ, ապա ինչպե՞ս պետք է ասեմ, որ ես հայ եմ»: Սա կրոնի ուրացման ճանապարհ է: Պատմությանը տիրապետող, գիտակ մարդիկ եթե ծանոթ են Հայոց պատմությանը, ապա վստահաբար պետք է փաստեն, որ պատմության ցանկացած վճռորոշ պահի եկեղեցին կանգնած է եղել իր ժողովրդի կողքին: Այս առումով արտաքին թշնամին շատ լավ է հասկանում մեր եկեղեցու նշանակությունն ու կարեւորությունը, թշնամին գիտի, որ եթե մեզ, որպես ազգ, միավորի եկեղեցին, ապա ոչ մեկը չի կարող մեզ ոչնչացնել: Երջանկահիշատակ Վազգեն Վեհափառն ասում էր, որ մեզ սպանել հնարավոր չէ, եթե մենք ինքնասպան չլինենք: Այսօրվա գործողությունները մեզ տանում են ինքնասպանության, ազգային ինքնությունն ու արժեքները ոչնչացնելով՝ մեզ տանում են նաեւ ֆիզիկական ոչնչացման:

- Երբ հղում ենք անում Սահմանադրությանը եւ նշում, որ իշխանությունը չի կարող խառնվել եկեղեցու ներքին գործերին, իշխանավորները մի մանիպուլյատիվ արդարացում են առաջ բերում, թե եկեղեցին էլ խառնվում է քաղաքական հարցերի մեջ: Հայ առաքելական եկեղեցին, լինելով ազգային ինստիտուտ, կարո՞ղ էր, օրինակ, Արցախի կորստից հետո լռել, կրավորական կեցվածք ընդունել:

- Եկեղեցին երբեք իր ձեռքերը չի լվացել ու կանգնել մի կողմ, եկեղեցին երբեք չի կարող սառնասիրտ դիտողի կարգավիճակ ընդունել եւ կողքից նայել, թե ինչ զարգացումներ կլինեն, եւ, ըստ դրա, կողմնորոշվել, թե ինչպես վարվի: Եկեղեցին բոլորին իր զավակն է համարում, անգամ նրանց, ովքեր այսօր եկեղեցու դեմ են խոսում: Նրանք մոլորված մարդիկ են: Եկեղեցին հայրական խրատ ու հորդոր է անում, եկեղեցին իշխանություն վերցնելու միտք չունի, ինչպես իշխանությունն է հաճախ ասում: Եկեղեցին 700 տարի պետություն է պահել, առանց բանակի, առանց զորքի, եթե եկեղեցին ցանկանար իշխանությունն իր ձեռքը պահել, պետության ղեկը չէր փոխանցի աշխարհիկ մարդկանց: Այնպես որ, այդ մանիպուլյատիվ ձեւակերպումների հետ համակարծիք չեմ, եկեղեցին չի ձգտում աշխարհիկ կյանքի` իշխանության: Եկեղեցականի կոչումը թագավորի կոչումից բարձր է: Անգամ Հովհաննես Ոսկեբերանն է այդ մասին ասել: Մենք ոչ մի պաշտոնի կարիք չունենք....

- Ի՞նչ եք կարծում` Նիկոլ Փաշինյանին կհաջողվի՞ եկեղեցու դեմ պատերազմում հաղթել, թեպետ ոչ մի լծակ չունի` ըստ օրենքի, սակայն նա նպատակ է դրել կաթողիկոսին փոխարինել հերթական ՔՊ-ականով: Եվ հնարավո՞ր է, որ նրա գրառումները քաղաքացիական բախումների առիթ դառնան:

- Հաջողության հասնելու մասով վստահաբար ասում եմ` անհնար է: Նրա պայքարն անձերի դեմ չէ, նրա պայքարն Աստվածակառույց եկեղեցու դեմ է, այդտեղ մենք չենք նրա հետ կռվելու կամ բանավիճելու, նա դուրս է եկել Աստծո եկեղեցու դեմ, իսկ նրա պարտությունն ակնհայտ է: Նա արդեն իսկ պարտվել է: Ինչ վերաբերում է հրահրումներին, ապա վստահաբար ոչինչ չեմ կարող ասել, սակայն մեր հավատացյալ ժողովրդին պետք է խնդրեմ սադրանքներին ու ազգամիջյան բախումներին չտրվել, որովհետեւ դրանից միայն մեր թշնամիներն են շահելու, մենք՝ հայերս, ոչ:

- Հանրությունն այնքան է հուսահատված, որ ցանկանում է եկեղեցականներից կտրուկ եւ սուր գնահատականներ լսել, հակառակ այդ ամենին` երեկ Վեհափառը բավականին մեղմ խոսեց, անգամ Նիկոլ Փաշինյանի անունը չարտաբերեց, դրանից առաջ էլ Մայր Աթոռն էր հայտարարություն տարածել, որտեղ միաբանության եւ համախմբման կոչեր էր արել: Շատերը եկեղեցուց իշխանության գործողություններին համարժեք գործողություններ են ակնկալում....

- Եկեղեցին իր բարձրությունից չի իջնելու եւ չի հավասարվելու այդ մակարդակին, եկեղեցին երբեք չի կարող իշխանության բառամթերքով խոսել: Մեր ծառայության ընթացքում էլ հանդիպում ենք մարդկանց, ովքեր իրենց կյանքի դժվարություններից, դժբախտություններից երբեմն մեզ վիրավորում են, կոպտում են, բայց մենք չենք կարող հայհոյել նրանց: Երբ հիվանդը հայհոյում է բժշկին, բժիշկը հասկանում է, որ հիվանդը դա անում է ցավից, եւ նրան սպանելու փոխարեն շարունակում է բուժել: Բուժվելուց հետո հիվանդը բժշկի ձեռքերն է համբուրում: Մենք էլ այդ նույն դիրքից ենք հանդես գալիս: Վեհափառն ամեն բան իր հայրական դիրքերից է տեսնում եւ մոլորված զավակներին սթափության կոչ է անում եւ դա անում է սիրով: Եկեղեցին երբեք չի կարող աշխարհի թելադրանքով շարժվել, եկեղեցին շարժվում է Ավետարանի թելադրանքով, այնպես, ինչպես ասում է Քրիստոսը: Եկեղեցու միակ թշնամին սատանան է, որը, ցավոք, արբանյակներ ունի աշխարհում, սակայն մենք ուզում ենք, որ այդ մարդիկ սթափվեն ու գան դեպի Աստված: Ամեն ինչ կտրելը շատ հեշտ է, բայց պետք է մարդկանց տանել ապաշխարության:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image