Ինչպե՞ս է Փաշինյանին հանդուրժում հայ ժողովուրդը, որին բոլորը մերժում են, անգամ՝ հոգեւոր գործիչները

Ինչպե՞ս է Փաշինյանին հանդուրժում հայ ժողովուրդը, որին բոլորը մերժում են, անգամ՝ հոգեւոր գործիչները

Հարցազրույց ռուսաստանցի ռազմական փորձագետ Սեմյոն Բաղդասարովի հետ

- Վլադիմիր Պուտինի նախօրեի ամենամյա մամուլի ասուլիսում բավականաչափ հայտարարություններ հնչեցին մեր դեպքերի հետ կապված։ Կարելի՞ է ասել, որ Պուտինը լեգիտիմացրեց այս պատերազմում Թուրքիայի մասնակցությունը։

- Պետք է հասկանաք, որ Պուտինը երկրի նախագահն է, գերագույն գլխավոր հրամանատարը, այդ իսկ պատճառով ասում է այն, ինչ անհրաժեշտ է  համարում։  Իսկ ես կարող եմ խոսել որպես իշխանությամբ չկաշկանդված փորձագետ, թեպետ ժամանակին եղել եմ գործադիր ու օրենսդիր իշխանության ամենավերին օղակներում։ Այն, որ Թուրքիան մասնակցություն ուներ այդ պատերազմում, ակնհայտ է, եւ այդ մասին հաստատ առնվազն վերջին 2-3 տարիներին հայտնի էր, ինչի մասին էին վկայում նաեւ պատերազմի նախօրեի զորավարժությունները։ Եվ այն, որ այս պատերազմում Թուրքիան որոշակի վճռորոշ դեր ունեցավ, որեւէ մեկը չի թաքցնում, անգամ՝ Էրդողանը։ Եվ եթե չլինեին Թուրքիայի մասնակցությունն ու հայկական  ղեկավարության դավաճանությունը, այս պատերազմի արդյունքները բոլորովին այլ կլինեին։

- Եվ Ռուսաստանը նույնիսկ չի՞ դատապարտում դա։

- Եկեք ելնենք նրանից, որ Թուրքիան ռեալ չի հարձակվել Հայաստանի վրա, այլ ղարաբաղյան հարցում միայն օգնել է Ադրբեջանին, եւ ես այս մասին նախազգուշացրել եմ  պատերազմը սկսվելուց 2-3 ամիս առաջ։ Բայց եկեք չմոռանանք գլխավորի մասին, եկեք պատկերացնենք, որ Ռուսաստանն օգնության չէր գալիս, եւ Արցախի այն հատվածները, որոնք մնում են հայկական վերահսկողության տակ, խաղաղապահներ չէին մտնում։ Այս առումով ի՞նչ արեց  ԱՄՆ-ն՝ ոչինչ․․․ Թրամփն ինչ-որ բան «բլթացրեց», նա նույնիսկ չգիտի Հայաստանի տեղը․․․ Մակրոնն ինչ-որ բան փորձեց, բայց իրական ռազմական օգնություն չեղավ։ Որքանով ես եմ տեղյակ՝ հակամարտության ընթացքում ՌԴ-ի կողմից Հայաստան են ուղարկվել  բավական լուրջ ռազմատեխնիկական համալրումներ, բայց Հայաստանի ղեկավարությունը, ցավոք եւ չգիտես ինչու, այդ սպառազինությունները չի ուղարկել հակամարտության գոտի։ Թե ինչու, կարծում եմ, որ սա պետք է լինի պատկան մարմինների հետաքննության առարկան, եւ այդ աշխատանքների արդյունքներով պետք է լինի ռազմական տրիբունալ։ Պետք է դատել նրանց, ովքեր սպառազինությունը տեղ չեն հասցրել՝ գերագույն գլխավոր հրամանատար Փաշինյանից, պաշտպանության նախարարությունից ու Գլխավոր շտաբից սկսած։ Եվ, փաստացի, Ռուսաստանը փրկեց Արցախի մի մասը։ Սա փաստ է, որն անհնար է հերքել։

- Այսօր կարելի՞ է ասել, որ Մինսկի խումբն իրեն սպառել է, եւ հնարավո՞ր է այս ֆորմատում բանակցությունների շարունակություն։

- Ոչ։ Այդ  ֆորմատներին, առհասարակ՝ Դոնբասի հարցով, Լեռնային Ղարաբաղի, թե այլ, միշտ բավականաչափ քննադատաբար եմ մոտեցել։ Սա ոչնչի մասին շաղակրատանք է, առավել եւս՝ հիմա արդեն այս աշխատող տուրբուլենտ խաղաղության մեջ․․․  Այնպես որ, կարծում եմ՝ բոլոր այդ միջազգային կազմակերպություններին, բանակցություններին հղումներ անելն անիմաստ է։

-Բայց Պուտինը երեկ ասաց, թե հուսով է, որ միջազգային գործընկերները Ռուսաստանին կաջակցեն այս հարցում․․․

- Պուտինը պետության ղեկավարն է, նա խոսում է դիվանագիտորեն, իսկ ես խոսում եմ որպես փորձագետ։ Մենք Դոնբասի հարցով էլ նման մի խումբ ունենք․ շատ խոսակցություն եւ ոչ մի օգուտ։ 

- Մեզ մոտ լուրեր են շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանն արդեն որերորդ օրն է՝ փորձում է կապ հաստատել ՌԴ բարձրագույն ղեկավարության, Պուտինի հետ եւ չի հաջողում։ Այդպե՞ս է, ի՞նչ տեղեկություններ ունեք Դուք։

- Մենք՝ բոլորս, մարդ ենք․․․ երբ արդեն տեղեկություններ են գալիս, այդ թվում՝ Հայաստանից, որ Փաշինյանն ուղղակի ծախել է Ղարաբաղը, իսկ ես այդ մասին խոսել եմ դրանից դեռ 2 ամիս առաջ․․․

- Այսինքն՝ համարում եք, որ իրո՞ք ծախել է։

- Բացարձակապես վստահ եմ։ Տեսել եք այն հայտնի ձայնագրությունը, երբ Լուկաշենկոն Սարգսյանին առաջարկում է․․․ դրանից շատ առաջ ես ասել եմ, որ իրավիճակը ծախված է։ Բացատրել եմ, թե ինչու։ Գիտեք՝ բոլորս էլ մարդ ենք։ Կա արհամարհանք։ Իհարկե, դիվանագիտական լեզվով դա չի ասվում․․․ ամեն դեպքում, պետության ղեկավար է, բայց փաստացի՝ այդպես է։ Նրա հետ, ախր, ո՞վ կշփվի։ Նա Հայաստանի խայտառակությունն է, ի՞նչ է այդտեղ լռվել-մնացել, չեմ հասկանում։ Ինչպե՞ս է նրան հանդուրժում հայ ժողովուրդը, որին բոլորը մերժում են, անգամ հոգեւոր գործիչները։ Նրան մերժում են 2 կաթողիկոսները։ ․․․Հայաստանում կար Վարդան Մամիկոնյանին դավաճանած Վասակ Սյունի, որի պես այդ սրիկան վարվեց 1600 տարի անց։ 

- Այսինքն՝ դավաճանությո՞ւն։

- Բացարձակապես դրանում համոզված եմ։

- Այդ հայտնի 5 միլիա՞րդը նկատի ունեք, կա՞ն ռեալ փաստեր, ինչ-որ տեղ նրա հաշվի վրա՞ են այդ գումարները։

- Չգիտեմ․․․ 5 միլիարդ, ում հետ է կիսվել․․․ պաշտպանության նախարարության ղեկավարությա՞ն հետ, չգիտեմ, կամ իր շրջապատից որեւէ մեկի․․․ բայց դա եղել է։ Կարող եք հարցնել, թե ինչու էի այդ մասին ասում, որ ամեն ինչ ծախված է, հայտարարում անգամ այդ հայտնի ձայնագրությունից շատ առաջ։ Զանգեզուրի միջով անցնող այդ միջանցքն ամերիկացիների վաղեմի երազանքն էր։ Կար մի այդպիսի՝ Գոբլ անունով սենատոր, հետո եղան ուրիշները, որոնք ասում էին՝ տվեք Զանգեզուրի մի մասը։ Ինչո՞ւ, որովհետեւ կա «Բրիթիշ պետրոլիում» ընկերություն, որին պատկանում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի 30 տոկոսը։ Պատկերացրեք աշխարհագրությունը՝ Վրաստանով, եւ ուղիղ, տարբերությունը տեսնո՞ւմ եք։  Եվ սա ոչ թե 5 միլիարդանոց, այլ հարյուրավոր միլիարդավոր դոլարների հարց է, քանի որ ոչ միայն Ադրբեջանից, այլեւ Միջին Ասիայից ուղիղ գազն ու նավթը կգան այդտեղ։ Սա մեծ խաղ է, դրա համար էլ Արեւմուտքի մեծ մարդիկ շահագրգռված են, որպեսզի այս համակարգն աշխատի։ Սարգսյանը դրան չգնաց, եւ, ուրեմն, պետք էր մարդ, որը դրան կգնար։ Եվ իշխանության բերեցին այդ գործչին։ Եվ որ ասում են՝ Սորոսի մարդ է, ապա Սորոսն առանձին մարդ չէ, նրա հետեւում կանգնած են ԱՄՆ հատուկ ծառայությունները։ Տեսեք, ասում են՝ հայկական բանակի համար նորմալ սպառազինություններ չեն գնվել։ Ինքներդ դատեք․ եթե ես, լինելով Մոսկվայում, պատերազմից 2 ամիս առաջ հաշվարկել էի պատերազմը, Հայաստանի Գլխավոր շտաբն ու հետախուզությունը դա չէի՞ն կարող պարզել։ Եթե՝ այո, ապա ինչո՞ւ շատ արագ կերպով չգնվեց անհրաժեշտ սպառազինությունը․ անօդաչուներ։ Ընդ որում, Հայաստանն ունի ոչ վատ որակի անօդաչուների արտադրություն։ Բայց ընդամենը 15 հատ են արտադրել։ Ինչո՞ւ ձեռք չեն բերվել անօդաչուների դեմ պայքարի ՌԷՊ համակարգեր, ինչո՞ւ ռուսական ՌԷՊ համակարգերը ժամանակին չեն հասցվել Լեռնային Ղարաբաղ։ Եվ սա արդեն իսկ հաստատվում է։ Երբ Արցախի նախագահը, որը եւս բազմաթիվ հարցեր ունի այս կապակցությամբ, պատգամավորի հետ հեռախոսազրույցում ասում է՝ 10 օր է՝ մարդ չեն ուղարկում։ Երբ Արցախի հրթիռա-զենիթային համակարգին շատ ճշգրիտ հարվածել են եւ ոչ մի կեղծ թիրախի չեն խփել, ապա հարց՝ ո՞վ է ծախել այդ տեղեկատվությունը թուրք-ադրբեջանական կոալիցիային։ Ես՝ կոնկրետ, ոչ մտացածին բաների մասին եմ խոսում։ Ինչո՞ւ Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը, երբ սկսեց Հադրութից Շուշի տանող ճանապարհի ամրացման քայլեր ձեռնարկել, որոնց շնորհիվ Շուշին, 100 տարի էլ անցներ, չէին վերցնի․․․ եւ հանկարծ ենթարկվում է ավիացիոն հարվածի։ Ինչո՞ւ, ո՞վ գիտեր, որ նա այդ երթուղով է գնալու։ Որպես բանակի մարդ՝ ասում եմ․ ինչ-որ մեկը «ծախել» է նրա երթուղին՝ հույս ունենալով, որ կսպանվի։ Նա, փառք Աստծո, չզոհվեց։ Սա պատահականությո՞ւն է։ Ինչո՞ւ է Հայաստանի վարչապետի կինը գալիս Արցախի հրամանատարական կետ եւ փորձում ղեկավարել Արցախի զինվորականության գործողությունները։ Իսկ նա, ըստ ամենայնի, եկել էր պաշտպանելու ընտանեկան բիզնեսը։ Ես նորից եմ ասում՝ սրա շուրջ պետք է լինի պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության եւ այլ կառույցների հետաքննություն, բոլոր այս մարդիկ պետք է պաշտոնանկ արվեն, ձերբակալվեն, եւ պետք է լինի ռազմական դատարանի վճիռ, որը պետք է սահմանի բարձրագույն պատիժ։ Որքան տեղյակ եմ՝ Ձեր մոտ չկա մահապատիժ։ Ուրեմն պետք է հանել ժամանակավոր մորատորիումը եւ նրանց գնդակահարել։ Հայրենիքի դավաճանության համար։ 

- Եթե ամեն ինչ այդքան լուրջ էր, ուրեմն ինչո՞ւ ՌԴ-ն որեւէ կերպ չմիջամտեց՝ թույլ չտալու, որ ռազմավարական գործընկեր երկրի տարածքներն աճուրդի հանվեն, կամ չնախազգուշացրեց։

-Լսեք, մի վիրավորվեք, ես էթնիկ հայ եմ, հայրս Ղարաբաղից է, մայրս՝ Զանգեզուրից․․․ ինչո՞ւ Ռուսաստանը չարեց։ Իսկ ինչո՞ւ Հայաստանը չարեց։ Ինչո՞ւ է ձեր սեփական ղեկավարությունը վաճառում։ 
Երբ ձեր վարչապետը ռուսալեզու ալիքները դարձնում է վճարովի, երբ Ռուսաստանի դեմ գործող այդ սրիկային՝ Նավալնիին եթեր է տրամադրվում, ինչպե՞ս պետք է Ռուսաստանը ներազդի ձեր հակառուսական վարչապետի վրա։ 

- Բայց չէ՞ որ հընթացս, պատերազմի ժամանակ նման բազում հնարավորություններ կային։

- Պատերազմի ընթացքում տրամադրվեց սպառազինություն։ Ինչ եմ ես մտածում Ռուսաստանի դերի վերաբերյալ․ Ռուսաստանում կա մեծ հայկական համայնք, որտեղ կան հայեր, որոնք, ի տարբերություն ինձ, խոսում են հայերեն, ապրել են Հայաստանում, 3 միլիոնից ավելի, դե լավ՝ տեղը տեղին հայեր, եւ ես կարծում եմ, որ այստեղից պետք է այդտեղ գան նրանք, որոնք իրենց շատ լավ են դրսեւորել, եւ օգնեն նոր կառավարությանը, որը կղեկավարի Վազգեն Մանուկյանը կամ չգիտեմ, գուցե ինչ-որ այլ մեկը։ Օգնեն պրոֆեսիոնալ տեսանկյունից, կադրերով։

- Իսկ ժամանակավոր կառավարությունում նոր մարդկանց փոփոխությամբ Դուք հայ-ռուսական հարաբերություններում ինչ-որ փոփոխություն հնարավոր համարո՞ւմ եք։

- Եթե գան բանական մարդիկ, որոնք հասկանում են, որ Ռուսաստանը․․․ եւ կյանքը ցույց տվեց, որ միակն էր, որ օգնության ձեռք մեկնեց, ոչ մի ԱՄՆ ու Ֆրանսիա, ապա՝ այո։ Եկեք պարզ խոսենք՝ Հայաստանը շատ բարդ իրավիճակում է, Էրդողանը չի թաքցնում Հայաստանը խժռելու իր մտադրությունների մասին, Նախիջեւանից Երեւան 85 կիլոմետր է։ 

- Երբ մեզ վրա նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո հարձակվում են, նոր գերիներ վերցնում, ՀԱՊԿ-ն․․․

- Լսեք, մոռացեք ՀԱՊԿ-ի մասին, այն ոչինչ է։ Մինչեւ չլինի միութենական համաձայնագիր՝ լիարժեք, երբ կլինի ընդհանուր բանակ, կոորդինացված արտաքին քաղաքականություն, ընդհանուր տնտեսական գոտի, ոչինչ չի լինի։ Մոռացեք, սա չի աշխատում։ Երբ Հայաստանում կլինի ոչ մեկ՝ Գյումրու ռազմաբազա․… ի՞նչ է 5 հազար մարդը, երբ Թուրքիայի միայն դաշտային բանակը 8 հազար հոգանոց է։ Ուստի Հայաստանում պետք է լինի նման 3-4 ռազմական բազա՝ համաձայն միութենական պայմանագրի։ Իսկ մնացածը մոռացեք, եւ սա լավ դաս էր հայ ժողովրդի համար։ Հայաստանը թշնամական շրջապատում է, մի՞թե դժվար է հասկանալ։

Զարուհի ՄԱՐԳԱՐՅԱՆ