Ընտրություններին ընդառաջ փորձում են բացասական իմիջ ստեղծել Բրյուսովի ռեկտոր Կարինե Հարությունյանի անձի շուրջ

Ընտրություններին ընդառաջ փորձում են բացասական իմիջ ստեղծել Բրյուսովի ռեկտոր Կարինե Հարությունյանի անձի շուրջ

Այսօր Հայկական ժամանակի կայքում՝ armtimes.com-ում մի լուր հրապարակվեց «Բրյուսովի ռեկտորը մի շարք չարաշահումներ է թույլ տվել. մեծ վնասեր են հասցվել կրթական հաստատությանը» վերնագրով: «Հայկական ժամանակ»-ի հավաստի աղբյուրների համաձայն, Բրյուսովի ռեկտոր Կարինե Հարությունյանը կատարել է մի շարք չարաշահումներ, որոնց շրջանակներում գործ է քննվում իրավապահ մարմիններում. «Նա 4 տարում ինքն իրեն հատկացրել է մի քանի միլիոն դրամի պարգևավճար, 10-ից ավելի ուսանողների անհիմն տրամադրել է մի քանի միլիոն դրամի զեղչ, բազմաթիվ ուսանողներից էլ՝ վերցրել մի քանի միլիոն դրամից ավելի հավելյալ ուսման վարձ: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ եղել են դեպքեր, երբ համալսարանի որոշ ուսանողներ բացակայել են երկրից, սակայն նրանց բացակաները չեն գրանցվել, քննությունների համար ստացել են միավորներ, փոխադրվել հաջորդ կուրս, վերցրել դիպլոմներ»,-մասնավորապես գրված է հրապարակման մեջ։ Տեղեկության իսկությունը պարզելու համար փորձեցինք կապ հաստատել Կարինե Հարությունյանի հետ, բայց նա մեր զանգերին չպատասխանեց։  

Քիչ առաջ համալսարանի մամլո ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որտեղ մասնավորապես նշված է․ 

«‎Հայկական ժամանակի» դեկտեմբերի 7-ին հրապարակած «‎Բրյուսովի ռեկտորը մի շարք չարաշահումներ է թույլ տվել. մեծ վնասեր են հասցվել կրթական հաստատությանը» վերտառությամբ հոդվածում խեղաթյուրված փաստեր են ներկայացված։

Հոդվածը  նպատակային պատրաստված և հատուկ հրապարակված է բուհի ռեկտորի ընտրությանն ընդառաջ, որը պետք է տեղի ունենա ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 9-ին:

Տեղեկացնում ենք, որ ՀՀ պետական վերահսկողության ծառայությունը իրականացրել է ստուգումներ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում և ստուգման արդյունքների մասին տեղեկանքը համալսարանը դեռևս պաշտոնապես չի ստացել։ ՀՀ պետական վերահսկողության ծառայության ստուգումների արդյունքների մասին տեղականքը ստանալուց հետո, համաձայն կարգի, մենք 5-օրյա ժամկետում կտանք համալսարանի կարծիքը և մանրամասն կանդրադառնանք յուրաքանչյուր կետի։

Ռեկտորի ընտրության նախաշեմին հատուկ ուղղորդված և սխալ տեղեկություններ են տրամադրվել: Գտնում ենք, որ այս ընթացքում ռեկտորը ֆինանսական չարաշահումներ թույլ չի տվել, և սա նպատակադրված քայլ է՝ ընտրություններին ընդառաջ բացասական իմիջ ստեղծելու գործող ռեկտոր Կարինե Հարությունյանի անձի շուրջ:

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան