Օպերայի տնօրինությունը կրճատեց բալետային խմբի ղեկավարի հաստիքը

Օպերայի տնօրինությունը կրճատեց բալետային խմբի ղեկավարի հաստիքը

Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբում ստեղծված կոնֆլիկտային իրավիճակը հանգուցալուծվել է։ Տնօրենի ԺՊ Կարինե Կիրակոսյանի հրամանով՝ թատրոնի բալետային խմբի ղեկավար-գլխավոր փորձավարի հաստիքը կրճատվել է, ինչը նշանակում է, որ Արմեն Գրիգորյանն այլեւս չի զբաղեցնում այդ պաշտոնը։ 

Հրամանի մեջ նշված է, որ տնօրենի ԺՊ-ն այդ քայլին գնացել է հաշվի առնելով բալետային խմբի, գլխավոր բալետմայստերի, բալետային խմբի տեսուչների, փորձավարների գործառույթների կրկնությունը ․ «Ինչի արդյունքում խանգարվում է բալետային խմբի աշխատանքի արդյունավետ կազմակերպումը, հանգեցնում կոնֆլիկտային տարբեր իրավիճակների, որոնք բացասաբար են անդրադառնում նաեւ բալետային խմբի առողջ մթնոլորտի, ներկայացումների որակի, ինչպես նաեւ ընդհանուր աշխատանքի արդյունքի վրա»։  

Կարինե Կիրակոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հաստիքի կրճատումը հրամանի մեջ հիմնավորել է։ Արդյո՞ք նախարարությունը միջամտել է այդ որոշմանը, թե՝ ոչ, Կիրակոսյանն ասաց, որ դա իրենց՝ թատրոնի որոշումն է։

Հիշեցնենք, որ օրեր առաջ բալետի արտիստները մամլո ասուլիս էին հրավիրել եւ պահանջում էին թատրոնի բալետային խմբի ղեկավար Արմեն Գրիգորյանի հրաժարականը՝ նշելով որ նրա աշխատոճի արդյունքում թատրոնում ստեղծվել է անառողջ մթնոլորտ։