Չես թաքնվի

Եկամուտների համընդհանուր հայտարարագրման եւ թանկացումների թեման այն սակավաթիվ թեմաներից է, որը վերաբերում է յուրաքանչյուրին, ու նաեւ դրանով է բացատրվում այն համընդհանուր աժիոտաժն ու անհանգստությունը, որը համակել է հանրությանը: Սա այն դեպքն է, որ ինչքան էլ մեկուսացած կյանք վարես, չհետեւես երկրում տեղի ունեցող իրադարձություններին, ապաքաղաքական անձ լինես, չես կարող մի կողմ քաշված ապրել` պետության ձեռքերը երկար են, նա ամենուր գտնելու է քեզ եւ պահանջելու է մուծվել ու հաշվետու լինել:
Ձեւափոխելով հայտնի ասույթը, կարող ենք ասել` եթե դու չես զբաղվում քո երկրում վարվող տնտեսական ու հարկային քաղաքականությամբ, այդ քաղաքականությունն է զբաղվում քեզնով: Սա այլեւս Արցախն ու բանակը, արտաքին քաղաքական վեկտորն ու Հայաստանի կողմնորոշման հարցը չէ, ոչ էլ կադրային քաղաքականության, դատական համակարգի ու քրեական հետապնդումների թեման, որ ասեք` ինձ չի վերաբերում, ես կարող եմ իմ խանութն աշխատեցնել, իմ հիվանդին բուժել, իմ տաքսին վարել, իմ աշակերտին դաս տալ ու աջս քաշած` ապրել: Սա թեեւ նույն՝ բանակի ու Արցախի, արտաքին հարաբերությունների, արդարադատության եւ կադրային քաղաքականության շարունակությունն է, սակայն հանրության կոնկրետ շերտի չի վերաբերում, այլ բոլորին` բանակի ու բանտի հետ կապ չունեցողներին, Արցախից հոգնածներին, արտաքին քաղաքականության հանդեպ անտարբերներին, ընդդիմությանն ու կուսակցություններին ատողներին, Նիկոլին ու ՔՊ-ին պաշտողներին` բոլոր-բոլորին:
Թվում է` ընտրություններից հազիվ մեկ տարի առաջ այս պոպուլիստ իշխանությունը չպետք է գնար նման քայլի՝ գիտակցելով դրա հետեւանքները: Բայց պարզ է, որ բոլոր հարցերում ոչ հետեւողական իշխանությունն անգամ պոպուլիզմի հարցում չէ հետեւողական:
Կարծիքներ