4 մլն 411 հազար դրամ է ծախսել արտասահման այցելելու համար

4 մլն 411 հազար դրամ է ծախսել արտասահման այցելելու համար

Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանը, Վանաձորի մեր աղբյուրների պնդմամբ, գործուղումների ու արտասահման այցելելու մեծ սեր ունի։ Ասում են՝ տարի չկա, որ համայնքապետը մի 2 քույր քաղաք չայցելի, Եվրոպայում ման չգա։ Վանաձորի համայնքապետարան պաշտոնական գրավոր հարցում ուղարկեցինք՝ հարցնելով, թե պաշտոնավարումից ի վեր Վանաձոր համայնքի ղեկավարը  քանի՞ այց է կատարել Վանաձոր քաղաքի քույր քաղաքներ։ Քանի՞ նման այց է կատարել 2019 թվականին։ Քանի՞ պաշտոնական այց է կատարել քաղաքապետը դեպի այլ երկրներ, ի՞նչ նպատակներով և ի՞նչ միջոցներով։ Համայնքային բյուջեից որքա՞ն գումար է նախատեսված քաղաքապետի նմանատիպ այցերի համար։ Համայնքային բյուջեից պաշտոնավարումից ի վեր որքա՞ն գումար է ծախսվել քաղաքապետի շրջագայությունների և այցերի համար։ Համայնքային բյուջեից պաշտոնավարումից ի վեր որքա՞ն գումար է ծախսվել քաղաքապետի շրջագայությունների և այցերի համար 2019 թվականին։

Համայնքապետարանից՝ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի ստորագրությամբ ստացել ենք հետևյալ պատասխանը․

«Պաշտոնավարումից ի վեր Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը Վանաձոր քաղաքին քույր քաղաք հանդիսացող մեկ քաղաք է այցելել։ 2019 թվականին կատարվել է նման մեկ այց։ Համայնքի ղեկավարը պաշտոնավարումից ի վեր կատարել է հետևյալ այցերը՝ 2017 թ-ի հոկտեմբերի 16-22-ը Ֆրանսիայի Ստարսբուրգ քաղաք, Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների 33-րդ պլենար նիստին մասնակցելու պաշտոնական հրավեր։ Ուկրաինայի կիև քաղաքում 2018 թվականի սեպտեմբերի 22-ից 25-ը ԵՄ արևելյան գործընկերության տեղական և տարածաշրջանային իշխանությունների համաժողովի 8-րդ լիագումար նիստի պաշտոնական հրավեր։ 2018 թվականի նոյեմբերի 4-9-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաք, Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների 35-րդ պլենար նիստին մասնակցելու պաշտոնական հրավեր։ 2019 թվականի ապրիլի 1-ից 7-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաք,  Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների 36-րդ պլենար նիստին մասնակցելու պաշտոնական հրավեր։ 2019 թվականի հունիսի 28-ից հուլիսի 1-ը Բելառուսի Վիտեբս քույր քաղաքի տոնակատարության միջոցառումների մասնակցելու հրավեր»։


2019 թվականին Վանաձոր համայնքի բյուջեով նախատեսված է արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր 2 մլն 500 հազար դրամի չափով։ Համայնքի բյուջեից համայնքի ղեկավարի արտասահմանյան պաշտոնական այցերի համար պաշտոնավարումից ի վեր ծախսվել է 4 մլն 411 հազար դրամ։ Համայնքի բյուջեից համայնքի ղեկավարի արտասահմանյան պաշտոնական այցերի համար 2019 թվականին ծախսվել է 1 մլն 447 հազար դրամ։