Ձեր սիրելի քաղաքապետի տեղը թատրոնն է, Ազիզյաններն են

Ձեր սիրելի քաղաքապետի տեղը թատրոնն է, Ազիզյաններն են

Գագիկ Ծառուկյան-Հայկ Մարության «շեյխական» ճակատամարտն այսօր շարունակվեց խորհրդարանում: Հայրենի երեսփոխանները մոտ մեկ ժամ շեղվելով քննարկվող նախագծից ԱԺ ամբիոնը ճոճեցին` միմյանց երեսին շպրտելով մեկմեկու անցյալն ու ներկան:

Խորհրդարանում քննարկվում էր «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը, որով, եթե համառոտ ասենք, առաջարկվում է Երեւանում շրջիկ առեւտրի կանոնակարգումը վերապահել ավագանուն:

Նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը հանդգնեց հայտնել իր մտահոգությունները` հրահրելով իշխանականների հարձակումը: Նա ասաց, թե գործընկերների մտահոգությունները տեղին են՝ Երեւանի քաղաքապետին լիազորություններ տալու հետ կապված, ընդ որում, առանց շատ կոնկրետ ուրվագծելու, չափագրելու ու հստակեցնելու այդ եզրույթները:

«Որովհետեւ ունեմ մտահոգություններ քաղաքապետարանի կողմից այդ գործառույթը եւս պատշաճ կազմակերպելու իմաստով: Երկու օր է՝ հետեւում ենք մի իրավիճակի, երբ քննարկվում է, թե ինչ հագուստով են իր մոտ եկել ժողովրդի համար 2 մլրդ դոլար բերող մարդիկ, կամ երբ են հեռախոսային խոսակցություններ ունենում, կամ պատի տակ շարվելուց պատշաճ կերպով են զգաստ կանգնել, թե ոչ, եւ թե ինչ տեւողությամբ են կանգնած սպասել եւ այլն»,- ասաց պատգամավորը։

Ուրիխանյանի ելույթն սահմանված ժամանակահատվածից երկարեց, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ստիպված եղավ սեղմել ելույթի ավարտն ազդարարող զանգը, սակայն պատգամավորը չէր ավարտում։

«Գրավե՞լ եք ամբիոնը»,- զայրացավ Միրզոյանը ու պատասխան ելույթով ազդարարեց մեծ ճակատամարտի մեկնարկը. «Չեմ հասկանում, ձեր պատկերացրած քաղաքապետը նստում է, դիմացինն անընդհատ հեռախոսով խոսո՞ւմ է, հետո հելնում գնում է, հետո նորից գալի՞ս է»:

Պատգամավորն էլ տեղից պատասխանեց, թե ինքն իրավունք ունի իր ելույթում ասել այն, ինչ ուզում է, եւ ոչ մեկը իրավունք չունի փնովելու, դատափետելու. «Խնդրում եմ մի մեկնաբանեք իմ ելույթները»:

Միրզոյանը տակը չմնաց, ասաց, որ ինքն էլ իր իրավունքն է իրացնում։ Նրանից հետո ամբիոնին հերթով մոտեցան պատգամավորներ Արփի Դավոյանը, Քրիստինե Պողոսյանը, Անուշ Բեղլոյանը, Վաղարշակ Հակոբյանը, եւ ընդդիմադիր գործընկերներին դասեր տվեցին, նույնիսկ ճամբարափոխ Հայկ Կոնջորյանը հետ չմնաց թրենդից: Քրիստինե Պողոսյանը մեծահոգաբար խորհուրդ տվեց Ծառուկյանին ազատել իր գրանցված ու չգրանցված աշխատողներին, ասելով, որ նրանց այդքան վճարում է, բայց իրենց սխալ տեղեկություններ են տրամադրում.

«Երբ պարոն Ծառուկյանին տեղեկություն են տրամադրում՝ միտումնավոր, թե գիտելիքների պակասից, որի հրապարակման արդյունքում, մեղմ ասած, անհարմար իրավիճակի մեջ է հայտնվում այդ մարդը և ստացվում է, որ չի տիրապետում իրավիճակին, այս ամենը դրա արդյունքն է։ Իզուր գումար եք տալիս: Ճարտարահատակագծային առաջադրանքը (АПЗ) տրվում է նախագծին: Ոչ ոք նախագծին թույլտվություն չտալու իրավունք չունի: Դա նույնն է, որ մարդուն ասես՝ չեմ տեսնում՝ ինչ ես ուզում սարքես, բայց թույլ չեմ տալիս: Պետք է նախագծի թույլտվություն լինի, նախագիծը լինի, և նախագծի հիման վրա պարզ լինի՝ կարելի՞ է շինթույլտվությունը տալ, թե՞ չի կարելի»,- ասաց Պողոսյանը` նկատի ունենալով Ծառուկյանի ներկայացրած հիմնավորումները: 

Արփի Դավոյանն էլ հայտնեց, որ ինքն այդպես էլ չի հասկացել, թե երկու օր է՝ ինչ է ուզում ասել Ծառուկյանը, թեեւ նրա հարցազրույցները նայել է համակ ուշադրությամբ, բայց միայն բառեր է լսել: «Որ դպրոց գնայիք, կհասկանայիք», տեղից ռեպլիկ արձակեց ԲՀԿ-ական Արման Աբովյանը` հունից հանելով Դավոյանին, ով նա տեւական ժամանակ ամբիոնից հոխորտում էր, որ որեւէ մեկն իրեն չխանգարի, բոլորը լռեն իր ելույթի ժամանակ: 

Վաղարշակ Հակոբյանն էլ «գողականով» մտավ՝ ԲՀԿ-ից հաշիվ պահանջեց` դուք չէի՞ք, որ դեմ էիք գողականներին բռնել տալու օրենքին, բա ինչո՞ւ եք Երեւանի քաղաքապետին բռնել տալու Քննիչ հանձնաժողովի ստեղծմանը կողմ քվեարկում: Պատգամավորը անզգուշաբար մատնեց, որ իրենց քաղաքապետը հանցանք է գործել եւ հանձնաժողովի աշխատանքների արդյունքում միգուցե նաեւ պատասխանատվության ենթարկվի: 

Երիտիշխանականների մոլեգնած գրոհը «կտրեց» ԲՀԿ ծանր հրետանին: Նաիրա Զոհրաբյանը արձանագրեց, որ խորհրդարանը երբեւէ այսքան ցածրակարգ մակարդակի վրա չի եղել: Արփի Դավոյանին հորդորեց իր մեջ փնտրել մեղքը, թե ինչու չի կարողանում հասկանալ Ծառուկյանի հայտարարությունները: Ասաց, որ հասկանում է, որ մանիպուլյացիան իշխող ուժի հիմնական գործիքն է՝ հիմնական խնդիրներից շեղելու համար:

«Նախ Դուք իրավունք չունեք, տիկին Դավոյան, Պարոն Ծառուկյանին վիրավորել: Եթե չեք հասկացել իր որևէ հարցազրույցը, պրոբլեմը փնտրեք ձեր մեջ: Երկրորդ, ի՞նչ է իրականում տեղի ունեցել՝ շատ պարզ բան․ ձեր սիրելի քաղաքապետը, որն իր նախընտրական խոստումներից որևէ մեկը չի կատարել, ուղղակի մերժել է ներդրողներին: Չի հասկացել, չի հասկանում, ունակությունները բավարար չեն, իր տեղը թատրոնն է, իր տեղը Ազիզյաններն են, Գառնիկն է՝ ի՞նչ անենք: Չի կարողանում էդ մարդը հնարավոր ներդրումների համար բարենպաստ պայման ստեղծել, որպեսզի այդ միլիարդավոր ներդրումները գան Հայաստան: Դրա մասին է խոսում պարոն Ծառուկյանը»:

Նրա ելույթից հետո, երբ Կոնջորյանի դասեր տալու հերթն էր, Զոհրաբյանը չդիմացավ եւ տեղից սկսեց բղավել, թե որ իրենք չլինեին ու չընտրեին վարչապետ, դահլիճում ներկաներից շատերը դժվար է ասել` որտեղ կլինեին: Նախագահական ամբիոնից նրան առանց բարձրախոսի պատասխանեց Ալեն Սիմոնյանը. «Տո, քանի գլխանի էիք, որ վարչապետ չընտրեիք»: Երկրի թիվ մեկ ամբիոնից ցուցադրվող այս կրկեսին ԱԺ նիստը նախագահող Արարատ Միրզոյանը նույնիսկ ձեւական չմիջամտեց, չկատարեց օրենքով սահմանված իր պարտականությունները եւ չհորդորեց պատգամավորներին չշեղվել քննարկվող նախագծից: