Քաղաքապետարանը մոլորեցնում է՝ չկա անգամ մետրոյի նոր կայարանի նախագիծը

Քաղաքապետարանը մոլորեցնում է՝ չկա անգամ մետրոյի նոր կայարանի նախագիծը

Երեւանի քաղաքապետարանը երեկ հերթական անգամ հայտարարություն տարածեց՝ հպարտանալով, որ Երեւանի մետրոյի նոր՝ Աջափնյակի կայարանի նախագծի մրցույթում հաղթող է ճանաչվել ռուսաստանյան «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը: Ընկերությունը Հայաստանի կառավարությանը 500 մլն դոլար արժողությամբ մետրոպոլիտենի զարգացման նախագիծ է առաջարկել։

Ի դեպ, մետրոյի նոր կայարանի կառուցման թեման քաղաքապետ Հայկ Մարությանն արծարծում է դեռեւս պաշտոնը զբաղեցնելու առաջին տարվանից, սակայն մինչ օրս որեւէ գործողություն` նպատակին հասնելու համար, չի կատարվել, բացի հայտարարություններից։ Դեռեւս 2019-ի սկզբին Մարությանը հայտարարել էր, որ երկու կայարանի մասին է խոսքը գնում․ «Մեկը կլինի Թումոյի մոտ, մյուսը շարունակվում է Կվարտալ: Առաջինն ավելի մոտ ժամանակներում կլինի, երկրորդը՝ ավելի հեռու: Մեկ կիլոմետր մետրոյի արժեքը, միջին հաշվարկով, արժե 100 միլիոն դոլարին համարժեք ՀՀ դրամ»:

Ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ցանկանում է ուշադրություն հրավիրել քաղաքապետարանի հայտարարության վրա, խոսքը գնում է ոչ թե մետրոյի նոր կայարան կառուցելու, այլ կառուցման նախագծի վերաբերյալ, որը դեռեւս չկա․ «Այստեղ թյուրըմբռնում կա, քանի որ հասարակության 80 տոկոսը մտածում է, որ մետրոյի կայարանի կառուցման հետ է կապված հայտարարությունը։ Հիշեցնեմ, որ 2019 թվականին քաղաքապետարանը հայտարարություն տարածեց, որ մետրոյի կառուցումը մտել է գործնական փուլ, բոլորը մտածեցին, որ ուր որ է՝ մետրոյի կայարանը պատրաստ կլինի, բայց 2021 թիվը կարող ենք համարել ավարտված, եւ որեւէ տեղաշարժ չկա, բացի նրանից, որ մի ամիս առաջ քաղաքապետարանը հայտարարություն տարածեց մրցույթի մասին։ Այդ դեպքում էլ մարդիկ սկսեցին մտածել՝ ըստ նկարների, ճիշտ փաթեթավորման եւ կազմակերպված շոուի (որը, ի դեպ, այս իշխանությունների մոտ միակ բանն է, որ ստացվում է), որ կայարանը պատրաստ կլինի։

Ընդամենը մետրոյի նախագծման մրցույթի մասին էին խոսում։ Նախագծման հետ կապված մրցույթ են հայտարարել, եւ կա շահող ընկերություն, բայց դրա տակ որեւէ ֆինանսավորման միջոց դրված չէ։ Այդ գումարը պետք է ուզեն կառավարությունից, եւ թող ես վատատես չլինեմ, թող որեւէ մեկն ինձ չմեղադրի չկամության կամ իշխանությանն անդադար քննադատելու մեջ, բայց ես կասկածում եմ, որ կառավարությունը կկարողանա գումար տրամադրել, եւ կարող եմ միանշանակ ասել, որ մոտակա 1-2 տարիներին մենք մետրոյի նոր կայարան չենք ունենալու։ Իրենք ամեն ինչ անում են մակետով, այն նկարում-գցում են»։

Ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամը նշում է՝ նախագծման համար կառավարությունը պետք է գումար հատկացնի․ «Ոչինչ դեռեւս չկա, ցավում եմ, որ նման վատատեսական լուր եմ ասում, ցավում եմ, որ ժողովուրդը կրկին հիասթափվելու է, բայց ունենք այն, ինչ ունենք։ Իշխանությունը մտածում է չափազանց կարճաժամկետ՝ պահի տակ շոու կազմակերպել՝ մաքսիմում մեկամսյա ժամկետով։ Ուզում եմ զուգահեռ տանել եւ մի փոքրիկ շոու հիշեցնել՝ կապված «Հայրենիք» կինոթատրոնի էստակադայի հետ, որ մակետը կար, Մարությանն ու Մեսչյանը լուսանկարներ էին հրապարակում, մի մեծ ցնծալի շոու ներկայացրին, դրանից ամիսներ անց կարմիր գծերով կլոր արեցին հրապարակում, այդ կլորն էլ ջնջեցին, եւ այդ նախագիծը չկա»։

Ճարտարապետ Մկրտիչ Մինասյանի դիտարկմամբ՝ մետրոն թանկ հաճույք է, 90-ականներից հետո այնտեղ ոչինչ չի կատարվել․ «Նախկին տեղում պետք է լինի, քանի որ դա ընդհանուր ցանցի մեջ է մտնում, Հալաբյան եւ Շինարարների փողոցի մեջտեղում պետք է լինի՝ դեպի ձոր, իսկ թունելները՝ մոտ 500 մետր, արդեն փորված են, պետք է կամուրջը կառուցվի, բայց մինչեւ հիմա այդ կամրջի նախագիծն էլ չկա։ Նախ պետք է այդ գումարները ճարեն։ Նախկինում արված է հսկայական աշխատանք, կասկածում եմ, թե աշխատանքի կեսն արված է։ Առայժմ ոչ մի բան տեղից չի շարժվում, գոնե կամուրջը կկարողանային, չէ՞, անել, որովհետեւ դա լոկալ խնդիր է»։