Ակնհայտ է, որ մի օր կգա այդ պահը․ Սեյրան Օհանյան

Ակնհայտ է, որ մի օր կգա այդ պահը․ Սեյրան Օհանյան

Իշխանության կուլիսներում խոսում են, իսկ նախօրեին նաեւ համացանցն է արծարծում այն հարցը, որ խորհրդարանական ընդդիմությունը քննարկում է մանդատները վայր դնելու հարցը։ ՔՊ-ականները մի կողմից հրահրում են, թե` վայր դրեք մանդատները, գնանք նոր ընտրության, էլի հաղթենք, բայց իրականում մտահոգված է` կարծում են, թե այդ քայլով ընդդիմությունը կփորձի շահել քաղաքացիների վստահությունը եւ հնարավոր փողոցային պայքարի դեպքում կոնսոլիդացիա ստեղծել իր շուրջը։ Տրամաբանություն կա, իհարկե, Արցախի կորստից հետո բազմիցս բարձրաձայնվել է այն հարցը, թե ի՞նչ է անում ընդդիմությունը խորհրդարանում, երբ մանդատը որպես գործիք ի զորու չեղավ փրկել Արցախը։ 

Խորհրդարանական մենամեծ ընդդիմադիր ուժի՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանից «Հրապարակը» հետաքրքրվեց՝ կա՞ մանդատները վայր դնելու մտադրություն, կամ նման քննարկում ընթանու՞մ է ընդդիմության ներսում։

«Մենք Ազգային ժողովի ամբողջ գործիքակազմով աշխատել ենք եւ աշխատում ենք։ Այնպես չէ, որ այդ մանդատները մեզ համար անձեռնմխելիության համար է, կամ ինքնանպատակ է։ Բայց այդ մանդատները պահելը այսօր իսկ անհրաժեշտություն է, որպեսզի մենք կարողանանք մեր պայքարը շարունակել։ Ակնհայտ է, որ մի օր կգա այդ պահը»,-ասաց նա։

Հարցին՝ պայքար ասելով՝ ի՞նչ նկատի ունեք, ի՞նչ ֆորմատով, ե՞րբ եք պայքարելու, պատասխանեց․ «Պայքար՝ այս իշխանությունների դեմ՝ բոլոր ֆորմատներով, եւ՛ ազգային ժողովում, եւ՛ դրանից դուրս»։ Իսկ ե՞րբ եք փողոցային պայքար սկսելու հարցին էլ պատասխանեց, թե համապատասխան իրադրությունն այսօր չկա։ «Ես ասացի՝ դրա իրադրությունն այսօր չկա»,-ասաց նա։