Ո՞ւմ հետ է իրականում հանդիպել Վանեցյանը Մոսկվայում

Ո՞ւմ հետ է իրականում հանդիպել Վանեցյանը Մոսկվայում

Telegram-ի «Բաղրամյան 26» ալիքը իր էջում մի լուսանկար է հրապարակել, որտեղ Արթուր Վանեցյանն է՝ մի տղամարդու հետ զբոսնելիս։ Ըստ «Բաղրամյան 26»-ի՝ լուսանկարում Վանեցյանի հետ զբոսնող տղամարդը «Տաշիր գրուպի» հիմնադիր, ռուսաստանաբնակ հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանն է։ լուսանկարին կից նշված է, թե ԱԱԾ տնօրենի պոստը թողնելուց հետո Վանեցյանը անմիջապես մեկնել է Մոսկվա՝ Բարվիխա թաղամասում հանդիպելու Սամվել Կարապետյանին։ Ակնհայտորեն լուսանկարն արված է գաղտնի՝ ինչ-որ մեքենայի միջից։

Տարօրինակ է, սակայն, որ լուսանկարողը կամ տեքստը գրողը չի տեսել, թե իրականում ում հետ է զբոսնում Վանեցյանը Բարվիխայում։ Լուսանկարից պարզ երևում է, որ Վանեցյանի հետ զբոսնող տղամարդը Սամվել Կարապետյանը չէ։ մի քիչ ուշադիր նայելով՝ պարզ է դառնում, որ ենթադրյալ «Սամվել Կարապետյանն» իրականում ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանն է։ Նա Վանեցյանի վաղեմի ընկերն է։ Ուստի տարօրինակ է, թե ինչու է Telegram-ի հայտնի իշխանական ալիքը Արա Սաղաթելյանին ներկայացրել որպես «Տաշիրի» Սամվել Կարապետյան։ Լուսանկարողը կա՛մ Սաղաթելյանին չի ճանաչել դեմքով, կա՛մ Սամվել Կարապետյանին չի ճանաչում առհասարակ, թեպետ, եթե չի ճանաչում, որտեղից է եզրակացրել, որ հենց նա է, կա՛մ էլ դիտավորյալ են փորձել Արթուր Վանեցյանին «հանդիպեցնել» Սամվել Կարապետյանի հետ՝ դրա տակ քաղաքական ինչ-ինչ ենթատեքստ դնելով։

Նշենք, որ սոցցանցում արդեն երկու օր է՝ այս թեման ակտիվորեն քննարկվում է հենց քաղաքական կոնտեքստում։ մեր կողմից հավելենք, որ մեր տեղեկություններով՝ Սամվել Կարապետյանն այդ օրերին, երբ Վանեցյանը գտնվում էր Մոսկվայում, Ռուսաստանում չի եղել՝ նա վերջերս ժամանել էր Հայաստան՝ սեպտեմբերի 18-ին մասնակցելու նոր հիմնանորոգված վեհարանի բացմանը, որից հետո մեկնել է բոլորովին այլ երկիր։

Այն մասին,որ Սաղաթելյանն ու Վանեցյանը մտերիմ են, Նիկոլ Փաշինյանն իմացել է ի սկզբանե և նրանց շփումներին դեմ չի եղել: Արա Սաղաթելյանը երբեմն Վանեցյանին այցելել է կառավարական ամառանոցում: