Ցավալի է, որ գործող իշխանությունները նախկինից վերցրին բոլոր վատագույն ավանդույթները

Ցավալի է, որ գործող իշխանությունները նախկինից վերցրին բոլոր վատագույն ավանդույթները

Ոստիկանությունն արդեն մի քանի օր է ամենադաժան ձևով ծեծի է ենթարկում փողոց դուրս եկած ցուցարարներին, վերջիններիս վիրավորում, նվաստացնում, բաժին տեղափոխում: Սա այն դեպքում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե իբրև Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է եւ փակված է անցյալի բռնությունների ու անօրինականությունների էջը: 

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով ոստիկանների բռնարարքներին ասում է, որ այդ ամենը հնուց եկած, «ավանդական» դարձած երևույթ է: Իրավապաշտպանի կարծիքով` իրավիճակը կարող է փոխվել միայն մեկ դեպքում, եթե հասարակության մտածողությունը փոխվի. «Ոստիկանությունը պետք է լինի համարժեք տրամաբանության մեջ: Նման երևույթները նախ հասարակության համար պետք է դատապարտելի լինեն, ցանկացած իշխանություն երազում է ունենալ այնպիսի ոստիկանություն, որին կկարողանա տալ ապօրինի հրամաններ և այդ ոստիկաններն էլ հնազանդ կլինեն: Ցավում եմ, որ Լևոն Քոչարյանին ևս բռնության ենթարկեցին, սակայն կարծում եմ, որ Լևոնը պետք է իր հորը հարց ուղղի, թե ինչո՞ւ Հայաստանում ստեղծվեց նման համակարգ: Իսկապես շատ եմ ցավում, որ ինչ-որ մեկը կարող է այդ համակարգի զոհը դառնալ, սակայն միևնույն ժամանակ բոլորն իրենց պետք է հարց տան. արդյո՞ք իրենք չեն նպաստել այդ համակարգի ձևավորմանը, որ երբ նման համակարգ էին ստեղծում, չէի՞ն մտածում, որ դրա զոհը մի օր էլ կարող են իրենք դառնալ: Դատապարտում եմ բռնության բոլոր դեպքերը: Ցավալի է, որ գործող իշխանությունները նախկինից վերցրին վատագույն բոլոր ավանդույթները: Ոչ մի բարեփոխում չի արվում այս ուղղությամբ: Հուսով ենք` հաջորդ իշխանություններն իրապես համապատասխան քայլեր կձեռնարկեն, իսկ հասարակությունն էլ իր հերթին կհասկանա, որ լավագույն ոստիկանություն ունենալը շատ կարևոր է և չի կարելի ուրախանալ, երբ ծեծի է ենթարկվում ինչ-որ մեկը», - նշեց նա:

Հարցին՝ իրավապաշտպաններն ու ՀԿ-ները չե՞ն պատրաստվում դիմել միջազգային կառույցներին, նրանց ուշադրությունը հրավիրելով ժողովրդավարության անվան տակ գործող Հայաստանի ավտորիտար ռեժիմի վրա, ինչպես առաջ էին անում, Նինա Կարապետյանցն ասաց. «Մենք կարող ենք կոչերով դիմել և պահանջել ինչ-որ բաներ, բայց քանի դեռ հասարակությունը չի հասկանում, որ կարևորագույն խնդիրը նորմալ ոստիկանություն ունենալն է և չի կարելի ուրախանալ, որ ինչ-որ մեկին ծեծի են ենթարկել, այդ համակարգն աշխատելու է այսպես»: