Արցախը սակարկելի չէ, ոչ մի զիջում թուրքերին․ Պահանջատիրական Ջահաերթը՝ Ստեփանակերտում

Արցախը սակարկելի չէ, ոչ մի զիջում թուրքերին․ Պահանջատիրական Ջահաերթը՝ Ստեփանակերտում

Այսօր ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ Ստեփանակերտում կայացել է պահանջատիրական Ջահաերթ։ Երթը մեկնարկել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցուց, որտեղ նախքան Ջահաերթը տեղի է ունեցել պատարագ, այնուհետև անցնելով Ստեփանակերտի կենտրոնական փողոցներով՝ երթի մասնակիցները հասել են Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ տեղակայված է Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը։

Հուշահամալիրում կոչ հնչեց համայն հայությանն ու միջազգային հանրությանը, աղոթք հնչեցվեց առ Աստված, երգեց ՀՀ ժողովրդական արտիստ Շուշան Պետրոսյանը։ Երթի ընթացքում «Ոչ թուրքի հետ ապրելուն», «Արցախը սակարկելի չէ », «Ոչ մի զիջում թուրքերին », «Արդար պահանջ ոչ մի նահանջ » ու այլ կոչեր էին հնչում։

Ջահաերթին մասնակցել են հազարավոր քաղաքացիներ։ Մարդիկ եկել էին ընտանիքներով՝ իրենց մանկահասակ երեխաների հետ, մեծ էր երիտասարդության թիվը։ Երթի ընթացքում քաղաքացիներն իրենց պատուհանագոգերին ու պատշգամբներին մոմեր էին վառում։ 

Ջահաերթին ի սկզբանե մասնակցում էին Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավորներ՝ մասնավորապես ՀՅԴ, «Արդարություն», ԱԺԿ խմբակցություններից, պետնախարար Արտակ Բեգլարյանը, հոգևորականներ։ Այնուհետև՝ Վերածննդի հրապարակից, երթին միացան Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Անվտանգության խորհուրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Արցախի թեմի առաջնորդը, ինչպես նաև ռուսատանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանը։