Կեղծ ապրանքի առքուվաճառք

Կեղծ ապրանքի առքուվաճառք

ՀՀ վարչապետի աթոռից կառչած՝ խայտառակ պարտության խորհրդանիշ անձը պատերազմից հետո անընդհատ փորձում է Արևմուտքին վաճառել իր հիմնադրած «ժողովրդավարությունը»: Քանի որ խոր գիտելիքներով չի փայլում, չի գիտակցում, որ այդ հարցում Արևմուտքը գնորդ չէ: Հակառակը, վերջին մի քանի տասնամյակում այդ «ապրանքը» հաջողությամբ վաճառվում է հենց Արևմուտքի կողմից: Այն վաճառվել է նաև Հայաստանին, ընդ որում՝ երկու անգամ: Առաջին անգամ՝ երբ ՀՀ առաջին նախագահի օրոք մեր երկիրը Արևմուտքի կողմից բնորոշվում էր որպես Անդրկովկասի «ժողովրդավարության կղզյակ»: Երկրորդ դեպքը վերաբերում է արդեն մեր օրերին, և մեր երկրին էլ, համապատասխանաբար, տրվել է ժողովրդավարության «փարոս և կամ փայլուն աստղ» անվանումը: Ցավալի է, որ այս հանգամանքը չի ընկալվում ոչ միայն վերը նշված անձի, այլ խորհրդարանում բազմած նրա կամակատարների կողմից: Ճիշտ այնպես, ինչպես ժամանակին չի ընկալվել առաջին նախագահի շրջապատում: Էլ չասած, որ երկու դեպքում էլ մեր երկիրը որևէ առնչություն չի ունեցել և չունի իրական ժողովրդավարության հետ: Այսինքն, այստեղից ներկայացվող, իսկ Նիկոլի դեպքում՝ նաև առաջարկվող, «ապրանքն» էն գլխից կեղծ է:

Անցյալն անցյալին թողնելով՝ ասենք, որ այսօր թե՛ վարչապետի պաշտոնը զբաղեցնողին և թե՛ խորհրդարանի իշխող խմբակցությանն Արևմուտքն անընդհատ մեսիջներ է հղում, թե ինքն ընդունում է իրեն առաջարկվող կեղծ «ապրանքը»: Որովհետև նրա համար կարևորը ոչ թե ժողովրդավարության իրական լինելն է, այլ իր շահերն առաջ մղելու համար դա օգտագործելը: Իսկ դա, նախ, նշանակում է Հարավային Կովկասից Ռուսաստանին հեռացնելու ձգտում: Եվ երկրորդ՝ թուրք-ադրբեջանական զույգի պահանջներից մեկի բավարարում: Այն է՝ «Զանգեզուրի միջանցքի» տրամադրում Ադրբեջանին միջինասիական թյուրքախոս պետությունների հետ անմիջական կապ հաստատելու նպատակով: Ինչը կարող է հանգեցնել այդ տարածաշրջանին կից ռուսական տարածքներում անջատողական շարժման գեներացմանը կամ ակտիվացմանը, որտեղ այն առկա է, և, ի վերջո, ՌԴ-ի տրոհմանը: Իսկ դա այն հիմնական նպատակն է, ինչին ուղղված է ուկրաինական պատերազմին մեծ փողերով, սպառազինությամբ ու մասնագետներ ուղարկելով միջամտելը: Եվ ոչ թե ուկրաինական «ժողովրդավարությանը» թիկունք կանգնելը: Այն առկա չէ այդ երկրում ճիշտ այնպես, ինչպես առկա չէ Հայաստանում:

Ադրբեջանն, իհարկե, միջանցքով չի բավարարվում, ինքն այլ պահանջներ ևս ունի: Դա, առաջին հերթին, «Արևմտյան Ադրբեջան» ադրբեջանցիների վերադարձն ապահովելն է, ինչպես նաև Սևանա լճի արևելյան ափին տիրանալն է և այլ տարածքային պահանջներ: Չնայած դա զուտ ադրբեջանական պահանջ է, բայց իրականացման փորձի դեպքում Թուրքիան կկանգնի իր կրտսեր եղբոր թիկունքին: Արևմուտքը այդ պահանջների առումով այս պահին ձայն չի հանում և իրագործմանը չի խոչընդոտի նաև ապագայում՝ «նիկոլական ապագայում»: Ենթադրում եմ, որ եթե դա հաջողվի Իլհամին՝ Արևմուտքը զուտ խոսքով կդատապարտի ու դրանով կբավարարվի: 

Եվ այդ աշխարհաքաղաքական շահերի համատեքստում բացարձակ նշանակություն չունի այն հանգամանքը, որ նիկոլական «ժողովրդավարությունն» իրականում կեղծ է: Իսկ որ դա այդպես է՝ կասկած լինել չի կարող: Քանի որ Արևմուտքում շատ լավ էլ հասկանում են, որ տեսականորեն անգամ չի կարող լինել իրական ժողովրդավարություն պետական բոլոր ինստիտուտների անկախությունը տրորած մենիշխանության պայմաններում: Նույնիսկ ավելին, Արևմուտքին անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանում լինի ոչ թե իրական ժողովրդավարություն, այլ դրա անվան ներքո բռնապետություն: Որովհետև միայն բռնապետության դեպքում է հնարավոր ինքնիշխանության անվան ներքո ապահովել իշխանության կախվածությունն Արևմուտքից: Որովհետև իրական ժողովրդավարության դեպքում այդ իշխանությունը հոդս ցնդած կլիներ դեռևս 2020 թվականի վերջում՝ 44-օրյա պատերազմի խայտառակ պարտության հետևանքով: Իսկ այն պահպանելու հարցում, խիստ «զարմանալիորեն», ավտորիտար Ռուսաստանն ու  ժողովրդավարական Արևմուտքը դրսևորեցին նույն վարքագիծն ու Նիկոլի նկատմամբ նույն վերաբերմունքը:

Այն, որ ասվածը ճշմարիտ է, վկայում է թեկուզ այն հանգամանքը, որ օկուպացված Շուշիում մեկնարկել է «Կեղծ տեղեկատվության բացահայտում. ապատեղեկատվության դեմ պայքար» թեմայով երկրորդ Գլոբալ մեդիաֆորումը։ Որին մասնակցելու հայտ էին ներկայացրել ավելի քան 150 օտարերկրյա հյուրեր մոտ 50 երկրներից: Այդ թվում՝ 3 միջազգային կազմակերպություն, 30 երկրի լրատվական գործակալություն և 82 լրատվամիջոց: Կարծում եմ, որ հյուրերի թվում պատկառելի թիվ են կազմում արևմտյան, այսպես կոչված, չեզոք և անկախ լրատվամիջոցների ներկայացոււցիչները: Պատկերացնո՞ւմ եք՝ ոտքից գլուխ կեղծ պետությունում կազմակերպվում է կեղծ տեղեկատվության բացահայտման և դրա դեմ պայքարի ֆորում: Եվ դրան մասնակցում են արևմտյան լրատվամիջոցներ: Նման երևույթի առկայությունը նշանակում է միայն այն, որ նույնիսկ տեղեկատվության հարցում բարոյականությունը վաղուց իր տեղը զիջել է աշխարհաքաղաքական շահերին: