Ոչ մի խաղաղություն՝ երկարաժամկետ թե կարճաժամկետ, հնարավոր բան չէ

Ոչ մի խաղաղություն՝ երկարաժամկետ թե կարճաժամկետ, հնարավոր բան չէ

Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի տարածած հայտարարության մեջ, ի թիվս մի շարք կետերի՝ սահմանային հարցեր, կապուղիներ, սոցիալ-տնտեսական զարգացում, խաղաղության համաձայնագիր, Շառլ Միշելն ընդգծել է նաեւ, որ «անհրաժեշտ է հասցեագրել Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքների եւ անվտանգության հարցը»։

Արցախի ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է հասկանում այս ձեւակերպումը, արդյոք այն նշանակո՞ւմ է, որ արցախահայությունն այսուհետ ազգային փոքրամասնության կարգավիճակում է հանդես գալու, ի՞նչ մտահոգություններ կան այդտեղ՝ Արցախում, Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ։

«Իմ եզրահանգումն այն է, որ եթե այսպես շարունակվի, շատ ցավալի կլինի։ Մեզ որպես հայ, որպես բնիկ չեն ընդունում եւ չեն ճանաչում, իսկ մեզ համար այդ տարբերակն անընդունելի է։  Մենք միշտ էլ բոլոր պատմական ժամանակաշրջաններում, չհաշված խորհրդային տարիները եւ այն ժամանակահատվածները, երբ պետականությունից զուրկ էինք,  գրեթե միշտ եղել ենք անկախ, միշտ մեր պետականությունն ունեցել ենք, եւ հիմա զուտ որպես էթնիկ բնակչություն մեզ ճանաչելը ես ճիշտ չեմ համարում։ Մենք միշտ էլ ունեցել ենք եւ պիտի ունենանք պետականություն»։

ԿԳՄՍ նախարարն անգամ ամենավատ երազում չի կարող արցախցուն Արցախի հողում ազգային փոքրամասնության կարգավիճակում պատկերացնել․ «Ոչ, Արցախը երբեւիցե չի եղել Ադրբեջանի կազմում եւ չի լինելու։ Դա անհնար է անգամ պատկերացնելը, համատեղ բնակությունն անհնար է»։

Ի՞նչ է ենթադրելու նաեւ «մշակութային ինքնավարություն» ասվածը, արցախահայությունը կհամաձայնի՞ դրան։ «Ես այդ մշակութային ինքնավարությանն էլ հակված չեմ, որպեսզի դրա շուրջ համաձայնության գան, որովհետեւ նրանք մի բան ասում են, մեկ այլ բան իրականացնում են։ Ասում են՝ մշակութային ինքնավարություն, բայց փոխարենը մեր մշակութային հուշարձաններից ջնջում են հայկականության հետքերը եւ մեզ վերագրում աղվանական ծագում։ Հիմա ո՞նց հասկանանք նրանց ասածն ու քայլերը։ Եթե դա ենթադրելու է ինչ-որ դպրոցներում ադրբեջաներենի ներմուծում, ապա ցանկացած լեզու ուսումնասիրելու համար դա խնդիր չէ, բայց դրա տակ չպետք է հասկացվի այն ամենը, ինչ որ նրանք նախաձեռնել եւ իրականացնում են»։

Այսինքն՝ ինքը սկզբունքորեն խնդիր չի՞ տեսնում, որ Արցախի դպրոցներում անցնեն ադրբեջաներեն եւ թուրքերեն՝ ելնելով տարածաշրջանային, անվտանգային հարցերից։ «Այս պահին եմ խնդիր տեսնում, քանի որ դրված են մեր եւ Ադրբեջանի՝ իբրեւ թե բարիդրացիական հարաբերությունները, այս պահի համար խնդիր տեսնում եմ, հետագայում այդ ուղղությամբ կմտածենք, էլի, որպես հարեւան, կարելի էր այդ հարցին այլ լուծումներ տալ։ Բայց մշակութային ինքնավարություն ունենալով հանդերձ լինել Ադրբեջանի կազմում՝ ես դա համարում եմ անընդունելի տարբերակ, որեւէ արցախցու համար չի կարող ընդունվել Ադրբեջանի հովանու ներքո լինելու կարգավիճակը, թեպետ ե՛ւ մշակութային ինքնավարություն ունենալու, ե՛ւ Արցախի գոյատեւման գնով։ Մեր համատեղ լինելը հնարավոր տարբերակ չէ»։

Փաստացի, Արցախի ձայնը որքանո՞վ է լսելի թե՛ միջազգային հարթակներում, թե՛ Հայաստանի իշխանությունների կողմից, ովքեր մե՛կ հայտարարում են, որ իրավասու չեն Արցախի անունից բանակցել, մե՛կ էլ հանկարծ գնում եւ սկսում են բանակցել, նշաձող իջեցնել Արցախի կարգավորման հարցում։ «Միջազգային հարթակներում մեր ձայնն անլսելի է, եւ կարծես մենք անուշադրության ենք մատնված, միջազգային հարթակներում մեզ ուշադրություն չի հատկացվում։ Ինչ վերաբերում է հայաստանյան իշխանություններին, դա ավելի շատ քաղաքական հարց է, եւ դրան գնահատական տալ չեմ կարող, դրան թող պատասխանեն հայաստանյան իշխանությունները, որովհետեւ ես՝ որպես Արցախի ԿԳՄՍ նախարար, չեմ կարող պարզաբանում տալ Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանությունների կողմից իրականացված քայլերին»։

Փաստ է, որ ՀՀ իշխանություններն իրենց վրա վերցրել են այդ պատասխանատվությունը եւ բանակցում են նաեւ Արցախի փոխարեն, առանց Արցախի կարծիքը հաշվի առնելու․ ի վերջո, ի՞նչ են անելու արցախցիները, ինչին ի պատասխան նախարարը նշեց, որ դա գիտության, կրթության եւ մշակույթի ոլորտի հարց չէ, եւ ինքը ոչինչ չի կարող ասել։ Հնարավոր համարո՞ւմ է, որ Արցախի շուրջ տեղի ունեցող այս գործընթացների ֆոնին բողոքի ալիք, ընդվզումներ սկսվեն Արցախում։ «Չեմ կարող կանխատեսել»,- ասաց նա։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն իր տարածած հայտարարության մեջ նաեւ ընդգծել է, որ կարեւոր է ժողովուրդներին երկարաժամկետ կայուն խաղաղության պատրաստելը։ Հնարավոր համարո՞ւմ է խաղաղության կայուն հեռանկարը երկու ժողովուրդների համար։ «Հայ-ադրբեջանական խաղաղության նախապատրաստումը ես հնարավոր տարբերակ չեմ համարում ոչ մի առումներով։ Ոչ մի խաղաղություն՝ թե՛ երկարաժամկետ, թե կարճաժամկետ, հնարավոր բան չեմ համարում»։