Աննա Ադյան-Դավթյան. Ճայն ականջիս շշնջաց

Աննա Ադյան-Դավթյան. Ճայն ականջիս շշնջաց

ԾՈՎԱՓԻՆ

Ճայն ականջիս շշնջաց,
որ իմ մասին ես հարցրել... 
Նա չգիտեր, որ ձկների լռությամբ՝
ալիքներին հրաժեշտի երգեր եմ գրել ... 

***
Սրտիս ամենասիրուն կտորը... 
Այն, որ քեզ մոտ էր... 
Այն, որ քեզ պետք չէր... 
Էլ՝ պետք չէ։ 
Այն, որ... 
Վերադարձրիր այն օրը...
Նետեցիր ոտքերիս տակ. 
վերցրել եմ։ 
Ու չի ձուլվում ... 
Ու օտար է... 
Եվ... Ցավո՜ւմ է... 

ԱՆԱՊԱՏ

Ես քո աղջիկն եմ ճերմակ՝
բույրերով հիրիկների, 
քամիներով անապատի 
ու դեղնաշեկ հատիկների չափ  
ավազների՝ քոնն եմ ես... 

Դու լույս հունցող ձեռքն ես երկնքի,
ով շաղախում է իմ ամուր լեռների 
փխրուն խաղաղությունը... 
Եվ ինձ տրտմություն է բերում կիսադեմն  
անծանոթ լուսնի, որ խոնավ շուրթերով 
համբուրում է երկնքի կուրծքը 
ու տոթ գիշերի մեջ ալարկոտ շորորալով՝  
կախվում ոտնաթաթերիս տակ  
սահող անսահմանության վրա... 

Արեւելյան բայաթիների այս երկրում
իմ ներսում կարոտի երգեր են ծնվում. 
մեզ բաժանող տարածության ու 
ժամանակի   
տեղապտույտ խառնարանում
ես անվերջ թափառող 
բեդվին աղջիկ եմ՝ բույրերով հիրիկների,
դեղնավուն անապատի սամումներով անսանձ 
եւ ուղտերին բարձված երազանքներով հակինթե...

ՎԱՂԸ

Կմեկնեմ նորից խոնավ իմ կղզին... 
Կվերցնեմ Լուսաբացին երգող   
թռչնի դայլայլը,
Անտառի՝ արմատածածկ,
Ինձնից խռով արահետով
Հետուառաջ կանեմ երկար...
Կնստեմ մի պահ նստարանին, 
որ աչքերիս գույնն ունի,
Եվ կրկին կատեմ ինձ, հետո կսիրեմ...
Կհիշեմ քեզ..... 
Ծառի մամռակալած բունը 
կմաքրեմ ափով...
Կհանեմ մի քանի սուր
ասեղ սրտիս պահոցից, 
Ու սիրո՜ւն, սիրուն ժանյակ կգործեմ՝
մուգ կանաչ, կանաչ, փխրուն մամուռից...
Դրանով կզարդարեմ տխրությունս,
Ու կներեմ հեռացածներին...
Ու կհաշտվեմ ինքս ինձ հետ...
Եվ այդ պահին խոստանում եմ
սիրել կյանքը... 

ԼՈՒՍԱԲԱՑԻՆ 

Ես հիմա ամպի թեւ եմ թափանցիկ, 
Անձրեւի համբույրն՝ այտերիս վրա, 
Արեւի մի շող դիպավ հպանցիկ, 
Եվ հողի խորքից երգեր վեր ելան... 

Ու վերից լույսեր իջան դարձդարձիկ, 
Փռելով շուրջը՝ գույներ ցիրուցան
Շողը չգտավ ճամփան տունդարձի, 
Երկնքի հոնքին դարձավ ծիածան։ 

Ականջ դրեցի վաղ լուսաբացին՝
Սահելով ուսին կաթնաթույր լեռան, 
Երդիկից ելավ բույրը թարմ հացի, 
Լսվեց մայունը նոր ծնված գառան։ 

ՓԱԿԻՐ 

Փակի՛ր ափերդ, փակիր, սիրելի՛ս... 
Մինչեւ լուսաբաց սեր է հնչելու, 
Ադամամութին ինձ գրկելու ես, 
Ու թաց վարսերիս բույրն ես շնչելու... 

Փակի՛ր աչքերդ, Արեւագա՛լս,
Տես ինձ ու ծովը եւ թռչուններին...
Այգալույսի հետ թռչունները այդ՝
Ափերիցս քո ԱՓ են թռչելու... 

ԱՇՈՒՆ

Ես իմ սերն եմ սիրում...
Վ. Տերյան

Դու սիրում ես ինձ,
Ես քո սերն եմ սիրում. 
աշուն է, ձմեռ է, գարուն...
Դեպի ինձ ճանապարհն 
ու բացվող նոր օրը
Լուսավոր թախիծ են բերում... 

Դու սիրում ես ինձ,
Ես քո սերն եմ սիրում. 
ձմեռ է, գարուն է, աշուն...
Անձրեւոտ փողոցներն
ու դեղին մայթերը
Ձուլվում են իրար, երկարում... 

Դու սիրում ես ինձ,
Ես քո սերն եմ սիրում
Երկինքը ոսկի է մաղում...
Ամենուր բույրեր են, 
Ամենուր գույներ են,
Աշուն է, աշուն է, աշուն...

ՄԵՆՈՒԹՅՈՒՆ

Փակ աչքերով հատել անտառը կիսաթաց, 
Ափով սրբել լույսը՝ կանաչ կաթիլների,
Չանսալ ոչ մի սիրուն խոսքի
ու հեքիաթի,
Թույլ տալ պատմեն
եւ ժպտալով՝ չհավատալ...
Երազանքից պոկված ամպի
ճերմակ քուլան
Առնել ափին եւ բոլորից առանձնանալ,
Չհմայվել ո՛չ մի տողով, 
ո՛չ մի խաղով ... 
Թողնել խոսեն 
ու լսելով՝ հեռվում մնալ...

ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ

Երբ վերջին հավատներդ 
հրաժեշտի համբույրներ են հղում քեզ, 
(օդային, սեթեւեթ)... 
Երբ սրտով այլեւս չես գրկում ոչ ոքի՝
Նրան, երկրորդին, երրորդին...
Ազատություններից մեկն է գրկում քեզ՝
անտարբերությունն՝ իր փշոտ ձեռքով,
ինչպես Նա է, երկրորդը, երրորդը, 
Ինչպես արեւն է, լուսինը, աստղերը, 
որ լուսատուներ են, բայց եւ անհաղորդ՝
նման երկրորդին, երրորդին, 
նման այն մեկին (ով Նա էր)...
Նման Ինձ...

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ