Ինչ են գրում եւ քննարկում Թուրքիայում․ քաղվածք մամուլի հրապարակումներից

Ինչ են գրում եւ քննարկում Թուրքիայում․ քաղվածք մամուլի հրապարակումներից

Ամերիկյան Bloomberg պարբերականը գրում է, որ եթե առաջիկա ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփը պարտություն կրի, ապա տանուլ տվածների շարքում կհայտնվի նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, քանի որ Բայդենը Թուրքիայի ներկայիս ղեկավարի հանդեպ ունի ընդգծված բացասական վերաբերմունք։

Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահ Համզա Դաղը հայտարարել է, որ վարակվել է կորոնավիրուսով։

Ստամբուլի սաուդական հյուպատոսությունում սպանված սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշուքջիի հարսնացուն՝ Հաթիջե Ջենգիզը եւ «Հանուն արաբական աշխարհի ժողովրդավարության» հարթակը դատի են տվել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մուհամմադ բին Սալմանին եւ մի շարք ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների, պահանջելով նրանց ներգրավել լրագրող Հաշուքջիի սպանության գործի քննության մեջ եւ պատասխանատվության ենթարկել նրանց։

Պարզվել է, որ Օղուզ Գյուվենմեզը, ով կորոնավիրուսի հետազոտություններ է անցկացրել Թուրքիայի առողջապահության փոխնախարարի հետ, մասնագիտությամբ ամենեւին էլ բժիշկ չէ։ Սա այն դեպքում, երբ պահանջվում է, ըստ ռեգլամենտի, որ հետազոտություններ անցկացնողը պետք է լինի բժիշկ։

Թուրքիայի Առողջապահության նախարար Ֆահրեդդին Քոջան հայտարարել է, որ չի կարողանում վերահսկել կորոնավիրուսային համավարակը երկրում։ Նա նաեւ հայտարարել է, որ չի համարում կորոնավիրուսով հիվանդացած նրանց, ովքեր չունեն ակնհայտ ախտանշաններ, չնայած, որ նրանց թեստը դրական պատասխան է ունեցել։