Առաջ ես ակտիվիստ էի, իսկ հիմա պրոֆեսիոնալ իրավապաշտպան եմ

Առաջ ես ակտիվիստ էի, իսկ հիմա պրոֆեսիոնալ իրավապաշտպան եմ

«Հրապարակի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:

- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանեց Հայաստան, մասնակցեց ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին: Պուտինի այցը մեզանում ընդունվեց ոչ միանշանակ՝ ոմանք բողոքի ակցիաներ արեցին, ոմանք՝ պաշտպանության, գերիների հարազատներն իրենց որդիներին էին նրանից խնդրում: Հայաստանի իշխանությունները, կարծես, ջերմորեն ընդունեցին ՌԴ նախագահին, ինչը որոշ շրջանակների զայրույթն է շարժել:

- Ես իրավապաշտպան եմ եւ այն երկրում, որտեղ մարդու իրավունքները սարսափելի ոտնահարված են․ նման երկրի մասին գրեթե մեկնաբանություններ ես չեմ անում: Համաշխարհային ողջ կտրվածքով վերաբերմունքը պարզ է, մարդիկ Ռուսաստանում բարձրաձայնում են իրենց իրավունքների ոտնահարման մասին: Նորություն հայտնաբերել այս մասով հնարավոր չէ:

- Այդ դեպքում ինչո՞ւ է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով իրեն անվանում է ժողովրդավար վարչապետ, նման ջերմ ընդունելության արժանացնում բռնապետ Պուտինին:

- Իսկ ինչո՞ւ է «Հրապարակ» օրաթերթն իրավապաշտպաններին անվանում սորոսականներ: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները ես չգիտեմ: Ես իմ պազիցիան գիտեմ. այն է՝ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության պաշտպանությունը: Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ երկիր, երբ որ Հայաստանն իր հարաբերությունները խզի ՀԱՊԿ-ի հետ, այդ ժամանակ էլ պարզ կլինի, թե ինչն ինչոց է: Քանի դեռ ՀԱՊԿ անդամ երկիր է Հայաստանը, այլընտրանք չկա: Թե ինչ կլինի հետո, դա էլ արդեն քաղաքական գործիչների եւ քաղաքագետների տիրույթում է: Իմ գործը մարդու իրավունքներով զբաղվելն է: Այն երկիրը, որն անվերջ պատերազմներ է հրահրում, չի կարող իմ կողմից ընդունելի լինել: Ամեն դեպքում, ես մարդու իրավունքներով եմ զբաղվում, եւ քաղաքականությունն իմ մասնագիտական տիրույթում չէ:

- Նախկինում նման հարցերում բավականին ակտիվ էիք, այն հանգամանքը, որ քաղաքական գործիչ կամ քաղաքագետ չեք, Ձեզ չէր կաղապարում....

- Հա, հիմա ակտիվ չեմ, որովհետեւ չեմ էլ կարող այդ հարցերին պատասխանել, համարում եմ, որ դա իմ մասնագիտական շրջանակներում չէ:

- Երեկ արեւմտամետ ուղղվածություն ունեցող ուժերն իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում: Դուք չե՞ք ցանկացել միանալ նրանց:

- Գիտեմ, թող իրականացնեն: Ես միայն կարող եմ պաշտպանել այն մարդկանց իրավունքները, ովքեր կարող են ապօրինաբար բերման ենթարկվել, բռնությունների ենթարկվել եւ այլն: Ես շատ փոքրացրել եմ իմ գործունեության շրջանակը, այն միայն իրավաբանական գործունեությամբ է սահմանափակվում: Կարծում եմ, որ իրավապաշտպանները քաղաքական հայտարարություններով հանդես գալուց առաջ նախ պետք է իրենց մասնագիտությունը փոխեն:

- Իսկ ինչո՞վ է պայմանավորված, որ Ձեր մասնագիտական շրջանակը նեղացրել եք:

- Ավելի պրոֆեսիոնալ եմ դարձել: Առաջ ես ակտիվիստ էի, իսկ հիմա պրոֆեսիոնալ իրավապաշտպան եմ, զբաղվում եմ միայն իրավաբանական գործունեությամբ եւ կարծում եմ, որ դա առավել գրագետ է մասնագիտական տեսանկյունից, եթե ես շատ հարցերի վերաբերյալ չունեմ էքսպերտային գնահատականներ, չեմ էլ կարող խոսել դրանց մասին: Ես հիմա ընդհանրապես բողոքի ակցիաների չեմ մասնակցում՝ մտածելով, որ գոնե ինձ համար շատ կարեւոր է, որ բողոքի բոլոր տեսակ ակցիաների ժամանակ հնչեն մարդու իրավունքները պաշտպանող կոչեր, որտեղ չեն լինի բռնության կոչեր ու վիրավորանքներ: Ես վստահ չեմ, թե մարդիկ ակցիաների ժամանակ իրենց ինչպես կդրսեւորեն, ուստի իմ մարմինը չեմ տեղավորում բռնության կոչեր անող հանրույթի մեջ:

- Քաղհասարակությունը, Դուք եւս պնդում եք, որ Վարուժան Ավետիսյանը պետք է բուժզննում անցնի արտերկրում: Ստացվում է, որ սատարում եք Ավետիսյանին: Բայց գեներալ Մանվել Գրիգորյանը եւս ժամանակին առողջական խնդիրներ ուներ, բանտում խոշտանգվում էր, ի վերջո` մահացավ: Ինչո՞ւ էիք լռում....

- Ես կոնկրետ Վարուժան Ավետիսյանին այցելել եմ: Համարվում եմ քրեակատարողական հիմնարկների դիտորդություն իրականացնող մարմինների նախագահ: Ես լսում եմ կողմերին եւ ամեն կերպ աջակցում մարդու իրավունքներին: Ես բժիշկ չեմ: Մանվել Գրիգորյանին խոշտանգելու մեջ, կներեք, բայց ինձ չեք կարող մեղադրել: Մանվել Գրիգորյանին փորձել ենք այցելել, չենք կարողացել ներս մտնել, քննիչն արգելք է ներկայացրել, համակարգը մեզ թույլ չի տվել ներս մտնել: Նույնն արվել է Ռոբերտ Քոչարյանի պարագայում: Իսկ Արմեն Չարչյանին հանդիպել եմ, ինչ վերաբերում է Նարեկ Մանթաշյանին, նրան եւս այցելել ենք: Այնպես որ՝ ոչ մեկը չի կարող իմ գործունեության վերաբերյալ զուգահեռներ անցկացնել, թե ես որեւէ մեկին անտեսել եմ:

- Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն էլ դատարանի դահլիճում մահացավ....

- Բայց Արմեն Գրիգորյանը երբեք չի բարձրաձայնել իր առողջական խնդիրների մասին, որ մենք էլ կարողանայինք զբաղվել դրանով: Արմեն Գրիգորյանի մահվան առիթով ես հրապարակավ հանդես եմ եկել, խոսել եմ այն մասին, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կա օդափոխության խնդիր, ինչը կարող է ազդել մարդու առողջության վրա: Ինձ չեք կարող այս հարցերում մեղադրել: Ես այս մեղադրանքների հասցեատերը չեմ: Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու առաջին իսկ օրն այցելել ենք նրան, սակայն թույլ չեն տվել ներս մտնել:

- Ամեն դեպքում՝ ընդունեք, որ առաջվա ջանասիրությունը չունի քաղհասարակությունն այսօր: Նախկինում այլ էր:

- Ես նախկինում երբեք չեմ եղել քրեակատարողական հիմնարկների դիտորդ մարմնի նախագահ: Ես ակտիվիստական գործունեություն այլեւս չեմ ծավալում: Հիմա անում եմ այն, ինչ կա իմ գործիքակազմում: Փողոց դուրս չեմ գա: Մի տեղ, որտեղ գոռում են` մահ, սպանել եւ այլն, ինձ համար անընդունելի է, ես մահվան մշակույթի կրող չեմ: Իմ ակտիվիստական գործունեության ընթացքում երբեք բռնության կոչեր չեմ հնչեցրել ու չեմ հայտնվի այն ակտիվիստների ու խմբերի կողքին, ովքեր գուցե նման կոչեր կանեն: