Աշխարհի երեսից պետք է վերացնել կուռքերի պաշտամունքը, որը կազմաքանդել է մարդու հոգին

Աշխարհի երեսից պետք է վերացնել կուռքերի պաշտամունքը, որը  կազմաքանդել է մարդու հոգին

Մնացական Հարությունյանի «Կռապաշտները» գրքի շուրջ․

«Ձեզ չի՞ թվում, որ նա հիմա այստեղ է, և այս ամենն այսօրվա համար է ասված». գրքի սկզբում քերթողահայր Խորենացու մասին ասված խոսքերը շատ խորհրդանշական են նորօրյա  գեղարվեստական պատմագրության այս բարձրարժեք կերտվածքի համար:  Սա էլ մի քերթություն է՝ այն տարբերությամբ, որ սոսկ անկումների արձանագրում չէ, այլ  սթափության կոչ և մարտահրավեր ինքներս մեզ՝ տեր լինելու  մեզ համար նախասահմանված հավերժական գոյին:

Ծանոթանում ես այս գրքի մասին հնչած հիացական կարծիքներին, արժանավոր մարդկանց՝ անվանի մտավորականների, պետական և հասարակական հին ու նոր գործիչների բարձր գնահատականներին՝  ոչինչ չափազանցված չէ: 

Գրքի թեմատիկ-գաղափարական, բովանդակային արժանիքների, նրա հիմքում դրված խոհափիլիսոփայական ուրույն կոնցեպցիայի,  անվրեպ ու դիպուկ նշանառուի՝ տեղին բերած փաստերի ու փաստարկումների, ապշեցնող զուգահեռների, ընդհանրացումների ու եզրահանգումների մասին կարելի է անվերջ խոսել, զարմանալ վերլուծաբան կանխատեսողի հեռահայացությամբ, անցած իրողություններին նախորդած նրա հստակ ու իրատեսական հետևություններով, հիանալ հայ ժողովրդի և համամարդկային արժեքները նորովի մեկնողի ու գնահատողի նրա խորաթափանցությամբ: 

Բայց այդ ամենի կողքին ո՛րն է ամենաարտառոցը: 
Այնքան խորախորհուրդ և ճշգրիտ են  աշխարհընկալման փիլիսոփայական բանաձևումները, միևնույն ժամանակ՝ այնքան պարզ ու համոզիչ, որ զարմանում ես՝ ինչպե՞ս է մինչև հիմա չես ըմբռնել այդ հասարակ ճշմարտությունները: Սա աշխարհի և նրա օրինաչափությունների իմացության  բարձրագույն դրսևորում է, որն անցած ոչ դյուրին ճանապարհին հեղինակի ամբարած հարուստ կենսափորձի, բարձր ինտելեկտուալ զարգացածության, մտահորիզոնի լայնության և հազվագյուտ գիտավերլուծական տաղանդի մեկտեղման արդյունք է:

Լինելով լուրջ և ծանրակշիռ ստեղծագործություն՝ այս գիրքը հավակնում է շատ ավելի մանրակրկիտ ուսումնասիրության, մասնավորապես՝ գրականագիտական անդրադարձի: Ընդհանուրի տված գնահատականում շեշտված  է «ընթերցվում է մեկ շնչով» ձևակերպումը, որը գրքի իմացաբանական արժեքից  զատ՝ վերաբերում է հատկապես գեղարվեստական արժանիքներին, ինչի մասին ավելորդ չեմ համարում մի քանի դիտարկում անել:
Ժանրային առումով այս գիրքը նոր երևույթ է  գրականագիտության մեջ՝ հանդես գալով որպես պատմագրական երկի, գիտավերլուծական աշխատության, հուշագրության, գեղարվեստական պատումի մի համաձուլվածք, ընդ որում դրանք այնքան են միմյանց փոխկապակցված,  որ դժվար է որոշել որտեղ է ավարտվում մեկը և սկսվում մյուսը: Հենց սա է գիրքը դարձնում հետաքրքիր և դյուրընթեռնելի, չնայած իր ծավալին՝ չձանձրացնող ու գայթակղիչ: Մի տեղ հեղինակն ասում է՝ մենք զրուցեցինք դեսից-դենից. այո, սրանք զրույցներ էին իսկապես դեսից-դենից, բայց մեկը մյուսից բխող, մեկը մյուսով պայմանավորված, իրար շաղկապված, ասես մի ճանապարհ, որից բազմաթիվ արահետներ են քեզ տանում այս ու այն կողմ և նորից հետ բերում, և որի այնքան դինամիկ, այնքան անկանխատեսելի շրջադարձերում հանդիպում ես նաև քեզ ծանոթ ու հարազատ պատկերների, ասես միասին նույն գնացքում եք, գնացքի նույն վագոնում և անվերջ պրպտում եք հիշողության ծալքերը, խորհում մարդու ու համամարդկայինի, ազգայինի ու համաշխարհայինի, եսի ու հանուրի, անցողիկի ու հավերժողի մասին: Այո, այս գիրքը ուղևորություն է՝ աշխարհաստեղծումից մինչև մեր օրերի աշխարհաքանդումը, զուգորդված դրանց պատճառահետևանքային իրողությունների խորիմաստ վերլուծություններով: Եվ այդ ամբողջ ուղևորության ընթացքում կարմիր թելի պես անցնում է գրքի հիմնական գաղափարը, որին այնքան համահունչ են և՛ վերնագիրը, և՛ բովանդակությունը: 
Ինչպես գրում է հեղինակն իր գրքի առաջաբանում «ամեն ինչ պտտվում է մի առանցքի շուրջ` աշխարհի երեսից պետք է վերացնել կուռքերի պաշտամունքը, որը մարդկության մանկության օրերից սկսած կազմաքանդել, քարուքանդ է արել մարդու հոգին, ներաշխարհը, դարձրել ձեռնասուն արարած, որին ընտելացրել, իրենց ծառայեցնել են տալիս իր իսկ ստեղծած պաշտամունքի առարկաները»: Ահավասիկ և վերնագիրը՝ «Կռապաշտները»: Հնչեղ, կարճ և հատու, գուցե և որոշված՝ նախքան գրքի ստեղծումը, վարպետորեն մարմնավորված տարբեր կերպարներում՝ սկսած հայի երեխային վերջին վագոնն արտաքսող վրացուց  մինչև գրքի վերջում հանդիպող այլամոլորակայինը: 

Այս գրքում ամեն ինչ մտածված է  սկզբից մինչև վերջ՝ կուռ կառուցվածքը, ասելիքի մատուցման եղանակը . հեղինակն իր կյանքի յուրաքանչյուր փոքր ու մեծ դրվագ դարձնում է ընդհանրացում (մանկության ուլիկի պատմությունը, որից անցում է կատարում Արիստոտելի այն եզրահանգմանը, որ մարդը հասարակական կենդանի է), ուղեկցում  հայ ժողովրդի պատմության այս կամ այն զուգահեռներով, այդ դրվագներից պատեհ անցումներ անում՝ հայն ու ռուսը, հայն ու հրեան,  հայն ու ամերիկացին: Եվ այդ աշխարհաճանաչողությունը սկսվում է իր ծննդավայրից. աննկարագրելի հուզմունք են առաջացնում այդ ծննդավայրի գունեղ պատկերները, նրա հասարակ մարդկանց ոչ հասարակ խոհափիլիսոփայական ըմբռնումները կյանքի ու մահվան, ազնվության ու անարդարության, սևի ու սպիտակի մասին:  Եվ մանկության այդ աշխարհը ոչ այն է բեկվում, ոչ այն է ձուլվում է այն  ուրիշ աշխարհին, որն իրականում նույնն է, քանի որ այնտեղ ամեն մարդ գալիս է իր մանկությունից:

Գրքի յուրաքանչյուր նոր վերնագիր, ավելի ճիշտ՝  ճանապարհորդության յուրաքանչյուր կիսակայարան ունի իր բնաբանը՝ բանաստեղծների, փիլիսոփաների հայտնի խոսքերից մեջբերումներ: Այնքան դիպուկ, այնքան համահունչ, այնքան վարակող, որ ընթերցողի մոտ կամա-ակամա ցանկություն է առաջանում գրքով պռնկեպռունկ լեցուն իր ուղեղի պարունակության մեջ ևս մի կաթիլ տեղավորել: Ու այսպես՝ նորանոր կաթիլներ, բայց զարմանալիորեն, անտակ պուտուկի պես դրանք տեղավորվում և էլի են տեղ բացում:  

Եվ սակայն հեղինակը շարունակում է կախարդել ընթերցողին՝ խոսքը համեմելով առակներով  ու զվարճալի պատմություներով, թևավոր խոսքերով ու ասացվածքներով, բառախաղերով, համեմատություններով ու հակադրություններով, ինչպես այս մեկը. «Ամեն մի նոր ստեղծվում է հնի վրա, ինչպես այսօրվա լուսաբացը չի կարող բացվել առանց երեկվա մայրամուտի, այսօրվա ճիշտն առանց երեկվա ստի, նոր սերն առանց հնի մերժումի, այսօրվա կարոտն առանց երեկվա հուշարթնացումի»: Կամ թեկուզ սա՝ «Եվ այսպես, պաշտոնավորների հարստությունն օր օրի ավելանում է, իսկ երկրի հարստությունը շագրենու կաշվի պես փոքրանում, կծկվում է»:

«Կռապաշտները» գիրքը ամեն մեկիս մասին է՝ հասցեագրված և՛ իր արմատներին ամուր կանգնած, և՛ դրանցից հեռացած հային: Այն յուրատեսակ հայելի է, որտեղ յուրաքանչյուրը կարող է տեսնել իր ճշմարիտ արտացոլումը , իր դեմքն ու էությունը,  արածն ու  չարածը և կամ անելիքն ու չանելիքը: Այս գիրքը մի ամբողջ ազգի անցնելիք ճանապարհի ստույգ հայեցակարգ է, խավարում մոլորված նավը ափ դուրս հանելու յուրատեսակ փարոս-ուղեցույց: Ահա թե ինչու տարակույս չի կարող լինել դրա հաջորդ հրատարակության մասին, որը սպասված է և անվերապահորեն  պետք է լինի:

Գիրքն ընթերցելուց հետո ինձ մոտ  հարց առաջացավ. ի վերուստ տրված ի՞նչ առաքելությամբ է լույս աշխարհ եկել Մնացական Հարությունյան երևույթը:

Պատասխանը մեկն է. պայքարող մարտիկի՝ հանուն և ոչ թե ընդդեմ, որն իր բաժին կռիվը կռվել և  իր բաժին լույսն է տվել խավարին և դեռ մի բան էլ ավելի: Այդ լույսը մեր ժողովրդի մթին բավիղներում ճանապարհ է ցույց տալիս: Անվարան, անվեհեր, աներեր առաջ գնալու և արարչական իր արժեհամակարգով մոլորակի ղեկն իր ձեռքերում պահելու հանգրվանին հասնելու համար:

 Անահիտ Պողոսյան
«Ճարտարապետություն, շինարարություն» ամսագրի գլխավոր խմբագիր