Որտեղի՞ց այսքան մերժում

Որտեղի՞ց այսքան մերժում

Ոմանք զարմանում են` ինչո՞ւ է մեր հասարակությունն այսքան ցավոտ, այսպես սվիններով ընդունում իշխանությունների բոլոր քայլերը: Անգամ այն քայլերը, որոնք, թվում է` հասարակության շահերից են բխում եւ չպետք է դիմադրության արժանանային: Ի վերջո, ողջ աշխարհն է պայքարում կորոնավիրուսի դեմ, եւ շատ երկրներում կան նման սահմանափակումներ` պատվաստումների պարտադրանք, քովիդի պարտադիր թեստավորում, քովիդ-անձնագրերի պահանջ: Կամ` սեպտեմբերի 21-ի տոնակատարության դեմ այս հուսահատ պայքարը: Չէ՞ որ դա էլ հող հանձնելուն, զոհեր տալուն կամ թշնամուն միջանցք տրամադրելուն համարժեք քայլ չէ` հասարակության հանգստին, ուրախ ժամանցին ուղղված քայլ է, որի հանդեպ եթե անգամ անտարբեր են ու դժգոհ, գոնե այդ ծայրահեղ մերժողականությունը չպետք է լիներ:

Ամբողջ հարցն այն է, որ այս իշխանությունը վատնել է իր հանդեպ համակրանքի ու հանդուրժողականության ռեսուրսը: Իր սխալներով, վրիպումներով, ցինիզմով ու անգրագիտությամբ լցրել է մարդկանց համբերության բաժակը: Մտածող մարդկանց այն զանգվածը, որը ժամանակին հույսեր է կապել նրանց հետ, հավատացել է եւ աջակցել այս իշխանություններին, 3 տարվա ընթացքում հիմնովին հիասթափվել է նրանցից, հասկացել, որ սխալ իշխանություն է ընտրել, ապաշնորհ մարդկանց է աջակցել, որոնք 3 տարում բազմաթիվ կորուստների պատճառ են դարձել, երկիրն ու նրա քաղաքացիների կյանքը վտանգել: Մի փոքրիկ հույս կար, որ նրանք ընտրություններով կհեռանային, սակայն չհաջողվեց: Իսկ սխալներն ու վրիպումները շարունակվում են: Մենք անդունդի եզրով ենք քայլում, եւ ամեն օրը նոր` անդառնալի կորուստների է հանգեցնում: Այս պարագայում արդեն գնահատել որեւէ իշխանական մտահղացում, ներողամիտ լինել մեզ անդունդին հասցրած անձանց քայլերի նկատմամբ՝ անհնարին է: