Մարզիկների համար միջնորդել է ԿԳՄՍ նախարարը

Մարզիկների համար միջնորդել է ԿԳՄՍ նախարարը

Հուլիսի 16-ին ԱՄՆ-ում կայանալիք թեթեւ ատլետիկայի աշխարհի առաջնությանը մասնակցելու հարցում մեր ատլետները, պարզվում է, լուրջ դժվարություններ ունեն։ Բանն այն է, որ ԱՄՆ դեսպանությունը «պատուհան» չունի, որ վիզա տրամադրելու համար հարցազրույցի հրավիրի մեր սպորտսմեններին եւ դեսպանատուն մտնելը դարձել էր անլուծելի հարց, իսկ մրցումներին կարճ ժամանակ է մնացել։

Մեր մարզիկները, որոնք 7-8 հոգի են, արդեն հույսները կտրել էին, որ կհասցնեն վիզա ստանալ եւ հաշտվել էին, որ մրցումների չեն կարողանալու մեկնել, սակայն միջամտել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։ Նա նամակ է ուղղել ԱՄՆ դեսպանություն, խնդրելով, որ հնարավորություն գտնեն մոտակա օրերին հավաքականի անդամներին ընդունելու եւ մուտքի արտոնագրեր տրամադրելու։ Կարծես թե հուլիսի առաջին օրերին հյուպատոսական բաժնում պատուհան են բացել եւ մեր մարզիկները կհասցնեն ստանալ մուտքի արտոնագիր ու մինչեւ հուլիսի 16-ը մեկնել ԱՄՆ։ Մնում է, որ առանց մեդալների չվերադառնան։