Պատժվելու եք

Ապշել կարելի է իշխանության, նրա իրավապահների անամոթության եւ ցինիզմի վրա: Էլի կարելի է որոշ հարցերում յուրայիններին մեղմ վերաբերվել, իսկ հակառակորդներին` օրենքի ողջ խստությամբ պատժել, բայց ա՞յս աստիճանի: Գոնե սպանության գործերում չի կարելի օրենքն այդքան արհամարհել: Եթե հանրային վայրում, կրակահերթերով, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով մարդ են սպանել, ապա տարրական բարոյականությունը պահանջում է, որ մեղավորները կալանավորվեն եւ պատժվեն (եթե, իհարկե, մեղքն ապացուցվում է): ՀՀ իրավապահները «Ֆազ» մականունով գողականի սպանության մեջ մեղադրվող «Չաղ Ռուստամ» անունով հեղինակությանն օրերս ազատ արձակեցին` թքելով արդարադատության վրա: Օրեր առաջ ազատ արձակվեց նաեւ նորատուսցի հայտնի Բանդուրյանների որդին, որը մեղադրվում էր Սեւանի ավագանու անդամի սպանության գործով: Փոխարենը արդեն մոտ երկու տարի է՝ կալանավորված է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանը, որի մեղքը չի հաստատվել եւ չի էլ հաստատվի, որովհետեւ հորինված քաղաքական մեղադրանք է նրան առաջադրվել:
Պարբերաբար կասկածելի մեղադրանքներով կալանավորում են պատերազմի մեկ այլ մասնակցի` գեներալ Տիրան Խաչատրյանին: Մեկ տարի բանտային, ապա մոտ մեկ տարի տնային կալանք է կրում քաղաքական գործիչ, կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանը, որին մեղադրում են տնտեսական հանցագործության մեջ, բայց դատարանը չի կարողանում մեղադրական դատավճիռ արձակել: Տնային մեկամյա կալանքի է դատապարտվել զոհված հերոսի հայրը` Գարիկ Գալեյանը: Իսկ մարդու կյանք խլած գողականներն ազատության մեջ են: Այս դատավճիռներն ու խափանման միջոցներն ընտրած իրավաբաններին դաժան պատիժ է սպասվում` չի կարելի խախտել արդարության եւ բարոյականության տարրական նորմերը:
Կարծիքներ