Հարգելի նախագահներ, կարճ ժամանակով մի կողմ դրեք ձեր ամբիցիաները

Հարգելի նախագահներ, կարճ ժամանակով մի կողմ դրեք ձեր ամբիցիաները

Ազգովի նստած լիդեր ենք փնտրում, սրան պոչ կպցնում, նրան պոզ դնում, ոչ մեկին չենք հավանում: Մեկը նախկին է, մյուսը թույլ, երրորդը հարմար պահին թռնող: Մնացել ենք անտեր, ոչ մեկի վրա չենք կարողանում պատասխանատվություն դնել: Բայց դե մենք ենք մեղավոր, նստած մտածում ենք՝ ում կսազի էդ կոստյումը, ում հագով կլինի, փոխանակ մտածենք թե ինչ պիտի անի, ինչ խնդիրներ լուծի այդ աթոռին նստած մարդը: Այ հիմա ազգովին եկեք կազմենք այդ ցանկը, ի՞նչ ենք ուզում մենք հաջորդ ղեկավարից ասենք 2 տարվա կտրվածքով։

Ուզում ենք ուժեղ բանակցող լինի՞, թե՞ ուզում ենք, որ ուժեղ տնտեսություն կառուցի, իսկ գուցե ուզում ենք արդարադատության մարտի՞կ լինի, որը կտա տանուլ տված պատերազմի մեղավորների ցանկը, հնարավոր է՝ ուզում ենք խաղաղության աղավնի լինի, ով ամեն գնով կբացի սահմանները և մոռացնել կտա զոհերի և կորուստների ցավը: Ի վերջո, մենք կարո՞ղ ենք հստակ ձևակերպել, թե ինչ ապագա ենք ուզում, գոնե կարճաժամկետ։ 

Հիմա, օրինակ, շարժման առաջնորդները վախենում են հստակեցնել, թե ով է հավանական ղեկավարը հաջողության հասնելու դեպքում, այն պարզ պատճառով, որ հենց անուն տվեցին մի մասն ասելու է՝ մեզ ձեռ չի տալիս, մենք գնացինք տներով: Բայց եթե մի պահ մտածենք, որ այդ ղեկավարը հավերժ չի, որ չի գալու մի տասը տարով, որ անցումային տարբերակ է լինելու՝ մնացած առաջնորդների հետ համատեղ աշխատող, որ տարբեր ուժերից կազմված երբեմն անգամ անհամատեղելի կառավարություն է ձևավորվելու, որ լինելու են ընտրություններ, գուցե ավելի հե՞շտ ընտրենք այդ մարդուն, ավելի հեշտ հասկանանք, թե ով կկարողանա իրականացնել իր վրա դրված ծանր առաքելությունը: 

Ասում են՝ հիմա Դիմադրության ամբողջ գործընթացը ղեկավարում է Իշխան Սաղաթելյանը, առաջին հայացքից թվում է, թե մնացածը դեմ չեն այս իրավիճակին, բայց մեկ է՝ շշուկներ են, թե Իշխանը վարչապետ չի կարող լինել, իսկ ինչո՞ւ չի կարող՝  Եթե Իշխանի հետ կառավարություն կազմեն, բոլոր ուժերը փոխվարչապետեր և նախարարներ նշանակվեն, մի կարճ ժամանակով մի կողմ դնեն ամբիցիաները, չասեն՝ մենք նախագահ ենք եղել, հիմա ո՞նց գնանք ուրիշի ենթակա, ինչպես արեցին Ազգային ժողովի մանդատի հետ, հնարավոր է, որ այս ամենը հաջողի, գոնե մի քանի տարվա կտրվածքով, գոնե այս պահին առկա խնդիրների մասով: 

Մի խոսքով, պարոնայք նախագահներ, եկեք վերջացրեք ձեր վազքը՝ իրար հետևից հրապարակ գնալու, դիրքեր ամրապնդելու ու աչոկ հավաքելու փորձերը: 

Մի կարճ ժամանակ համախմբվեք, մի կողմ թողեք ձեր ուռճացված ինքնասիրությունները ու երկրին շանս տվեք: Թե չէ հոգնել ենք՝ էս մի փոքրիկ երկրի ղեկավարի դերին այնքան մարդ է հավակնում, ինչքան ԱՄՆ-ում չի հավակնում, դա երանելի պաշտոն չի այլ ծանր առաքելություն: