«Ժողովուրդ». Արտակարգ դրությունը կարող են երկարաձգել 30 օրով

 «Ժողովուրդ». Արտակարգ դրությունը կարող են երկարաձգել 30 օրով

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Չնայած ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում չբացառեց, որ արտակարգ դրությունը կարող է ավարտվել սահմանված ժամկետից՝ ապրիլի 14-ից շուտ, սակայն երեկ էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի փոքր այլ կարծիք հայտնեց:

Մասնավորապես, կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ, կոնորավիրուսի հետ կապված, իրավիճակը կարող է տեւել շատ ավելի երկար, քան ի սկզբանե սպասվում էր կամ կանխատեսվում:


«Այդ առումով մենք պետք է որոշակի պատկերացումներ ձեւավորենք, թե ինչպես ենք կազմակերպելու կյանքը մեր հանրապետությունում: Ընդհանուր տրամաբանությունը եւ ռազմավարությունը պետք է լինի հետեւյալը, որ կորոնավիրուսի սահմանափակման պայմաններում մենք պետք է գտնենք եւ ձեւավորենք, այսպես ասած, ազատ եւ անվտանգ տարածքներ, որտեղ կարող ենք համեմատական անվտանգության պայմաններում մեր կյանքը կազմակերպել, իհարկե, հընթացս նաեւ հետեւելով իրադարձություններին», – ասաց Փաշինյանը:

Վարչապետի այս հայտարարությունը կարող է երկիմաստ ընկալվել՝ կա՛մ խոսքը պարզապես կորոնավիրուսային իրավիճակին է վերաբերում, կա՛մ էլ հենց արտակարգ դրությանը:

Ամեն դեպքում, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է, թե որքան կարող է տեւել արտակարգ դրության գործողության ժամկետը: «Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը»,-ասվում է հոդվածում:

Միեւնույն ժամանակ, եթե նշված ժամկետների ընթացքում չեն վերացել այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրություն հայտարարելու համար, արտակարգ դրության ժամկետը կարող է երկարաձգվել նախագահի հրամանագրով` սույն օրենքով արտակարգ դրություն հայտարարելու համար սահմանված կարգով եւ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները չգերազանցող ժամկետներով:

Այսինքն՝ արտակարգ դրության ավարտից հետո այդ ժամկետը կարող է կրկին երկարաձգվել, եւ կրկին՝ 30-օրով»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում